Սերժ Սարգսյանը` քաղաքական դեգերումների մեջ. ինչով առանձնացավ 10-ը տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տասը տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընթացել է վայրիվերումներով:

2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը /հիշում եք՝ ընտրակեղծիքներով, մարտի 1-ի սպանդի արդյունքում/, միջազգային հանրության մոտ հույսեր կային, թե նա կլուծի Ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ կկարգավորի հայ-թուրքական հարաբերությունները: Մինչ այդ նա հոգացել էր միջազգային հանրության մոտ, ուժային կենտրոններում թողնել խաղաղարարի, խնդիրները լուծելու պատրաստակամություն ունեցողի տպավորություն: Դրա համար նրան ներվեց մարտի 1-ի գնով իշխանության ղեկին հայտնվելու փաստը: Սարգսյանն այս խաղաթուղթն օգտագործեց, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նա, այսպես ասած, «քաշեց» նույն այդ միջազգային հանրությանը:

Նախ հայ-թուրքական ձախողված ֆուտբոլային դիվանագիտության մասին: 2009 թվականի հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սարգսյանն իր վարած ֆուտբոլային դիվանագիտությամբ հույս ուներ կարգավորելու այդ հարաբերությունները, սակայն նա չուզեց հաշվի առնել ամենաէական փաստը. առանց ԼՂ խնդրի լուծման Թուրքիան երբեք ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլ չի անի, որքան էլ պնդեն, թե բանակցում են առանց նախապայմանների: Եւ ժամանակը ցույց տվեց, որ ֆուտբոլային դիվանագիտությունն անիմաստ էր:

Թուրքիան համաձայնեց գնալ այս քայլին միայն ձեւականորեն: Վառ ապացույցն այն էր, որ ստորագրումից գրեթե տասը տարի անց` այս տարվա մարտի 1-ին, Սերժ Սարգսյանը հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց այդ արձանագրությունները չեղարկելու մասին, քանի որ Թուրքիայի կողմից այդպես էլ պայմանավորվածությունները չկատարվեցին: Այսպիսով` Սարգսյանի հաշվարկները ճիշտ դուրս չեկան, պարզապես որոշ ժամանակով նրա շուրջ դրական շղարշ ստեղծվեց: Եվ պարզ դարձավ, որ այս նախաձեռնությունն էլ ձախողվեց: Այս քաղաքականության արդյունքում ստացվեց, որ մեր երկիրն իրականում Թուրքիայի առջեւ խնդրողի, այլ ոչ թե պահանջողի ու պահանջատերի կարգավիճակում հանդես եկավ: Հետագայում Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը փորձեց հանդես գալ պահանջատիրող կարգավիճակում, բայց այլեւս անիմաստ:

Ղարաբաղյան խնդրում եւս Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներն առանձնապես չփայլեցին հայկական կողմի ձեռքբերումներով: Ընդհակառակը, 2008թ. սկսած Սարգսյանը շարունակեց նախորդի` Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը` շարժվելով ստատուս քվոն հնարավորինս երկարաձգելու փիլիսոփայությամբ, արմատավորելով «ոչ մի թիզ հող» գաղափարը` մյուս կողմից, այնուամենայնիվ, բանակցելով փոխզիջումների շուրջ: Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվեց միջազգային տարբեր փաստաթղթերում ամրագրել ոչ հայանպաստ դրույթներ: Բացի այդ` մշտապես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելով` միջազգային հանրությունն ըստ էության նույնացնում էր կողմերին. փաստ, որը այնքան էլ արդար չէր:

Իսկ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ ճշմարիտ էր թեզը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, եւ որ ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը չի կարող երկար շարունակվել: Պարզապես, որպեսզի իշխանությունները համոզվեին այս ամենում, թանկ գին վճարեցինք՝ հարյուրից ավելի զոհեր եւ կորցված 800 հեկտար տարածք:

Դրանից հետո, իհարկե, Սերժ Սարգսյանը կտրուկ փոխեց Ղարաբաղյան խնդրում հայկական կողմի փիլիսոփայությունն ու մոտեցումները. նա հիմա բացահայտ խոսում է խնդրի լուծման անհրաժեշտության մասին, խոսում փոխզիջումներից, դրանց «ցավալի լինելուց», բայց եւ շեշտելով, որ Ադրբեջանն է իր պահվածքով տորպեդահարում գործընթացը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ վերջին երկու տարիների ընթացքում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը էապես բարելավվեցին: Ու հիմա Ադրբեջանն է միջազգային հանրության քննադատության թիրախում. ասվածի ապացույցն ամիսներ առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, համանախագահ երկրների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատություններն էին հրադադարի ռեժիմի խախտման համար:

Սերժ Սարգսյանը 4-5 տարի բանակցում էր Եվրամիության գործընկերների հետ` ԵՄ անդամ դառնալու հույսով: Սակայն ինչպես հիշում ենք` շատ հանկարծակի նա 2013թ. սեպտեմբերին հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սարգսյանը Մինսկում ստորագրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Մի գիշերում ընդունված որոշումը շատերի կողմից ընդունվեց ոչ միանշանակ: Թեեւ ավելի ուշ Սարգսյանը պնդում էր, թե որոշումը մի գիշերում չի ընդունվել, որ այդ կարծիքն իր համար ծիծաղելի է: Իսկ ընդդիմադիրներից եւ հանրությունից ոչ պակաս զարմացած ՀՀԿ-ականները փորձում էին արդարացնել որոշումը` վկայակոչելով անվտանգության խնդիրը, հետո արդեն ԵՏՄ 180 միլիոնանոց շուկան եւ այլն: Ս. Սարգսյանի այդ որոշումից հետո ԵՄ պաշտոնյաները պնդում էին՝ Հայաստանն անվստահելի գործընկեր է եւ այլն: ԵՏՄ անդամ դառնալուց միայն 4 տարի անց Սարգսյանը կարծես թե փորձեց սրբագրել սխալները եւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը:

Իհարկե, այլ իշխանության դեպքում հնարավոր էր ժամանակին երկու կողմերի հետ էլ բանակցել, իսկ Սարգսյանին այդ չհաջողվեց: Եվ ԵՄ-ին անդամակցությունը կոտրված բաժակը մի կերպ հավաքելու նման մի բան էր: Սակայն իշխանությունը դեռ շատ քայլեր պետք է իրականացնի, որպեսզի ԵՄ համաձայնագրում առկա դրույթները լիարժեք սկսեն գործել:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս