ԵՄ անդամ 14 երկիր որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս դիվանագետների: Ստացվում է` ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, եւ դրանում ներգրավվում է նաեւ Եվրամիությունը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:
-Պարո՛ն Ֆարմանյան, ԵՄ անդամ 14 երկիր պատրաստվում է արտաքսել ՌԴ դեսպաններին: Ըստ Ձեզ` ինչի՞ կարող են հանգեցնել այս իրավիճակը ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերությունների համատեքստում:
-Իմ կարծիքով, սա կախված է այն հագամանքից, թե ինչ շարունակություն կունենա: Բայց որքան ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները լինեն կայուն, եւ առճակատումը լուրջ հետեւանքներ չունենա, այնքան ավելի կանխատեսելի կլինեն աշխարհաքաղաքական զարգացումները:
-Մեր երկրի վրա ի՞նչ ազդեցություն կարող է լինել, քանի որ մի կողմից` ԵԱՏՄ անդամ ենք, մյուս կողմից` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեցինք:
-Մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված` մեզ համար լավագույնն այն միջավայրն է, որտեղ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարթ են ընթանում: Նման առճակատումները չեն կարող բխել ՀՀ շահերից, թեեւ մենք այդ դեպքում զրոյական ազդեցություն ունենք:
-Իսկ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ի՞նչ դրսեւորումներ են հնարավոր:
-Ղաբաղյան խնդիրը, բարեբախտաբար, մնում է կարգավորման տեսանկյունից այն միակ ձեւաչափը, որում մենք ՌԴ-ԱՄՆ համադրված աշխատանք ենք տեսնում: Եվ ես հուսով եմ, որ այդ առճակատումն ինչպիսի շարունակություն էլ ունենա, կասկածի տակ չի դնի այդ պետությունների ներգրավվածությունն այդ գործընթացում:
-Այս պայմաններում ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարվի մեր երկրի կողմից:
-ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես իր շահերով, իսկ դա նշանակում է` շարունակել մեր ներգրավվածությունը ուժային բոլոր կենտրոնների միջեւ` ելնելով մեր առաջնահերթություններից: Եվ մենք ցանկություն ունենք, որ այդ առճակատումները դիվանագիտական ճանապարհով ունենան իրենց հանգուցալուծումը: