4 օրից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը, ասել է, թե ԲԴԽ-ն առաջիկայում դատարանների նախագահների պաշտոնից ազատման կամ նշանակման հարցն է բարձրացնելու: Ավելին` այս փոփոխությունների արդյունքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչը դատական համակարգում տեսականորեն չեն բացառում:
Դատավորները սպասողական վիճակում
Եվ այսպես` ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցնում է իր գործառույթների իրականացմանը, որից հետո երեք ամսվա ընթացքում, ըստ դատական օրենսգրքի 89 հոդվածի համաձայն՝
1.Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2.Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ` առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3.Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4.Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
5.Լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը:
Ավելին` բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների մեջ է մտնում դատական դեպարտամենտի նախագահի, ինչպես նաեւ դատական կարգադրիչների ծառայության պետի փոփոխության հարցը: Ասել է, թե դատական համակարգում բոլորը շունչները պահած սպասում են, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում, արդյո՞ք իրենք կշարունակեն պաշտոնավարել, թե՞ պարզապես կլքեն իրենց պաշտոնը:
Ու մինչ դատավորները շունչները պահած սպասում են, դատական համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնը լքելու շուրջ խոսակցությունները լայն թափ են ստանում: Մասնավորապես ըստ մեզ հասած տեղեկությունների` դատական համակարգում չեն դադարում խոսակցությունները, որ Արման Մկրտումյանին կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Դատական համակարգում վերջինիս նշանակումը տեսականորեն չեն բացառում` նշելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու համար պետք է լինել դատավոր: Ուստի դատական համակարգում, ըստ տարածված խոսակցությունների, միգուցե առաջին փուլով Տիգրան Մուկուչյանին նշանակեն շարքային դատավոր, որից հետո էլ նա կնշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Նկատենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանում մեկ դատավորի թափուր հաստիք կա: Բանն այն է, որ Ելենա Սողոմոնյանը գնաց թոշակի, եւ նրա տեղը թափուր է մնացել: Մեզ հայտնի դարձավ, որ ամենյան հավանականությամբ նրա տեղը դատավոր կնշանակվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը: Դե, իսկ Մուկուչյանը, ինքներդ գիտեք, այս տարիներին ինչպիսի անուրանալի ծառայություններ է մատուցել իշխանություններին՝ շարունակելով մնալ գլխավոր թվանկարիչը: Եւ նրա այս ծառայությունների համար Սերժ Սարգսյանը պաշտոնական առաջխաղացման է տանելու:
Տիգրան Մուկուչյանը` իր նշանակման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, հունվարի 25-ից մենք նոր դատական համակարգ ունենք, Դուք 2005-2007 թվականներին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ եք եղել, 2008-2010 թվականներին` ՀՀ վարչական դատարանի նախագահ: 2010 թվականին նշանակվել եք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ: Ի՞նչ կարծիք ունեք մեր նոր դատական համակարգի մասին` որպես նախկին դատական համակագի ներկայացուցիչ:
-Ես այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն եմ, հետեւաբար որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գործառույթների տիրույթից, հետեւաբար ես որեւէ հարցի վերաբերյալ ե՛ւ ինձ կոմպետենտ, ե՛ւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել:
-Բայց Ձեզ կրկին ցանկանում են տանել դատական համակարգ, մասնավորապես նշանակել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Ձեզ հետ այդ մասին խոսե՞լ են:
-Ներողություն, ես այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժաղովի նախագահ եմ եւ շարունակում եմ իրականացնել իր գործառույթները:
-Ձեզ հետ այդ մասին չեն խոսել, առաջարկ չեն արել, ցանկութուն ունե՞ք կրկին վերադառնալ անցյալ` կրկին հայտնվելով դատական համակարգ:
-Ես ամբողջական Ձեր հարցերին պատասխանեցի, շնորհակալությո՛ւն:
զրուցեց Քնար Մանուկյանը