ՄՈՌԱՑԵ՞Լ ԷԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Բայց արի ու տես, որ ողջ օրվա ընթացքում այդպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ապրիլյան պատերազմի զոհերի մի մասի շիրիմներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այնտեղ չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նախարարները: Միայն ՊՆ ներկայացուցիչներն էին երեկ «Եռաբլուրում» եղել, եւ վերջ: Ավելի վաղ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան, «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի ու երիտասարդների հետ` սա էլ հավանաբար կուսակցական PR-ի շրջանակներում սելֆի անելու համար:
Դժվար է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին օրվա խորհուրդը եւ այդ պատճառով չէին այցելել, թե՞ պարզապես խուսափել էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց: Ի վերջո, քառօրյա պատերազմը բացահայտեց այս իշխանությունների իրական դեմքը. տարիներ շարունակ ԶՈՒ-ում իրականացված անխնա թալանի, բացթողումների եւ, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետեւանքն էր, որ անսպասելի պատերազմում հայկական կողմը չորս օրում ավելի քան 100 զոհ տվեց, երբ զինվորը ստիպված էր կռվել 80-ականների զենքերով, փամփուշտները վերջանալուց հետո՝ բահով, իսկ զինտեխնիկան հնարավոր չէր եղել արագ գործի դնել: Ամեն դեպքում, իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ:
Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսիին՝ վերընտրվելու կապակցությամբ:

 

 

 

2017թ. ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 93 մլրդ 43.9 մլն դրամ /193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն: Թեեւ որոշակի աճ կա, այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնական ներդրումները՝ 107.8 մլն դրամ, եկել են օֆշորային Ջերսի կղզուց եւ ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ ահա Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր ՌԴ-ն ՀՀ-ից շարունակել է արտահանել կապիտալը. ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 12 մլրդ դրամ: Փաստորեն, այսօր նման պատկեր ենք գրանցում այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր իր «դմփոց-ռեֆորմների» արդյունքում 2017թ. ընթացքում մոտ 450-480 մլն դոլարի ներդրում, այնինչ՝ դրա կեսն անգամ հնարավոր չի եղել ապահովել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ: Այս ամենը բացահայտվել է հերթափոխի փոփոխության ժամանակ: Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, այդ մասին հայտնել է իրավապահներին: Այժմ զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատի աշխատակիցները, հերթափոխի եղած զինվորները վստահաբար պնդում են՝ իրենք անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աշոցքի զինկոմիսար Լեւոն Կարապետյանին, որը հայտնեց. «Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ: Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել եւ ոչ էլ ԱԺ ներկայացրել իր ամենամյա զեկույցը: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ ԱԺ է ներկայացնում տարեկան հաղորդում` նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին»: Միաժամանակ նա առաջին եռամսյակի ընթացքում պետք է հրապարակի զեկույցը: Առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Թաթոյանը ո՛չ հրապարակել է զեկույցը, ո՛չ էլ ուղարկել ԱԺ: Չի բացառվում` վաղը եւեթ նա փորձի շտկել սխալը` արդարանալով, թե մարտի 31-ը շաբաթ օր էր, ապրիլի 1-ը` կիրակի, ապրիլի 2-ը՝ ոչ աշխատանքային: Բայց համաձայնեք` օրենքում նշված է, որ հաղորդումը պետք է ներկայացվի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի կարելի էր այդ աշխատանքները կազմակերպել ավելի վաղ: Տեսնես՝ ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձե՞լ է 2017թ. ԱԺ ընտրություններին, որտեղ ոտնահարվեցին մարդկանց քաղաքական ազատությունները:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ
Մեկ տարի առաջ` ապրիլի 2-ին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ իրականում այդ օրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անվան տակ համապետական մեծ միջոցառում անցկացվեց, որը, սակայն, որեւէ առնչություն չուներ ընտրություններ հասկացության հետ: Եւ որ ամենասարսափելին է՝ իշխանություններն ընտրակեղծիքը կատարեցին ժողովրդի ձեռամբ՝ վերջինիս մասնակից դարձնելով այդ ամենին:
Սերժ Սարգսյանի իշխանությունը տեւական ժամանակ հետեւողական աշխատանք է տարել` երկրում ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որ քաղաքացիները ընտրություններն ընկալեն հարուստ թեկնածուի շտաբից «փող թռցնելու» իրադարձություն եւ ոչինչ ավելին /իսկ հարուստ լինում են իշխանական կամ իշխանամերձ թեկնածուները/: Այդ քաղաքականության արդյունքներն այդ օրը երեւացին. 10 հազարական դրամի դիմաց մարդիկ շտապեցին ընտրատեղամաս մի փոքր ծառայություն մատուցելու՝ V-աձեւ նշան դնելու այն թեկնածուի անվան դիմաց, ում շտաբից ստացել էր գումարը` առանց գիտակցելու, որ այդպես վաճառում են իրենց ու իրենց երեխաների ապագան, քայքայում են պետության հիմքերը` վտանգելով պետականության գոյությունը: Ասել է, թե իշխանությունները ստիպողաբար ընտրակեղծիքի մասնակից դարձրին բնակչության մի ստվար զանգվածի` վերջինիս զրկելով հետագայում բողոքելու իրավունքից: Ու որպեսզի չստացվեր այնպես, որ մարդը վերցնում է գումարը, բայց ընտրում ուրիշի, իշխանությունները տեղամասում տոտալ վերահսկողություն էին սահմանել` շատ տեղերում հետեւելով, թե ով ինչպես է քվեարկում. այդ նպատակով նրանք լայնորեն ներգրավել էին թաղային խուժանին ու քրեական հեղինակությունների, որոնց հանձնարարված էր աշխատել փոքր խմբերի հետ: Այդ ամենից բացի` իշխանությունները գործի դրեցին վարչական ռեսուրսը` ծառայեցնելով իրենց շահերին: Ամենավառ ապացույցը դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալն էր. հրապարակվեցին ինքնախոստովանական ձայնագրություններ, թե ինչպես էին պաշտոնեական դիրքն օգտագործել` ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու համար:
Համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման, քաղաքացիների ահաբեկման ու վերահսկման մասին բարձրաձայնեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, օտարերկրյա դեսպանատները: Այդ ամենն արձանագրվեց անգամ ՀՀ ՍԴ որոշման մեջ, չնայած նույն ՍԴ-ն հրաժարվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիքի դիմումի հիման վրա անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Եւ այդ ողջ խայտառակությունից հետո իշխող ՀՀԿ-ին, չնայած տարիներ շարունակ ձախողումներին, հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:




Լրահոս