Ահա և վերջ. Կարեն Կարապետյանի դրայվի ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունը հրաժարական կտա, հետեւաբար վարչապետն էլ կդառնա ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ որ Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի: Թեկուզ ոչ պաշտոնապես, բայց պարզ է, որ Կարեն Կարապետյանը վերջնականապես հրաժեշտ կտա վարչապետի աթոռին` փոխարենը զբաղեցնելով առաջին փոխվարչապետի աթոռը: Մինչ այդ, ամփոփենք Կարապետյանի պաշտոնավարման մեկուկես տարիները:

Նա եկավ Մոսկվայից: Վարչապետի պաշտոնը ստանձնեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Եվ այդ օրվանից դրայվը սկսվեց: Հմայիչ արտաքինով, թանկարժեք կոստյումով եւ ժիլետով վարչապետը միանգամից դարձավ շատ կանանց եւ աղջիկների հիացմունքի օբյեկտը: Վարչապետը մնացած պաշտոնյաներից տարբերվեց նաեւ իր ժիլետով, որը երեւում էր, երբ նա գրեթե ցանկացած քննարկման ժամանակ հանում էր թանկարժեք պիջակն ու գցում աթոռի թիկունքին: Իսկ էմոցիոնալ շարժուձեւը եւ մեղմ ժպիտը ամբողջացնում էին նորաթուխ վարչապետի գրավիչ իմիջը: Նրա նշանակման իրական նպատակը խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխությունների իմիտացիա ստեղծելն էր, ու թեեւ Կարապետյանը չգլխավորեց ՀՀԿ նախընտրական ցուցակը, քանի որ չէր համապատասխանում Սահմանադրությամբ նշված չափանիշներին (չորս տարի շարունակ չէր բնակվել ՀՀ-ում), բայց նրա ուսերին դրվեց քարոզարշավն առաջնորդելու բեռը: Դժվար է ասել՝ որքանո՞վ նրան հաջողվեց. արտաքին էֆեկտը պահպանված էր իր ժիլետի, լայն ժպիտի եւ արտաքին մյուս էֆեկտների հաշվին, բայց եւ փաստ է, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցավ ոչ այնքան Կարապետյանի անձը, որքան 10 հազարական դրամ ընտրակաշառքը, որ գետի նման հոսում էր որոշ թեկնածուների շտաբներից: Այսինքն՝ ՀՀԿ-ական թեկնածուներին մարդիկ ավելի շատ ընտրեցին փողի, ոչ թե Կարապետյանի խաթեր:

Նկատենք նաեւ, որ Կարապետյանն իր պաշտոնավարման մեկուկես տարիների ընթացքում այդպես էլ որեւէ քաղաքական միտք չարտաբերեց՝ ո՛չ ներքաղաքական իրադարձությունների, ո՛չ էլ ԼՂ խնդրի մասով: Նա ակնհայտ հեռու էր իրեն պահում այս ամենից, թեեւ ոչ վաղ անցյալում ինքն էլ էր խորապես համոզված, որ ապրիլի 9-ից հետո էլ է լինելու վարչապետ` դառնալով պետության ղեկավար: Պատահական չէ, որ նշանակումից երեք ամիս անց արդեն հայտարարում էր, թե կուզի մնալ վարչապետի պաշտոնին: Նա մի քանի անգամ ասել էր, որ ցանկություն ունի եւ պատրաստ է 2018թ. լինել վարչապետ, նաեւ հավելել էր, որ մինչ այդ կհամապատասխանի Սահմանադրությամբ կառավարության ղեկավարի համար սահմանված չափանիշներին. խոսքը վերջին 5 տարում մշտական բնակության ցենզի մասին է:

Խոսենք նաեւ վարչապետի բովանդակային որոշումների մասին. նախորդ տարվա մարտի 29-ին` դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ, Կարապետյանը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է համայնքի զարգացման ծրագիր ներկայացնեն: Ավելի ուշ համայնքի ղեկավարները հերթով սկսեցին ներկայացնել իրենց մշակած զարգացման ծրագրերը: Կարեն Կարապետյանի մեկուկես տարվա վարչապետության ընթացքում հիմնվեց նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամը, «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ը վերանվանվեց «Բիզնես Արմենիա»` շարունակելով բիզնես գործունեությունը: Հիմնվեց նաեւ «Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը: Իրականում այդ հիմնադրամները որեւէ լուրջ օգուտ այդպես էլ չեն տվել, փոխարենը ահռելի բեռ են պետության վրա. հսկայածավալ գումարներ են հատկացվում այդ հիմնադրամների ղեկավարների «էլիտար հաճույքների» համար` փոխարենը չստանալով ոչինչ:
Վարչապետի համար առաջնահերթություններից էր նաեւ ներդրումների ներգրավումը: Եվ հենց այս պատճառով գրեթե յուրաքանչյուր այցելվող երկրում Կարապետյանը Հայաստանում ներդրումներ կատարելու հորդորով ու կոչով էր դիմում գործարարներին: Նշենք նաեւ, որ ի տարբերություն նախորդ վարչապետների` Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի, Կարապետյանին հաջողվեց, այսպես ասած, դրական թվեր նկարել: Բայց միայն նկարել` հաշվարկի սեփական մեթոդաբանությամբ անտեսելով միջազգայնորեն ընդունված տարբերակները եւ մանիպուլացնելով հասարակությանը /ի դեպ, կարապետյանական մեթոդաբանությամբ նախորդ երկու վարչապետների ժամանակ ներդրումները ավելի մեծ էին:

Կարապետյանին հաջողվեց նաեւ տնտեսական աճ արձանագրել 2017թ. յոթ տոկոսի չափով, եւ իշխանությունները պնդում էին, թե տեւական ժամանակ տնտեսության մեջ նման արդյունք չի եղել: Բայց սա ոչ այնքան Կարապետյանի շնորհիվ էր, որքան որ ահավոր ցածր էր նախորդող տարվա հաշվարկի բազան. 2016թ. 0.5 տոկոս աճի ֆոնին տնտեսության մեջ ցանկացած տեղաշարժ երեւալու էր որպես մեծ աճ: Առավել եւս, երբ նախորդ տարվա 0.5 տոկոս աճը արհեստական էր. հանկարծ տարվա կեսից կտրուկ նվազեցրին ցուցանիշները, որպեսզի կառավարության կառուցվածքի փոփոխությունների հիմք լինեն:

Հանուն արդարության արձանագրենք՝ Հայաստանում այնպիսի համակարգ է ձեւավորվել, որ անկախ վարչապետի անձից` դժվար է փոփոխություններ արձանագրելն ու արդյունքներ գրանցելը: Ի վերջո, Հայաստանի տնտեսական խնդիրների պաճառները քաղաքական են, հետեւաբար՝ քաղաքական են նաեւ լուծումները: Բայց արի ու տես, որ իշխանությունները չեն գնում այդ քաղաքական լուծումներին. ի վերջո, իշխանական բուրգի գլխում Սերժ Սարգսյանն է` այս համակարգի ճարտարապետն ու հովանավորը, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, իշխանական այս համակարգի պայմաններում Կարեն Կարապետյանից ի սկզբանե մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ, եւ ովքեր ունեին, խանդավառված էին նրա նշանակմամբ, կես տարի անց ուղղակի հիասթափվեցին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս