Կեղծ սահմանադրությունը մտավ ուժի մեջ. Սերժ Սարգսյանի գծագրած ծրագրի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր նախագահի կողմից լիազորությունները ստանձնելուց հետո ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2015թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելու հետեւանքով «ընդունված» ՀՀ Սահմանադրությունը: Ու, փաստորեն, պետք է արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. մեր երկրի ներկայիս Սահմանադրությունն, առավել, քան որեւէ այլ պետական փաստաթուղթ, ունի լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ: Եվ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա ամենախայտառակ կեղծիքներով պարտադրված Սահմանադրությունն է: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ այդ կեղծիքներն այնքան շատ էին, այնքան ակնհայտ, որ իշխանությունները որքան էլ փորձեցին, չկարողացան եղելությունը թաքցնել: Ավելին` ամենաշատ թվով քրեական գործեր, թերեւս, հարուցվել են հենց այս ընտրության ժամանակ: Սակայն դրանց արդյունքում կեղծարարները ոչ թե հայտնվեցին կալանավայրում, այլ միայն տուգանվեցին, տուգանքն էլ, ըստ որոշ տեղեկությունների, վճարելու էին նրանց ընտրակեղծիքի մղած ՀՀԿ գրասենյակները:
Ու թեեւ երկրի մայր օրենքը լեգիտիմ չէ, սակայն, այնուամենայնիվ, մարդիկ ստիպված են հաշտվել այս իրողության հետ այնքանով, որ այս փաստաթուղթը գոյություն ունի:

Եվ հիմա ի՞նչ ունենք սահմանադրական փոփոխությունների արդյունքում. ամենամեծ փոփոխություններից մեկը վերաբերում է երկրի նախագահին ու վարչապետին: Այսպիսով` լիազորությունների ճնշող մեծամասնությունը նախագահից փոխանցվեց ապագա վարչապետին. նրա ձեռքին են կենտրոնանալու իշխանական բոլոր լծակները: Հետեւաբար երկրի փաստացի ղեկավարը դառնում է վարչապետը: Մինչդեռ նախագահի պաշտոնն այս պարագայում դառնում է ավելի շատ սիմվոլիկ՝ անգլիական թագուհու նման, եւ վերջինս պարզապես վավերացնելու է ընդունված որոշումներն ու օրենքները, եւ ոչինչ ավելի:

Խոշոր փոփոխություններից էր նախագահական ընտրությունների վերացումը: Սա, թերեւս, ամենալուրջ հարվածն էր ժողովրդավարությանը: Եթե նախկինում ժողովուրդը երկրում իշխանություն ձեւավորելու երկու հնարավորություն ուներ` նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով, հիմա մնացել է միայն մեկը՝ խորհրդարանական ընտրությունները: Նպատակը պարզ էր. որպեսզի չլինեն նաեւ հետընտրական ցնցումներ, եւ ընտրությունների արդյունքը քաղաքացին լուռ ու մունջ ընդունի` գիտակցելով, որ այդ ընտրությունը ոչ թե ինքն է կատարել, այլ այս դեպքում` խորհրդարանը: Ընդհանուր առմամբ` ներկայում իշխանություն ձեւավորելու ընդամենը մեկ հնարավորություն ունի ժողովուրդը` համապետական ընտրությունների միջոցով: Իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան 2022 թվականին: Մինչեւ այդ իշխանությունը շարունակելու է եւս 4 տարի մնալ Հանրապետական կուսակցության ձեռքում:

Նոր Սահմանադրությամբ ժողովրդին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունք է տրված. 50 հազար ստորագրության դեպքում քաղաքացիները կարող են օրենսդրական առաջարկ ներկայացնել, սակայն դատելով այսօրվա իրողություններից` այդ օրենքը, եթե անգամ խորհրդարանական օրակարգ բերվի, հարց է, թե արդյո՞ք կընդունվի: Ասել է, թե սա ընդամենը ձեւական մի գործառույթ է, որը սիմվոլիկ նշանակություն ունի եւ վերջ:

Փոփոխություններով իբր պետք է խորհրդարանում ընդլայնվեին ընդդիմության լիազորությունները, բայց սա էլ սիմվոլիկ բնույթ կրեց. հիմա «Ծառուկյան» խմբակցությունը, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ունի ԱԺ փոխնախագահի պաշտոն, ունի մի քանի հանձնաժողովի նախագահի պաշտոն, բայց դրանք իրականում որեւէ լծակ, որեւէ ազդեցություն չունեն: ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը միայն խորհրդարանի նիստեր է անցկացնում, հանձնաժողովների նախագահներն էլ իրենց հերթին չունեն լուրջ գործառույթներ:

Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 3 տարի առաջ գծագրած սցենարով` հերթականությամբ իր համար բոլոր նպաստավոր քայլերը կատարեց` առանց ցնցումների, սեփական նկրտումներն առաջ տանելու համար: Այսինքն` սա առաջնահերթ ուղղված էր Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման համար պարարտ հող նախապատրաստելուն: Ու այս բոլոր քայլերի արդյունքում ժողովուրդն օտարվում է պետությունից, իշխանությունից: Ընդհակառակը, քաղաքացին ստիպված է ապրել կեղծիքների արդյունքում պարտադրված Սահմանադրությամբ, որի բացասական հետեւանքներն ընդունման օրվանից մինչեւ այժմ զգում ենք:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս