Տխուր պատկեր. երբ կառավարության կողմից խոստացվածի գոնե կեսը չի կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Պատկերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, եւ հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ապահովել խոստացած չափի ներդրումներ:

Եւ այսպես` ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 93 մլրդ 43.9 մլն դրամ /193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն: Ասել է, թե ներդրումներն աճել են 30.3 մլրդ դրամով:

Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականին` ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակում հայտարարել էր 2017թ. 50 մլն դոլար օտարերկրյա ներդրումների մասին: Դրանից հետո այս տարվա սկզբին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հաշվետվություն հրապարակեց, թե 2017 թվականին նախատեսված է եղել կատարել 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծել 7300 աշխատատեղ, սակայն կատարվել է 506 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվել 5200 աշխատատեղ:

Միայն թե ԱՎԾ ցուցանիշները վկայում են հակառակի մասին՝ օտարերկրյա ներդրումներն անգամ կառավարության խոստացած ցուցանիշի կեսին չեն հասել: Ասել է, թե կառավարությունը չի կատարել խոստումը: Իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի սրա պատասխանը. ժամանակին շտապել էր պարզաբանել, թե խոստացածն ամենեւին էլ օտարերկրյա ներդրումների մասին չի եղել, այլ որ ինքը նաեւ պետական ու մասնավոր ծրագրերով իրականացված ներդրումներն է նկատի ունեցել, ավելին՝ կառավարությունը ներդրումներ սկսեց հաշվել անգամ վարկային միջոցները, բյուջեից հատկացված միջոցները, համայնքային դրամաշնորհները: Մինչդեռ, նկատենք, ԱՎԾ-ն իր հաշվարկներն անում է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների համաձայն:

Հիմա դիտարկենք, թե որ երկրներից են եղել ներդրումների զուտ հոսքերը: Առաջին տեղում Լյուքսեմբուրգն է, որից ուղղակի ներդրումները, 2016-ի համեմատ, նախորդ տարի նվազել են 21, 891, 2 մլն դրամով: Եթե 2016 թվականին Լյուքսեմբուրգից ընդամենը ներդրումները կազմել են 48, 399,3 մլն դրամ, ապա նախորդ տարի 2, 890,1 մլն դրամի ներդրում է եղել: Ներդրումների ծավալով երկրորդը Կիպրոսն է: Այս երկրից ուղղակի ներդրումները նախորդ տարի` 2016-ի համեմատ, նվազել են 36,060, 5 մլն դրամով: 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում տեղակայված Միացյալ Թագավորությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնպես ներդրումների ծավալը նվազել է:

Փոխարենը կտրուկ աճել են ներդրումները օֆշորային Ջերսի կղզուց. այս երկրից նախորդ տարի ՀՀ ուղղակի ներդրումները կազմել են 107, 888,2 մլն դրամ: Իհարկե, սա ներդրումների փոքր ծավալ չէ, սակայն հարցն այն է, որ սա հանքարդյունաբերական ոլորտում՝ Ամուլսարում, Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության կատարած ներդրումն է: Մասնավորապես Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվում է այս ընկերության կողմից եւ ներդրումներն էլ հանքի համար են արվել` չնայած այդ հատվածում առկա եւ տարիներ շարունակ բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների: Ընդ որում, Ամուլսարի ոսկու հանքում ներդրումները շատ վաղուց էին ծրագրված եւ իրականցվում են փուլ առ փուլ: Ասել է, թե դրանք այնքան էլ կապ չունեն Կարեն Կարապետյանի կառավարության հետ:

Մեկ ուշագրավ փաստ եւս. բավական տխուր վիճակում են ՌԴ-ից արված ներդրումները: Նախորդ տարի շարունակվել է գումարի արտահոսքը. ռուսական կապիտալի արտահոսքը 2017թ. կազմել է 12 մլրդ դրամ:

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայից եկած վարչապետ ունենք, ով 2017 թվականին բացեց Հայաստանի ներդրողների ակումբը, որի միջոցով պետք է ներդրումներ ներգրավվեին դեպի մեր երկիր: Հանուն արդարության նշենք, որ, օրինակ, Գերմանիայի պարագայում ցուցանիշը բավական դրական է` հակառակ 2016 թվականի, երբ ուղղակի ներդրումները, 2015-ի համեմատ, նվազել էին` կազմելով 571,0 մլն դրամ, նախորդ տարի ուղղակի ներդրումներն աճել են` հասնելով 14,990 մլն դրամի: Մեկ հատկանշական փաստ եւս. մեր երկրում օտարերկյա ներդրումների հիմնական մասն ուղղվում է հանքարդյունաբերությանը, օրինակ` մետաղական հանքաքարի արդյունահանման համար ուղղակի ներդրումները կազմել են 2,9 մլրդ դրամ, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այլ ճյուղերի ուղղվել է ուղղակի ներդրումներից 13,1 մլրդ դրամ, հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության համար` ուղղակի ներդրումներից 107,9 մլրդ դրամ, հիմնային մետաղների արտադրությանը` 6,855 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Այս տխուր պատկերն, իհարկե, միայն Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրրը չէ:

Ներդրումների առումով լավատեսական խոսքեր միայն վարչապետը չէ, որ հնչեցրել է: Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, թե Մոսկվան եւ Երեւանը մշակում են ճանապարհային քարտեզ` համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում նախագծեր իրականացնելու համար: Սարգսյանը հպարտացել էր ԵԱՏՄ ցուցանիշներով` շեշտելով, որ այդ միություն մտնելուց հետո զարգանում է մեր երկրի տնտեսությունը` հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասով: Սակայն խնդիրն այն է, որ ստեղծվող զանազան ակումբներն ու հիմնադրամներն այդպես էլ չեն նպաստում տնտեսության աշխուժացմանը, մասնավորապես ներդրումների իրական, զգալի ավելացմանը:

Մեր Մարտիրոսյան




Լրահոս