Մեկ տարի պետք է հանդուրժել Սերժ Սարգսյանին. «Ծառուկյան» խմբակցության պահվածքն ու ՀՀԿ-ականների քծնանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունն առաջադրել էին կոալիցիոն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները:

Սակայն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ոչ միայն իշխող ՀՀԿ-ուն ու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, այլեւ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ: Կողմ քվեարկած պատգամավորներն են Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան Զաքարյանը, Կարինե Պողոսյանը: Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցությունը եւ «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավորները:

Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած պատգամավորներից են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, նրանց բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը եւ այլք: Ասել է, թե Սերժ Սարգսյանին կողմ են նրանք, ովքեր բիզնես ունեն եւ ավելի շատ ասոցացվում են իշխանությունների, քան նույն «Ծառուկյան» դաշինքի հետ:

Նկատենք, որ օրեր առաջ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ապա նաեւ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժ լինելով` պետք է դեմ քվեարկեն, հակառակ դեպքում կկորցնեն իրենց դեմքը: Եվ իսկապես, Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղխորհրդի մի շարք անդամներ, այդ թվում՝ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք դեմ քվեարկեցին, սակայն նույն Սերգեյ Բագրատյանը, ով առաջինն էր այդպիսի հայտարարություն արել, քվեարկության ժամին դահլիճում չէր. շտապել էր անհետանալ` հավանաբար կուսակցությանը չհակառակվելու, մյուս կողմից` իշխանությունների հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ընդ որում, Սերգեյ Բագրատյանը «Ծառուկյան» խմբակցությունում միակը չէր, որ առավոտյան գրանցվել էր նիստին, սակայն քվեարկությանը չէր մասնակցել: Չեն քվեարկել նաեւ Վահան Կարապետյանն ու Տիգրան Ստեփանյանը, որոնք եւս կապեր ունեն իշխանությունների հետ: Իսկ ահա խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ այս խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նիստին առհասարակ ներկա չէին: Այդ խմբակցությունից բացակա էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:

Այն, որ «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող միասնական կերպով դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին, ակնհայտ էր: Ի վերջո, այս խմբակցությունում շատ են գործարարները, այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք, եւ նրանց կողմից դեմ քվեարկելու հանդգնությունը իսկապես կարող էր վատ հետեւանք ունենալ: Սակայն հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին պաշտոնապես հայտարարելուց մեկ օր անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Մելքումյանը հայտարարել էր, թե իրենց քվեարկությունը միատեսակ է լինելու: Սակայն պարզվեց՝ իրենց խոսքը գործ չէ:

Բնականաբար ԱԺ հատուկ նիստն անցավ առանց լուրջ միջադեպերի: Միայն կարելի է առանձնացնել «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի ելույթները: Այն էլ հատկապես Էդմոն Մարուքյանը` հավանաբար տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանին իրենց չսատարելուց հետո ավելի ու ավելի է ինքն ասոցացվում իշխանությունների հետ, որոշել էր փրկել դեմքը: Մյուս խմբակցությունների պատգամավորները զբաղված էին գովքով` չխնայելով հայոց լեզվի բառապաշարը, քծնում էին իրենց անփոխարինելի առաջնորդին:

Եվ մինչ խորհրդարանի ներսում ՀՀԿ-ականները շարունակում էին շռայլ խոսքերը Սարգսյանի հասցեին, այդ նույն ընթացքում Երեւանի փողոցներում բազմահազար մարդիկ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում էին մերժել նրան: Եվ որքան էլ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե ամենեւին չեն վախենում եւ չեն անհանգստանում «Իմ քայլը» նախաձեռնության քայլերից եւ մասնավորապես ԱԺ մուտքերը փակելու ծրագրից, սակայն այդ ամենը ստիպել էր ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորներին խորհրդարան գալ մետրոյով: Մեր տեղեկություններով` նրանք միասին նույն ժամին մետրոյով են եկել աշխատանքի: Սա իշխանության խուճապի վառ դրսեւորում է:

Ընդ որում, ՀՀԿ-ականներից շատերը եւ հատկապես կոճակ սեղմող պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը եւ այլք խորհրդարան էին եկել դեռ ժամը 10:00-ին, մինչդեռ քվեարկությունը նախատեսված էր 12:00-ին: Ընդ որում, սա այն դեպքում, երբ վերը նշված պատգամավորները, եւ ոչ միայն նրանք, սովորաբար ընդամենը տասը րոպեով են խորհրդարանի շենք այցելում, եւ շատերը նույնիսկ իրենց աշխատասենյակի տեղը չգիտեն: Դեռ ավելին` ոչ միայն շուտ էին եկել, այլ մի քանի ժամ շարունակ ստիպված էին մնալ ԱԺ դահլիճում եւ լուռումունջ հետեւել տիրող գործընթացներին: Ստիպված էին, որովհետեւ այդ ողջ ընթացքում դահլիճում էր նաեւ Սերժ Սարգսյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ շարունակեց գործողությունները: Եվ չնայած այն հանգամանքին, թե շատերը մտածում էին, որ նա կուղեւորվի Բաղրամյան պողոտա, եւ կրկին բախումներ կլինեն, սակայն այդպես չեղավ, այլ հակառակը` Նիկոլ Փաշինյանը փոխեց իր մարտավարությունը, հայտարարեց, թե թավշյա, ժողովրդական հեղափոխություն է սկսել: Դա ենթադրում է պետական գերատեսչությունների շենքերի շրջափակում, ներսում աշխատանքի խափանում: Ընդ որում, որքան էլ նույն հանրապետական խմբակցության պատգամավորները փորձում են մշտապես հայտարարել, թե ժողովուրդը չի պայքարում Սերժ Սարգսյանի դեմ, իրականում այդպես չէ: Այս օրերի բազմահազարանոց ցույցերն էլ դրա վառ ապացույցն են: Երեկ Փաշինյանը որոշեց փոխել երթի ուղին, ու շրջափակեցին ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության, ՀՀ կառավարության շենքերը: Այնուհետեւ մեծ հանրահավաք անցկացվեց հենց Հանրապետության հրապարակում: Այն բավական մարդաշատ էր, նաեւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ուժեղ էր հանրահավաքի էներգետիկան:

Չնայած հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին, մեկ մեջբերում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից, որի 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետից ազատվելու իրավական ճանապարհ առնվազն մի տարի չի լինելու։ «Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո միակ տարբերակը նրա հրաժարականն է: Հենց դրան էլ փորձում են հասնել այս օրերին պայքարողները:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԺ դահլիճի մուտքի մոտ եւս մեկ մետաղորսիչ սարք էր տեղադրված. հավանաբար Սերժ Սարգսյանը չի վստահում պատգամավորներին, եւ որոշվել է նրանց` դահլիճ մտնելուց առաջ եւս զննել՝ անցանկալի իրադարձությունները կանխելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս