ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստն առանձնահատուկ էր: Նախ վերջին անգամ էր, որ գործադիր մարմնի նիստն անց էր կացվում բաց տարբերակով, երբ լրագրողներն էկրանի միջոցով կարող են հետեւել նիստերի ընթացքին, տեսնել, թե որ նախարարը որին է խեթ հայացքով նայում, վարչապետն ում է գովերգում կամ նկատողություն անում, ինչպես նաեւ` բացեիբաց հասկանալ, թե ինչ հարցեր են քննարկվում եւ ինչ ձեւով: Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նոր օրենքի համաձայն` վարչապետի որոշմամբ գործադիրի նիստի մի մասը կարող է դռնբաց լինել: Բացի այդ` կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին: Բացի այս` շատ հնարավոր է, որ սա կառավարության վերջին նիստն էր, որ անցկացվեց այս կազմով:

Նշենք, որ ապրիլի 9-ին` նախագահի լիազորությունների ավարտի օրը, ԱԺ հատուկ նիստում իր լիազորությունները կստանձնի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Նույն օրը կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա: Իսկ նոր վարչապետ խորհրդարանում կընտրվի ապրիլի 17-ին: Ապա կձեւավորվի կառավարության նոր կազմը: Եվ չի բացառվում` ներկայիս նախարարների մի մասը հրաժեշտ տա պաշտոնին: Եվ երեւի թե սրանով պայմանավորված` երեկվա նիստից դուրս եկող նախարարները հիմնականում մտախոհ էին ու ոչ այնքան բարձր տրամադրությամբ: Շեշտենք նաեւ, որ այս ընթացքում վատ կողմից աչքի ընկավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, քանի որ պարզվեց` ոլորտում կատարվել են հերթական չարաշահումները: Ոչ առաջին անգամ չարաշահումներ էին հայտնաբերվել նրա ղեկավարած նախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում, այդ կապակցությամբ անգամ քրեական գործ է հարուցվել: Նշենք նաեւ, որ չնայած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` նախարարին ամեն անգամ հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում պարբերաբար ներկայացրել է նախարարների տեսակետը` իրենց հետագա պաշտոնավարման, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնում հավանական եւ իրենց համար ընդունելի թեկնածուի շուրջ: Այս հարցերի շուրջ երեկ նույնպես «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարարներից մի քանիսի հետ:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, ո՞ր ծրագրերի համար Դուք պետք է շարունակեք աշխատել:
-Դա գնահատում է այլ կողմ: Ես հիմա չեմ կարող Ձեզ պատասխան տալ:
-Իսկ Կարեն Կարապետյանն իր իրականացրած ծրագրերի համար արժանի՞ է, որպեսզի շարունակի մնալ վարչապետի պաշտոնում:
-Խնդրում եմ` փողոցում ինձ այդ կարգի հարցեր մի՛ տվեք:
-Ըստ Ձեզ` Ս. Սարգսյա՞նը, թե՞ Կ. Կարապետյանն է արժանի վարչապետի պաշտոնին:
-Ասացի, որ փողոցում ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք:
-Ուղղակի Ձեր կարծիքը, պարո՛ն Լոքյան:
-Չունեմ կարծիք:
-Մնալո՞ւ եք, թե՞ ոչ:
-Դա էլ չգիտեմ:
-Իսկ ցանկություն կա՞ աշխատելու:
– …

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ոլորտում այդքան չարաշահումներից հետո Դուք կմնա՞ք նախարարի պաշտոնում:
-Ցտեսությո՛ւն:
Այս ասելով` Արտեմ Ասատրյանը փակեց մեքենայի դուռն ու հեռացավ:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան
-Պարո՛ն Տոնոյան, ի՞նչ եք կարծում` Դուք կլինե՞ք նոր կառավարությունում:
-Այդպիսի հարցերին ճիշտ չի հիմա պատասխանել:
-Իսկ Կարեն Կարապետյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարել եւ իրականացրած ո՞ր աշխատանքների համար:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ դա արդեն նոր կառավարության նշանակման ժամանակ կորոշվի բոլորի լիազորությունները:
-Իսկ Սերժ Սարգսյանը Ձեզ համար արժանի՞ թեկնածու է վարչապետի պաշտոնում:
-Ես պարոն նախագահի հետ աշխատում եմ արդեն 20 տարուց ավելի:
-Ե՞վ…կարծիքն ինչպիսի՞ն է:
-Բարձր:
Հ. Գ. Գլխավոր հարցը շարունակում է մնալ նոր վարչապետի նշանակումը: Որպես հիմնական թեկնածու, ինչպես հայտնի է, շրջանառվում է միայն Սերժ Սարգսյանի անունը: Ու եթե Ս. Սարգսյանը դառնա վարչապետ, լուրեր են շրջանառվում, որ Կ. Կարապետյանին բաժին կհասնի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Հատկանշական է փաստը, որ Կարեն Կարապետյանը իր կառավարության վերջին նիստին ներկայացել էր մուգ հագուկապով, եւ տպավորություն էր, թե նա սգի մեջ է: Չնայած Կարապետյանը երեկ փորձեց կատակել` ասելով. «Սահմանադրության պահանջից ելնելով` մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից` ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցե՛ք»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԷԺԱՆԱՑԵԼ Է, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ` ԹԱՆԿԱՑԵԼ

Մարտ ամսվա ընթացքում, փետրվարի համեմատ, կրկին գնաճ է արձանագրվել, ճիշտ է՝ ըստ ԱՎԾ-ի` ընդամենը 0.1 տոկոսի չափով, սակայն ինքնին փաստը ուշագրավ է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների թանկացմամբ եւ ծառայությունների սակագների հավելաճով: Օրինակ` ոչ պարենային ապրանքների շուկայում կենցաղային սարքերը թանկացել են 0.5 տոկոսով, հագուստը` 0.8 տոկոսով: Նշենք, որ կոշիկի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ: Իսկ ահա կահույքի գները բարձրացել են 1 տոկոսով, ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին` 1.4 տոկոսով: Նաեւ դեղագործական ապրանքներն են թանկացել` 0.5 տոկոսով:

Փոխարենը առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կաթնամթերքը, պանիրն ու ձուն մարտին, փետրվարի համեմատ, էժանացել են: Սա նպաստել է հավկիթի 6.9 տոկոս գնանկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում հունվար, մարտ ամիսներին մեծ քանակությամբ ձու է արտադրվել, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել նաեւ գնի վրա: Բայց անցած տարվա մարտի համեմատ` նշված ապրանքատեսակների շուկայում գնաճը կազմել է 5.3 տոկոս:
Պարզվում է` գնանկում արձանագրվել է բանջարեղենի շուկայում: Այս դեպքում, մարտին, փետրվարի համեմատ, բանջարեղենը էժանացել է 3.1 տոկոսով: Ըստ որոշ տեղեկությունների` սրան նպաստել են եղանակային պայմանները. գյուղացիները օգտվելով բարենպաստ եղանակային պայմաններից` կարողացան ժամանակից շուտ գյուղմթերք վաճառել: Քանի որ նախկինում գյուղացիները ցրտաշունչ ձմռան պատճառով գյուղմթերքը մարտ ամսից ուշ էին վաճառում: Խոսքը կանաչու (համեմ, կոտեմ, մաղադանոս եւ այլն), վարունգի մասին է: Օրինակ` Վանաձոր, Հրազդան քաղաքներում բանջարեղենի գները բավականին նվազել են` 5.5 տոկոսով: Իսկ երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում բանջարեղենն էժանացել է 2.6 տոկոսով: ԱՎԾ տվյալներով` մարտին, փետրվարի համեմատ, մսամթերքի շուկայում եւս գնանկում է արձանագրվել` 0.2 տոկոսով: Իսկ ահա անցած տարվա մարտի համեմատ, հակառակը, մսամթերքը թանկացել է 13.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ըստ ԱՎԾ-ի` ՀՀ 4 քաղաքներում մսամթերքը ոչ թե էժանացել է, այլ թանկացել 0.6-2.3 տոկոսով: Միրգն է զգալի թանկացել: Պաշտոնական վիճակագրությամբ` մեկ ամսվա ընթացքում մրգի գները բարձրացել են 9.2 տոկոսով:
