Շուտով կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին: 2016 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ: Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Գործողությունների հետեւանքով ընդհանուր առմամբ հայկական կողմն ունեցել է 100-ից ավելի զոհ եւ վիրավոր` կորցնելով մոտ 800 հեկտար տարածք:
Ինչպես սկսվեց ամեն ինչ
Ապրիլյան պատերազմի հետեւանքով ամենից շատ տուժել էր Թալիշ գյուղը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գրավել ռազմական հենակետեր, ինչպես նաեւ ռմբակոծել գրեթե բոլոր տները։ Թալիշում ղարաբաղյան ուժերը տվեցին մի քանի տասնյակ զոհ, ընդ որում՝ նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Այժմ Թալիշում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Մինչ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն Թալիշի դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ գիշերային լուսավորությամբ եւ խաղահրապարակներով: Մինչ այժմ Թալիշում արդեն շահագործման են հանձնվել 17 բնակելի տներ, ավարտվել է նաեւ համայնքային կենտրոնի եւ հանդիսությունների դահլիճի շենքերի կառուցումը, որոնք նույնպես առաջիկայում շահագործման կհանձնվեն: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը պայմանավորվեցին դադարեցնել ապրիլի 2-ից ծավալվող ռազմական գործողությունները: Արդեն ցածր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները շարունակվեցին մինչեւ ապրիլի 28-ը:
Սահմանների արդիականացում
Կարելի է ասել՝ ապրիլյան պատերազմը պատճառ հանդիսացավ առաջնագիծը վերազինելու եւ հագեցնելու համար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց այդ բացթողումներն են պատճառ հանդիսացել առաջին օրերին ադրբեջանական կողմի գրանցած հաջողությունների համար: Եվ առաջին հերթին խոսքը նաեւ գիշերային մարտ վարելու համար անհրաժեշտ սարքավորումների մասին է: Ապրիլյան պատերազմից անցել է երկու տարի, բոլոր հենակետերն արդեն հագեցված են գիշերային նշանառության սարքերով, բուն շփման գծում էլ տեղադրվել են հզոր տեսախցիկներ:
Հանկարծակիությունն ու պատերազմին անպատրաստ լինելը եւս նպաստեց հենց առաջին օրն այդքան զոհեր եւ տարածքային կորուստներ ունենալուն: Պատերազմից ուղիղ երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը Կիպրոսում տեղի հայերի հետ հանդիպման ընթացքում գրեթե բացառել էր պատերազմի հավանականությունը։ Իսկ պատերազմից երկու օր առաջ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնն կարծիքն էր հայտնել արդեն հայ ակադեմիականների հետ հանդիպման ժամանակ։ Հայկական կողմը ընդունել է, որ Քառօրյա պատերազմի արդյունքում կորցրել է շուրջ 800 հեկտար տարածք, այդ թվում` ռազմավարական նշանակություն ունեցող Լելե Թեփե բլուրը, թեեւ իշխող ՀՀԿ-ականները փորձում էին համոզել, որ կորցվածը ամայի հողեր են։
Արցախի վերականգնումն ու սահմանների արդիականացումը հնարավոր չէր լինի առանց կողմնակի աջակցության: Ապրիլյան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ հաշվեհամար բացեց, որին փոխանցումներ կատարվեցին: Ընդհանուր առմամբ, մինչ 2017 թվականի հունվարի 1-ը կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել էր մոտ 5,5 մլրդ դրամ, որից 1,4 մլրդ դրամը տրվել էր ռազմական նշանակության տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման համար, իսկ ինժեներական աշխատանքների համար էլ՝ 1.1 մլրդ դրամ:
Հետեւեցին պաշտոնանկություններ
Ապրիլյան պատերազմին հաջորդեցին մեծ թվով պաշտոնանկություններ: Ասել է, թե շատ հարցերում հենց նրանց մեղավորությունն է առկա եղել: Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ պատիժներից շատերը ձեւական բնույթ էին կրում, քանի որ բանակում թերացողներից մեկը որոշ ժամանակ անց կրկին պաշտոն ստացավ: Մասնավորապես ապրիլյան մարտերի ավարտից մոտ 20 օր անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ավելի ուշ` մայիսի 23-ին, ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից ազատվեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, անգործության կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ: Սակայն պաշտոնանկությունը եղավ ամենախիստ պատիժը, ոչ ոք իրավապահ համակարգի առաջ չկանգնեց: Իսկ պատերազմից մոտ երկու տարի անց` այս տարվա փետրվարին, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ստացավ՝ Ռուսաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում ռազմական կցորդ: Իսկ մյուսները թեեւ գործազուրկ են, բայց եւ ազատության մեջ:
80-ականների զենքերը
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ աղմուկ հանեց եւ երկար ժամանակ շարունակվեց քննարկվել սպառազինության հարցը: Բանն այն է, որ խոսելով քառօրյա պատերազմի մասին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մեր զինվորները ինքնապաշտպանությունն իրականացրել են 80-ականների զենքով, ինչն անմիջապես դարձավ ամենաքննարկվող հարցերից մեկը: Դրան հաջորդեցին ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հայտարարություններն այն մասին, թե իրենց որդիները կռվելու համար փամփուշտ չեն ունեցել եւ բահերով են պաշտպանվել: Ասել է, թե բացահայտվել էր խայտառակ պատկեր, եւ իշխանությունները ՌԴ-ից մի քանի հարյուր միլիոն դրամ վարկ վերցնելով` հիմա փորձում են արդիականացնել սպառազինությունները:
Վարչապետի սկանդալային հայտարարությունը
Մարտի 1-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», – ասել էր նա` հետո մի քանի անգամ կրկնելով այդ նույն միտքը: Միայն թե նման լուրջ հայտարարությունը, այն էլ` Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյայի կողմից, այդպես էլ անհետեւանք մնաց, մի քանի բանավոր հայտարարությունից զատ` այդպես էլ ոչինչ չարվեց վարչապետի հայտարարությունները հաստատելու կամ հերքելու ուղղությամբ:
Հ.Գ. Քառօրյա պատերազմը չավարտվեց կողմերից որեւէ մեկի հաղթանակով կամ պարտությամբ: Երկու կողմն էլ տվեց զոհեր, վիրավորներ: Հայկական կողմն ապացուցեց, որ կարող է դիմագրավել հակառակորդի հարձակումներին, անգամ տեխնիկայի բացակայության պայմաններում: Ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց զինված ուժերի բոլոր բացերը: Եվ երկու տարի անց շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը: Միաժամանակ պատերազմը, ըստ էության, եկավ ապացուցելու «փոխզիջումների այլընտանքը պատերազմն է» թեզի ճշմարտացիությունը, ըստ այդմ` ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԱՆԿ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը մի քանի միլիոնների հասնող գումարներ է ծախսել` քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակները ապամոնտաժելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թվով 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն 950 հազար դրամ: Նշենք, որ այդ գովազդային վահանակները տեղադրված են եղել շենք-շինություններին, տանիքներին, վերգետնյա անցումներին, էլեկտրասյուներին եւ մայթերին: Հետաքրքիր է` իսկ գովազդային վահանակների ապօրինի տեղադրման ժամանակ որտե՞ղ էին քաղաքապետարանի համապատասխան աշխատողները, եթե կարող էին գործընթացն ի սկզբանե կանխել, այլ ոչ թե հսկայական միջոցներ ծախսել դրանց ապամոնտաժման համար: Իսկ ապամոնտաժման ծառայությունները իրականացրել է «Ձեւավորում» ՓԲԸ-ն: Ի դեպ, քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում` նման ծառայություններ իրականացնելու համար: Անգամ ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքներն է իրականացրել: Հասկանում եք՝ այդ ընկերության սեփականատերերը Տարոն Մարգարյանի «մարդիկ» են:
ԱՆՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՊԱՐՏԱՊԱՆԸ
Արդեն սնանկացած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտատերերի ցանկը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբեմնի արդյունաբերական հսկան միայն 7 մլն 314 հազար դրամ պարտք է Հրազդանի քաղաքապետարանին: Գործարանը քաղաքապետարանին տարիներով չի վճարել հողի, գույքի եւ բնապահպանական այլ վճարները: Անցած տարվա նոյեմբերի 3-ին «Ցեմենտ Սերվիս» ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը, դիմելով դատարան, խնդրել էր «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ, իսկ գործարանը գրավոր չէր վիճարկել իր սնանկությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործարանը «ՎՏԲ Հայաստան» բանկից մտադիր է գնել «Հայբիզնեսբանկը», որը եւս պարտատեր է համարվում: Փաստորեն սնանկ ճանաչվելով` «Հրազդան ցեմենտի գործարանը» փորձում է մաքրվել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառվել «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:
ԷԼԻ ՆՎԱԶԵԼ Է
Հացի արտադրության ծավալները Հայաստանում շարունակում են հետեւողականորեն նվազել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: 2018թ. 44.9 հազար տոննա հաց է արտադրվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հացի արտադրության ծավալները կազմել էին 46 հազար տոննա: Փաստենք, որ այս ցուցանիշները լավագույնս ցույց են տալիս Հայաստանից արտագաղթի ծավալները:
ՎԵՐԱԴԱՐՁ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ
Լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ նա ասել է, որ քաղաքացիներին իշխանափոխություն կխոստանա միայն մեկ անգամ: Հարցին՝ հիմա Դուք խոստանո՞ւմ եք իշխանափոխություն, Ն. Փաշինյանն այսպես է պատասխանել. «Մենք մեր ճանապարհային քարտեզը կներկայացնենք, եւ դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած կլինի: Ապրիլի 10-ին նա իշխանություն չի ունենալու: Մեր խնդիրն այս պրոցեսում ոչ թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է, այլ Սերժ Սարգսյանի վերադարձն իշխանության թույլ չտալն է: Ամսի 9-17-ը Սերժ Սարգսյանը ՀՀ-ում որեւէ պաշտոն չի ունենալու: ՀՀ-ում կառավարություն չի լինելու, լինելու են պաշտոնակատարներ»: