«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի ընթացքի եւ Ս. Սարգսյանի` վարչապետ նշանակվելու փաստի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչպես տեսանք, իշխանություններն արդեն սադրիչների միջոցով են փորձում այս օրին ծավալվող շարժման դեմն առնել՝ ստեղծելով իրավական հիմքեր ցույցը ցրելու համար: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
-Իմ տպավորությամբ` իշխանությունն, ինչպես միշտ, մի նպատակ է դրել` սադրել եւ ցրել ուժային գործողություններով: Իրենք հասկանում են, որ ուղղակի թողնելով այդպես` որպես գործընթաց, դա չի հանգչելու: Ընդհակառակը, գեներացվելու է, որովհետեւ երիտասարդություն է փողոցում, զզվանքը շատ մեծ է: Այսինքն` սա այն դեպքը չի, որ մինչեւ հիմա եղել. Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակ եւ այլն, երբ շարժումն աճում, գնում է, հետո սկսում է հոգնել, մաշվել եւ դուրս գալ: Ո՛չ, իրենք շատ լավ հասկացել են, որ սա ավելի հետաքրքիր իրավիճակ է: Իսկ այս սադրելը, ուժային ցրելը, բերման ենթարկելը կարող է բերել միջազգային արձագանքի: Դրա համար ես կարծում եմ, որ հիմա դեռ շատ ճիշտ տակտիկա է գնում. սադրանքներից ամեն գնով խուսափել, միայն խաղաղ պայքար, միայն խաղաղ..: Երբեւէ պատասխան չտալ, եւ եթե ձերբակալվում են, հանգիստ գնան, որովհետեւ ցուցարարների նկատմամբ որեւէ քրեական լուրջ գործ չեն կարող հարուցել: Եվ իզուր չէ, որ ԱՄՆ պետդեպն արձագանքել էր, եւ հստակ գրված էր, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը չի ընկալվում, եւ, ամենակարեւորը, որ ԱՄՆ-ն շարունակում է ուշի-ուշով հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին: Եթե ամեն ինչ խաղաղ է, իսկ ամեն ինչ խաղաղ է, մեծ մասը երիտասարդներ են, ես կարծում եմ` այսպես պետք է շարունակել քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը: Այս փուլում այսքանով դեռ սահմանափակվենք: Իսկ քաղաքական մյուս հարցերի շուրջ կարծում եմ` շուտով հայտարարություն կլինի, եւ պարզ կդառնա, թե շարժման հենքը որն է:
-Իսկ միջազգային արձագանքն արդյո՞ք կստիպի, որպեսզի իշխանությունն ավելի կոշտ մեթոդների չդիմի: Հիմա, ամեն դեպքում, տեսնում ենք, որ իրենք փորձում են հակազդել:
-Ճիշտ եք: Իրենք հիմա դեռ հակազդում են, բայց ինչ միջոցներով. լոկալ ինչ-որ խնդիրներով, օրինակ` Մաշտոց-Թումանյանում սադրել, ոստիկանությանը դուրս բերել ցուցարարների դեմ եւ սադրել: Իրենց նպատակը բախումներ սադրելն է: Դա չի արվում նրա համար, որ շարժման մասնակիցը վախենա, եւ շարժումը մարի: Դա արվում է, որպեսզի աճ չտա, իրենք փորձում են ցույց տալ, որ իշխանություն կա, անիշխանություն չի երկրում: Է, թող հակազդեն այն իրավասությունների սահմաններում, որ իրենց տալիս է օրենքը: Եթե անգամ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործում, Աստված ոչ անի, ինչ-որ կրակոցներ լինեն եւ այլն, շատ վատթարագույն իրավիճակի մեջ է դնելու արդեն ոչ թե Հայաստանին, այլ հենց իշխանությունն իրեն: Միանգամից իշխանությունը պատժամիջոցների տակ է մտնելու, միանշանակ: Ինձ համար կասկած չկա: Շատ լուրջ պատժամիջոցների տակ են մտնելու:
-Ստացվում է` իշխանությունը դրսից թույլտվություն չունի՞, որպեսզի միանգամից ցրի հավաքը:
-Ես սա ասում եմ` որպես վերլուծության արդյունք: Չնայած Միացյալ Նահանգների հայտարարությանը վերլուծություն էլ պետք չի: Նրանք ասում են այն, ինչ ասել են միշտ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում շնորհավորելուց հետո նրա հետ հեռախոսազրույց էլ է ունեցել, եւ դեռ ռուսական աբստրակտ, չերեւացող հակազդեցություն ես դեռ չեմ տեսել: Ես տեսնում եմ, որ բոլորն ուշի-ուշով հետեւում են գործընթացին:
-Հիմա Ձեր կարծիքով` պետք է շարունակե՞լ պայքարը նույն տրամաբանությամբ:
-Իսկ ալտերնատիվը ո՞րն է: Եթե որեւէ բան չի փոխվում երկրում, շարժման իմաստը ո՞րն է: Այս շարժման իմաստը հո Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը չէ՞ միայն: Դա անցավ արդեն: Ն. Փաշինյանը համաժողովրդական հեղափոխության գաղափարը մեջտեղ բերեց: Ամբողջ հանրապետությունը հիմա բավական լուրջ բարձրացել է ոտքի` փոփոխությունների համար: Այսինքն` կա՛մ պետք է հասնել նրան, որ այդ փոփոխությունները տեղի ունենան, կա՛մ Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տա, որ Հայաստանում միայն իրենք պետք է լինեն իշխանության: Թող անի, ինչ ասեմ, թող մեկ անգամ էլ անի, տեսնի հետեւանքները:
-Դուք նշում էիք, որ Ս. Սարգսյանի` վարչապետ դառնալուց հետո նրա համար դժոխք է սկսվելու: Պայքա՞րը նկատի ունեիք, թե՞ նաեւ այլ գործընթացներ:
-Իհարկե, սա էլ նկատի ունեի, որովհետեւ ես իմ ժողովրդի մեջ շատ եմ լինում եւ գիտեմ իրենց տրամադրությունները: Հիմա դեռ հանգիստ իրավիճակ ստեղծվեց. մինչեւ Պուտինի երդմնակալությունը ԱՄՆ-ն էլ պատժամիջոցներ չմտցրեց, իսկ եթե շարունակվեն պատժամիջոցները, իսկ Հայաստանի տնտեսությունը որքան զգայուն է Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, Սիրիայում եւ այլ գործընթացների նկատմամբ, էլ չեմ ասում ապագայում նաեւ Իրանի եւ քրդերի հետ կապված խնդիրները կարող են սկսվել: Եվ ամենակարեւոր հարցը. Ղարաբաղյան խնդրի լուծումը, էլ ժամկետների հարց չես կարող դու հետաձգել: Ինչպես եք պատկերացնում, որ Հայաստանն այս վիճակով եւ այս իշխանությամբ կարողանա դիմագրավել: Դե, դա դժոխք է, էլի:
-Ի՞նչ եք կարծում` իշխանությունը կգնա բարեփոխումների ճանապարհով:
-Ես ինքս հավատ չունեմ: Ես երկար ժամանակ եմ քաղաքականության մեջ, բավական մոտ եմ կանգնած այդ աղբյուրներին, ես հավատ չունեմ: Իմ տպավորությամբ` այդ մարդը բարեփոխում բառից վախենում է: Այդ մարդը միայն իշխանությունն է պահում: Եվ չի կարող ոչինչ ասել, հիմա նա ոչ ոքի չի կարող ոչինչ ապացուցել: Չէ որ ասաց` ես չեմ գա, վարչապետ չեմ դառնա, բայց աչքներիս առաջ ի՞նչ տեսանք: Այդ մարդը միակ խնդիրն է լուծում. ինքն ուզում է մնալ իշխանության: Ճիշտն ասեմ` մարդկային առումով չեմ էլ հասկանում, թե ինչո՞ւ: Իմանալով շատ բաներ` այդպես էլ չհասկացա` ինչո՞ւ:
-Եթե Ս. Սարգսյանը չլիներ վարչապետի պաշտոնում, չէ՞ր կարող, այսպես ասած, կողքից ղեկավարել, ուղղորդել:
-Իմ կարծիքով` ոչ:
-Ինչո՞ւ , այն թիմը չկա՞, որ կարող է իրեն աջակցել:
-Ոչինչ չկա: Ամեն ինչ պատրանք է: Ժողովուրդը որ դուրս է եկել, քանակը որ ասում են. քանակը չի, որակն է: Այն, որ ասում էին` 10.000 դրամները բաժանել են, մարդկանց գնել են, հիմա թող գան, տեսնեն, պատրանք է: Հանրապետական կուսակցությունը` որպես քաղաքական կառույց, դա էլ է պատրանք: Որ ինքը կկարողանա որպես Բրեժնեւ կառավարել` դա էլ է պատրանք: Այնպես արագ կդավաճանեին, կփախչեին բոլորը, ինքը կմնար սենյակում մենակ նստած` իր նկարի հետ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