Բացի այս` կարագի գներն են շարունակում բարձրանալ: Ըստ ԱՎԾ-ի` մարտին, փետրվարի համեմատ, կարագը թանկացել է 1.8 տոկոսով: Ինչի հետեւանքով յուղերն ու ճարպերն էլ են թանկացել` 1.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձկան եւ ծովամթերքի գները մարտին, փետրվարի համեմատ, բարձրացել են 1.2 տոկոսով, իսկ անցած տարվա մարտի համեմատ` 12.7 տոկոսով: Պարզվում է` Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով: Օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագները աճել են 4.5 տոկոսով: Իսկ ահա առողջապահության ծառայությունները բարձրացել են 2.5 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱՀԱՆՋ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տվյալներով` 2017 թվականի ընթացքում, նախորդ` 2016 թվականի համեմատ, Տավուշի մարզում արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալների, այդ թվում` անհատական բնակարաշինության ծավալների աճ կա: 2017թ. մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 13 միլիարդ 692 միլիոն 600 հազար դրամ, որից իրացվել է 13 միլիարդ 395 միլիոն 200 հազար դրամի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ` 2017թ. Տավուշի մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14.8 տոկոսով: 2017 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում նվազում է արձանագրվել: 2017-ին Տավուշի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 39 միլիարդ 700 միլիոն դրամ: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Գյուղատնտեսության մեջ նահանջը պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով, ցրտահարությամբ եւ կարկտահարություններով: 2017թ., 2016-ի համեմատ, ոչ մեծ չափով աճել են մարզում իրացվող մսի, կաթի եւ հավկիթների ցուցանիշները: Սակայն անասնապահության ոլորտում նաեւ նվազում կա: 2017թ. Տավուշում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմել է 29 հազար 656 գլուխ, որից կովերը` 13 502: Նախորդ տարվա համեմատ` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է 6.4 տոկոսով, կովերինը` 4.9 տոկոսով: 2017թ. Տավուշում պահվող ոչխարների եւ այծերի գլխաքանակը եղել է 15 հազար 24, ինչը նախորդ տարվա գլխաքանակից պակաս է 11.1 տոկոսով: 2017 թվականին, 2016-ի համեմատ, փոքր չափով աճել է մարզում պահվող խոզերի ու ձիերի քանակը, սակայն նվազել է թռչունների թիվը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ
Վերջին ժամանակաշրջանում Բագրատաշենի մաքսակետից աշխատանքից ազատվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներ: «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` աշխատանքից ազատվել է նոյեմբերյանցի 3 աշխատող, որոնցից 2-ը այդ մաքսակետում երկար տարիներ պաշտոնավարել են: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին Բագրատաշենի մաքսակետից ազատելու գործընթացն արդեն մեկ տարի շարունակվում է: Բագրատաշենի մաքսակետում նոր աշխատանքի ընդունվողների զգալի մասը Հայաստանի իշխանավորների, ազդեցիկ մարդկանց հարազատներ ու բարեկամներ են, նրանք գործի են ընդունվում բարեխոսություն-միջնորդության շնորհիվ: Մաքսակետի երեւանցի աշխատողները Բագրատաշեն աշխատանքի մեկնելիս 220 կմ ճանապարհ են կտրում, այդ ուղին հաղթահարում անհատական ավտոմեքենաներով կամ տաքսիներով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս