ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԵՏՈ ԵՆ ՍԿՍՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարո՛ն Կարապետյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի դեմ պայքար է սկսել, որի շրջանակներում այս օրերին մարզերում են:
-Ես ընդհանրապես, ճիշտն ասած, պայքարի յուրաքանչյուր տեսակի կողմնակից եմ: Իմ տպավորությամբ ամեն մարդ, ինչ կարող է անել պայքարելու համար, ճիշտ է:
-Որպես «Ճանապարհային քարտեզ» այն արդյունավե՞տ եք համարում:
-Չգիտեմ, արդյունավետությունը կերեւա Երեւանում: Ամեն մի պայքար չէ, որի արդյունավետությունը հենց այդ պահին է երեւում: Քաղաքականության մեջ այդպես չէ: Հայաստանում քաղաքականության մեջ արդյունավետությունը հենց տվյալ պահին, տվյալ գործողությունն է, դրա համար սպասումները մի քիչ այլ տեսքի են: Իմ տպավորությամբ հիմա ամենակարեւորն այն է, որ մի խումբ մարդ, ինչքան էլ որ նրանք լինեն 100 հազար, միլիոն, թե տասը հոգի, կարեւորն այն է, որ պայքար կա Հայաստանում իրավիճակ փոխելու:
-Նշում եք՝ պայքարն է կարեւոր, սակայն ամեն դեպքում ճի՞շտ չէր լինի, եթե նույն «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու ՔՊ-ն միասին պայքարեին: Ընդդիմության միավորում Հայաստանում հնարավո՞ր է:
-Այդպես չէ, դա էլ է հնարավոր: Ժամանակը ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր այսօր ընդդիմություն են: Բայց մեր աչքի առջեւ եղել են դեպքեր, երբ պարզվել է՝ մարդիկ ոչ թե ընդդիմություն են, այլ հետագայում իշխանության առաջին կանչով գնացել, միացել են իշխանության: Ես հիմա խոսում եմ որպես սովորական քաղաքացի: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ կա քաղաքացիների ինչ-որ մի զանգված, որը պայքարում է Հայաստանում այսօրվա եղած իրավիճակի, կարգերի, իշխանության դեմ: Ես մեկ անգամ էլ ասել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը լիովին վերլուծելու, հասկանալու, ընկալելու համար մարդ պետք է մի քիչ գիժ լինի: Նույն դաշինքի մեջ մարդիկ իրար դեմ են, կան մարդիկ, ովքեր միշտ դեմ են խոսել, հետո բեկումնային պահին գնացել, միացել են իշխանությանը, կան խմբավորումներ, որոնցից չեք կարող հասկանալ՝ իշխանություն են, թե ընդդիմություն:
-Դուք էլ անդրադարձաք դաշինքներում առկա տարաձայնություններին: Այժմ այդպիսի իրավիճակ է հենց «Ելք» դաշինքում: Դա չի՞ ազդի ընդհանուր պայքարի վրա:
-Ես դրան ոչ մի ձեւ չեմ վերաբերվում, քանի որ դա կոնկրետ ազդեցություն պայքարի վրա չի ունենում:
-Սակայն հիմա այդ ընդդիմադիր ուժին ընտրողները կանգնա՞ծ չեն երկընտրանքի առջեւ:
-Խոսեցիք «Ելք»-ի ընտրողների մասին: Սակայն հիշենք, որ այդ դաշինքն ամիսներ առաջ միասնական դուրս եկավ պայքարի թանկացումների դեմ: Նրանց ընտրել էր հարյուր հազարից ավելի մարդ, սակայն իրենց կողքին շատ քիչ մարդ էր կանգնած: Ռեալ կյանքը մի բան է, ընտրությունները, ընտրարշավն այլ բան է, թվերը՝ այլ բան: Ես ասեմ՝ որպես քաղաքացի ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե «Ելք» դաշինքում միասնություն կա, թե ոչ: Թող իրենք իրենց մեջ որոշեն: Կարեւորագույն հարցը՝ քաղաքացին պատրա՞ստ է, եւ ինչքան շատ քաղաքացի է Հայաստանում պատրաստ պայքարել այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
-Համադրելով հանրահավաքների պատկերը` որքա՞ն մարդ է պատրաստ պայքարելու:
-Իմ կարծիքով՝ ամբողջ երկիրն է դեմ, բայց պայքարը կազմավորելն ու մարդկանց ոտքի հանելն այլ բան է: Խորհրդային տարիներին այսպիսի մի սինդրոմ կար՝ խոհանոցի սինդրոմ, բոլորը դժգոհ էին, խոհանոցում հայհոյում էին սովետական իշխանություններին, բայց դուրս էին գալիս ու պայքարում էին միայն անհատներ: Նույնն էլ հիմա է: Դա նշանակում է, որ հասարակությունը գնալով դեգրադացվում է, ավելի վատ է լինելու: Եթե մարդը դժգոհ է ղեկավարությունից, երկրից, ապա նա երկու ճանապարհ է փնտրելու՝ կամ ինչ-որ բան անի, որ իր վիճակը լավանա, կամ արտագաղթի:
-Հիմա ինչպե՞ս հասնել հաջողության, եթե Ձեր խոսքով ասած` հասարակությունը դեգրադացվում է, իսկ իրավական առումով էլ ՀՀԿ-ին ոչինչ չի խանգարում առաջադրել Սերժ Սարգսյանին:
-Թե ինչպես պետք է զարմացնել, ես դեռ դրա մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ քաղաքականության մեջ զրոյից ոչինչ չի ստեղծվում: Չի կարող քաղաքականության մեջ մի ֆակտորը, որը խթանիչ չէ, հիմք հանդիսանա այնպիսի մեծ պայքարի, որը կհանգեցնի փոփոխությունների: Վերջին 20 տարիներին մեր պայքարի բովն անցել է Ղարաբաղով, որը հիմք հանդիսացավ առաջին նախագահի հրաժարականի եւ երկու ընտրություններով՝ 2003-ին եւ 2008-ին: Հստակ բան կարող եմ ասել, որ հիմնական խթանիչը եղել է ընտրությունը, որ ինչ-որ բան կփոխվի, հիմա դա էլ չի անցնում: Այլ խթանիչներ են պետք, որպեսզի բեկումնային իրավիճակ լինի: Հիմա, ինչ վերաբերում է իրավունքին, բոլորս էլ գիտենք, որ դա իրենց է պատկանում: Հարցն այլ է՝ իրավմա՞մբ է այդ հաղթանակն իրենցը, թե՞ նկարված է:
-Բայց հենց պայքարողներից մեկը լեգիտիմ է համարել ընտրությունները:
-Շատ ճիշտ եք ասում: Ես բա ինչու չգնացի ընտրության: Ես հիմա կարող եմ, ինչ գործողություն ցանկանամ, անել, քանի որ ո՛չ ընտրություններին եմ մասնակցել, ո՛չ էլ արդյունքները ճանաչել: Հիմա կարող եմ ինձ իրավունք վերապահել, որ կարող եմ քայլեր անել, եւ որեւէ մեկը չի ասի՝ բա այն ժամանակ դուք ճանաչեցիք ամեն ինչ, հիմա ինչու եք դուրս եկել պայքարի: Հենց դրա համար էլ ես այն ժամանակ հրաժարվեցի ամեն ինչից: Հավատացնում եմ Ձեզ՝ հիմա որեւէ բան այնքան արագ չի գնում, որքան քաղաքական փոփոխությունները: Քաղաքական կյանքը շատ արագ փոփոխության է ենթարկվում, եւ ես մնում եմ իմ կարծիքին՝ կդառնա՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, դա լավ չէ երկրի համար, երկու անգամից ավելի որեւէ մարդ չպետք է փոքր Հայաստանում հավակնել իշխանության: Նրա պրոբլեմները հետո են սկսվելու, ինքը դա լավ գիտի: Նա խորությամբ հասկանում է, թե ես ինչ եմ անում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՆՎԵՐՆԵՐ ՉԵ՞Ն ԸՆԴՈՒՆԻ

