Որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամենեւին անհանգստացած չեն արդեն ինը օր շարունակ Երեւանում անցկացվող եւ օրեցօր ավելի մարդաշատ դարձող բողոքի ցույցերից, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է փաստում: Իշխանությունները մտահոգված են կատարվածով, եւ արդեն մի քանի օր է` իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրար հետեւից երկխոսության կոչեր են հղում ընդդիմությանը:
Սա, թերեւս, պատահական չէ. իշխանությունները գնալով համոզվում են, որ այս օրերին Հայաստանում սկսված շարժումը, հակառակ բոլոր կանխատեսումների, գնալով ավելի ու ավելի լայն թափ է ստանում` ընդգրկելով նորանոր խմբեր, նորանոր զանգվածներ, ընդ որում՝ հիմնականում երիտասարդությանը: Իշխանություններին թվում էր` տարիներ շարունակ ընդդիմությանը հետեւողականորեն փոշիացնելու իրենց գործողություններից, քաղաքական ուժերի նկատմամբ անվստահություն սերմանելուց, ՀՀ քաղաքացուն հուսալքելուց, սեփական երկրի նկատմամբ անտարբեր դարձնելուց հետո սահմանադրական կեղծված հանրաքվեի եւ ԱԺ ընտրություններն էլ համատարած ընտրակաշառք բաժանելու միջոցով կարողացել են հասնել նպատակին՝ չեզոքացնել իրենց դեմ պայքարը, պայքարի, դիմադրության հավանականությունն անգամ: Ու մինչ իշխանությունները Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի խնդիրը լուծելով` տոնում էին իրենց վերջնական հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պարզվեց հակառակը. այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացին կարող է ինքնակազմակերպվել եւ փողոց դուրս գալ` պայքարելու համար: Եւ այս իրավիճակում իշխանություններին այլ բան չէր մնում, քան երկխոսության կոչ անել ընդդիմությանը: Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի, ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկխոսության հարթակ ձեւավորելու կոչերին երեկ հետեւել են նույնաբովանդակ հայտարարություններ այլ պաշտոնյաների շուրթերից: Ընդդիմությանը երկխոսության կոչեր են արել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հատկանշական է, որ երեկ վարչապետ Սերժ Սարգսյանին է հանդիպել Մեծի տան Կիլիկիո կաթիղկոս Արամ Ա-ն, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ նրանց զրույցի ժամանակ եւս խոսք է գնացել երկխոսություն սկսելու մասին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նախօրեին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր, թե քաղաքական օրակարգի առկայության պարագայում պատրաստ է քննարկումներ անել: «Քաղաքական օրակարգի առկայության պարագայում իշխանությունը պատրաստ է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողների հետ քննարկումներ սկսել», – հայտարարել էր նա:
Եվ մինչ բոլորը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին քաղաքական օրակարգի բացակայության մեջ, երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա ներկայացրեց այն չորս կետերը, որոնց շուրջ պատրաստ է քննարկումներ ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ:
«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի` մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում: Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում: Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Եվ իշխանությունը այլեւս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, – հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով, – մենք ասում ենք, որ երկխոսելն արդեն ուշ է: Поезд ушел: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որեւէ քննարկում ունենալ, մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ»:
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին: Ըստ այդմ. «1) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, 2) Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, 3) Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, 4) Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ որ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: …Այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել Հանրապետականի ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ահա եւ քաղաքական պահանջները: Ընդ որում, պետք է նկատենք` այդ պահանջները ոչ միայն քաղաքական են, այլեւ նշված է դրանք իրականություն դարձնելու իրավական ճանապարհները:
Իշխանությունների արձագանքն առայժմ մերժողական է: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ինչպես եւ սպասվում է, այդպես էլ կարձագանքենք: Մենք լուրջ երկխոսության կոչին եւ առաջարկին լուրջ ենք վերաբերվում, բայց տվյալ ոչ քաղաքական պահանջներին հումորով եմ վերաբերվում: Սա քաղաքական երկխոսության ծրագիր չէ», – նշեց նա:
Դիտարկմանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունները քաղաքական օրակարգ չե՞ն, Շարմազանովն արձագանքեց. «Կարդացեք Սահմանադրությունը եւ կտեսնեք, թե երբ է հնարավոր արտահերթ ընտրություններ: Ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն կազմակերպի: Դա իրավական հիմնավորումներ պետք է ունենա: Ընտրությունները եղել են. ընդդիմությունն ու իշխանությունը ընտրված է իրավունքի ուժով: Որեւէ մեկը չի բողոքել, ո՞րն է խնդիրը: Կա՞ն դժգոհ քաղաքացիներ, իհարկե, կան, չեմ ժխտում, բայց դրա համար պետք է հնարավորություն տալ քաղաքական երկխոսության, այլ ոչ թե ոչ իրատեսական պահանջներ դնել: Երկխոսության օրակարգը պետք է լինի տրամաբանական», – հավելեց նա:
Ի դեպ, ժամանակին խորհրդային իշխանություններն էլ էին նման կեցվածք ընդունում` անտեսելով եւ արհամարհելով քաղաքացիներին: Բայց տեսանք արդյունքը՝ թավշյա հեղափոխություն: Չի բացառվում` նույնը կրկնվի ՀՀ-ում:
Հ.Գ. Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում խոսվում է, որ եթե ցույցերն ու հանրահավաքներն այս տեմպերով մի քանի օր էլ շարունակվեն, Սերժ Սարգսյանը որպես փոխզիջում կզոհաբերի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Կստիպի, որ Բաբլոյանը հրաժարական տա, եւ ԱԺ նախագահի պաշտոնը կառաջարկի ընդդիմությանը, մասնավորապես «Ելք»-ին: Եւ սա կանի, որպեսզի անձամբ ինքը հրաժարական չտա:
Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան