«Սլավմեդ» ԲԿ-ում հաստ աղիքի քաղցկեղը կարելի է կանխել դեռեւս պոլիպների փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրվել է լապարոսկոպիկ օնկոկոլոպրոկտոլոգիան: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կենտրոնի կոլոպրոլտոլոգ Լեւոն Գրիգորյանը:

Լեւոն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում կոլորեկտալ քաղցկեղը առաջնային քաղցկեղների շարքում կրծքագեղձի եւ թոքերի քաղցկեղից հետո երրորդ տեղում է: Վերապրելիությամբ չորրորդն է՝ զիջելով նաեւ ստամոքսի քաղցկեղին:

«Ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակների՝ հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունները հասանելի են ու անչափ տեղեկատվական, եւ հետեւողական ու բուժման ճիշտ պլանի մշակման դեպքում հաստ աղիքի քաղցկեղը կարելի է կանխել դեռեւս պոլիպների փուլում, քանի որ հաստ աղիքի քաղցկեղի են վերածվում գերակշիռ մեծամասնությամբ չարորակ պոլիպները», – ասաց նա:

Ի պատասխան հարցին՝ արդյոք մի՞շտ է հաստ աղիքի քաղցկեղի վիրահատությունն ավարտվում կոլոստոմայի տեղադրմամբ, եւ հիվանդը ստիպված է կղանքաընդունիչով ապրել, բժիշկը նշեց, որ եթե քաղցկեղը վաղ փուլում է հայտնաբերվել եւ աղիքային անանցանելիություն, աղիների լայնացում, բորբոքային պրոցեսներ չկան, ապա կոլոստոմայի անհրաժեշտություն չի առաջանում:

Բայց երբ հիվանդը բժշկին է դիմում արդեն անանցանելիությամբ, լցված եւ լարված աղիներով, ինֆեկցիայով, ապա անհրաժեշտ է կոլոստոմա տեղադրել: Դա կարող է ժամանակավոր բնույթ ունենալ, որպեսզի աղիները հանգստացնի եւ բարենպաստ պայմաններ ստեղծի աղեստամոքսային համակարգի ամբողջականության վերականգնման համար: Պատահում է նաև ուռուցքների այնպիսի տեղայնացում, երբ հետանցքն ամբողջությամբ հեռացվում է, եւ այդ դեպքում տեղադրվում է մշտական կոլոստոմա:

Ինչպես նշեց Լեւոն Գրիգորյանը, հաստ աղիքի աջ կեսի քաղցկեղը երկար ժամանակ կարող է զարգանալ առանց ախտանշանների եւ մարդուն ոչ մի կերպ չանհանգստացնել, ու ախտորոշվի արդեն բավական տարածված վիճակում: Ձախ կողմի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում ախտանշանները շատ ավելի վաղ են ի հայտ գալիս:

Հիվանդի բողոքները կարող են ընդհանուր բնույթի լինել՝ կապված ուռուցքային ինտոքսիկացիայով.

ընդհանուր թուլություն
արագ ուժասպառություն
ախորժակի բացակայություն
այլ գործոնների հետ չկապված քաշի նվազում
ոչ բարձր ջերմություն՝ 37-37,2 աստիճան
մարսողության խանգարում, սրտխառնոց
Կարող են լինել նաեւ սպեցիֆիկ բողոքներ.

աղիների խանգարում՝ փորկապություն, փորլուծություն
կղանքում լորձի եւ արյան առկայություն
ցավ որովայնի խոռոչում:
Բժշկի խոսքով, ոչ միշտ է ցավը քաղցկեղի առաջին ախտանշանը, եւ այն ոչ միշտ է այնքան ուժգին լինում, որ հիվանդն անմիջապես բժշկի դիմի:

Կոլորեկտալ քաղցկեղի ախտանշանները լինում են նաեւ սուր ու քրոնիկական:

«Սուր ախտանշանները լինում են հիվանդության զարգացման ուշ փուլերում, եւ մեծ մասամբ արագ միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Սուր ախտանշաններից են, օրինակ, աղիքային սուր անանցանելիությունը, որն առաջանում է, երբ ուռուցքը փակում է աղիքի լուսանցքը: Կամ արյունահոսություններ ուռուցքի քայքայման հետեւանքով: Պերիտոնիտ (որովայնաթաղանթի բորբոքում), որն առաջանում է աղիների թափածակման հետեւանքով: Այս բոլոր վիճակները անհետաձգելի շտապ օգնություն են պահանջում, սակայն ոչ միշտ է այս օգնությունը համարժեք լինում, եւ ոչ միշտ է վիրահատությունը կատարվում ամբողջ ծավալով, որն ահնրաժեշտ է կոնկրետ քաղցկեղի բուժման համար», – ասաց նա:

Այս պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս վիճակը չհասցնել մինչեւ սուր ախտանշաններ եւ նվազագույն կասկածի դեպքում բժշկի դիմել:

Բժշկի խոսքով՝ կոլորեկտալ քաղցկեղի ախտորոշման ոսկե ստանդարտը կոլոնոսկոպիան է՝ հաստ աղիքի էնդոսկոպիկ, ներքին զննում: Այս հետազոտության ժամանակ հետանցքով աղիքի մեջ է մտցվում ծայրին լույս եւ խցիկ ունեցող առաձգական զոնդ:

Ինչպես հավելեց Լեւոն Գրիգորյանը, ախտորոշումայինից բացի, կոլոնոսկոպիան նաեւ բուժական մեթոդ է: Օրինակ՝ եթե զննման ժամանակ քաղցկեղի կասկած կա, ապա բիոպսիա է կատարվում եւ լաբորատոր հետազոտության համար նյութ վերցվում: Պոլիպների՝ աղիների լորձաթաղանթի բարորակ գոյացությունների հայտնաբերման դեպքում դրանք հեռացվում են անմիջապես կոլոնոսկոպիայի ժամանակ:

Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ՝ 0-1 փուլում, ապա այն կարելի է հեռացնել էնդոսկոպիկ մեթոդով, ապահովելով բավականին լավ արդյունքներ:

Եթե խոսքը 2-3-րդ փուլում գտնվող հաստ աղիքի քաղցկեղի մասին է, ապա այս դեպքում կատարվում է ծավալուն վիրահատություն (լապարոսկոպիկ կամ բաց) ավշային հանգույցների հեռացմամբ, որոնք դրենավորում են տվյալ հատվածը: Վիրահատությունից հետո պատրաստուկը նույնպես հետազոտության է ուղարկվում ճշգրիտ փուլը եւ բուժման հետագա ռազմավարությունը որոշելու համար, այսինքն՝ քիմիաթերապիայի կարիք կա՞, թե՞ ոչ:

Եթե խոսքը 4-րդ փուլում գտնվող պրոգրեսիվ քաղցկեղի մասին է՝ թոքերում, լյարդում, ճարպոնում եւ այլ օրգաններում հեռավոր տարածվածությամբ, ապա հիվանդի բուժման համար մասնակցում է բազմադիսցիպլինար խումբ եւ որոշվում է բուժման մարտավարությունը, վիրահատությունների ծավալը եւ այլն՝ հաշվի առնելով հիվանդի կյանքի որակի բարելավումը:

«Եթե հիվանդի կյանքի որակի բարելավման հնարավորություն չկա, ապա երբեմն ընդունվում է վիրահատություն չկատարելու որոշում», – ասաց նա:




Լրահոս