«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ են սահմանվել: Այսպիսով` ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Հերթական անգամ կարգավորումը տրվում է, սակայն հետաքրքիր է, թե քանի՞ պաշտոնյա կհետեւի այս օրենքին: Չէ՞ որ պարբերաբար տեղեկանում ենք, որ պաշտոնյաները ճոխ նվերներ են ստանում` առանց որեւէ արգելքի եւ մտահոգության: Միայն Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանն իր հայտարարագրում մի քանի տարի շարունակ նշել է նվիրատվությունների մասին, ընդ որում, խոսքն ահռելի գումարների մասին է:

Հիմա օրենքում ամրագրված է, որ թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Ըստ այդմ, եթե պաշտոնյայի ստացած նվերը գերազանցում է 75.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է եւ հանձնվում պետությանը կամ համայնքին: Իսկ նվերները դասակարգվում են գույքային սպառողականի եւ ոչ սպառողականի: Եվ եթե գույքային սպառողական նվերի արժեքը գերազանցում է 100.000 դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողը սեփական նախաձեռնությամբ այն պետք է ուղղի բարեգործության, կամ այդ նվերը համարվում է տվյալ մարմնի սեփականություն եւ գույքագրվում: Իսկ եթե սպառողական նվերի արժեքը գերազանցում է 100.000 դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին պետք է հայտնի վերադասին: Գործող օրենքի շրջանակում վերադաս չունեցող պաշտոնյան շատ հանգիստ կարող է գույքային ոչ սպառողական, 100.000 դրամը գերազանցող արժեքով նվեր ընդունել: Եվ սա այն պատճառով, որ օրենքով սահմանված չէ այս դեպքում նվեր ընդունելու հետեւանքը: Բացի այս` խնդիրն այն է, որ պաշտոնյաները, պարբերաբար ճոխ նվերներ ստանալով` սկսած թանկարժեք խմիչքներից, վերջացրած ժամացույցներով, պարզապես լռում են այդ մասին: Պատկերացրեք, եթե որեւէ պաշտոնյա նվեր ստանա 700 մլ տարողությամբ, 30 տարեկան «Էրեբունի» կոնյակ, որի գինը մոտ 280-290 հազար դրամ է, կամ նույն չափի 25 տարեկան« Արարատ», որի գինն էլ 90 հազարի սահմաններում է: Ի՞նչ պետք է անի այդ պաշտոնյան. բարեգործական նպատակներով ո՞ւմ է նվիրելու՝ որեւէ մանկատա՞ն, թե՞ իր իսկ ղեկավարած հիմնարկությանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆ ԷԼ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ
Լիտվայի կառավարությունը երեկ հավանություն է տվել նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Նշենք, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է միայն Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ապրիլի 9-ին ԱԺ արտաքին ու Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովների կազմով քննարկվելու եւ առաջիկա քառօրյայի օրակարգ է ուղարկվելու Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը քննարկումից հետո պետք է վավերացվի: Ընդ որում, ուշագրավն այն է, որ քննարկման օրը համընկնում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրվա հետ, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները հակված են ներկայանալ քննարկմանը՝ հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը: Ընդ որում, այն կարող է ուժի մեջ մտնել կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում՝ Հայաստանի կողմից վավերացման պարագայում: Անմիջապես վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ կդառնա արդեն Հայաստան-Եվրամիություն ոչ թե փաստաթուղթ, այլ գործողությունների ծրագիր:

 

 

ԱՌԿԱԽՎԱԾ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ստուգումներ են իրականացրել տարբեր մարմիններում եւ խախտումեր են հայտնաբերել, դեռեւս չեն պատրաստվում գործերին իրավական ընթացք տալ: Նախարարներին հանձնարարել են սպասել մինչեւ ապրիլի 19-ը, երբ արդեն ընտրված կլինի նոր վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, նաեւ գոնե մոտավորապես հայտնի կլինի առաջիկա կառավարության կազմը: Եւ միայն դրանից հետո նոր կորոշվի՝ ինչ անել օրինախախտների հետ:

 

 

ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել է 244 հազար 560 ուղեւոր, իսկ ժամանել` 248 հազար 564-ը: «Շիրակ» օդանավակայանից նույն ժամանակահատվածում մեկնել է 16 հազար 348 ուղեւոր, իսկ վերադարձել` 15 հազար 607-ը: Նկատենք, որ «Շիրակ» օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 741 ուղեւոր: Չնայած սրան` օդային ճանապարհով մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի մնացորդը բացասական չէ: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ Հայաստանից արտագաղթը դադարել է: Քանի որ արտագաղթի իրական պատկերն ավելի լավ երեւում է, երբ տվյալները վերլուծում ենք` ըստ սահմանային անցակետերի` նկատի ունենալով նաեւ Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերով ուղեւորահոսքը: Սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Չէ՞ որ մարդիկ դեպի ՌԴ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով:




Լրահոս