ԵՐԴՈՒՄՆ ԷԼ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի: Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս են տեղավորելու այդ 400 հոգուն. հարցին լուծում կտան վերջին պահին, տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից արդեն երեկոյան, ի պատիվ Սարգսյանի, նախատեսված է մեծ խնջույք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Դրան մասնակցելու են Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները. «շարքային» պատգամավորներից հավանաբար մի քանի հոգի կլինի: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ գիշերը կազմակերպվելիք խնջույքին ներկա է լինելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան, որը Արմեն Սարգսյանի հետ բիզնես գործընկեր է. «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ է գրել, որ Ա. Սարգսյանը Նազարբաեւների ընտանիքի վստահելի անձանցից մեկն է, եւ նրա միջոցով են Ղազախստանի ղեկավարի ընտանիքի անդամներն օրինականացնում իրենց գումարները: Սարգսյանը նաեւ եղել է Ղազախստանում «Բրիթիշ պետրոլ» ընկերության ներկայացուցիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը հյուրերի քանակի հետ կապված խնդիրների մասով մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ լրատվական վարչություն, որտեղից, սակայն, ասացին, թե բոլոր հրավիրվածներն էլ ունեն իրենց տեղը:
Հ.Գ. Ի դեպ, մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը լրագրողները հետեւելու են ԱԺ-ից: Այլ կերպ ասած` իշխանությունները շարունակում են սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների, որ նույնն է՝ մամուլի ազատության նկատմամբ: Ընդ որում, անգամ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նման սահմանափակումներ չկային:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի եւ պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու եւ խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել: Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` ատկատների հարցը «հավուր պատշաճի» կարգավորելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեեւ աշխատում են արտաժամյա, նաեւ հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարվելու` հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին:

 

 

 

Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել: «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա: Ու քանի որ վերջերս նաեւ տաքսու վարորդների մասնակցությամբ մի քանի հանցագործություն էր տեղի ունեցել, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց՝ ի՞նչ են արել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ: Պարզվում է` իշխանությունները այս ոլորտում միայն օրենսդրական փոփոխություններ են անում: Ավելին` Մարտիրոսյանը նշել է, թե իրենց պետք է քաղաքացիների աջակցությունը: «Ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ դա հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի»,- ասել է նա՝ կոչ անելով բոյկոտել վատ տաքսիները:

 

 

 

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին: Դեսպանի պաշտոնում ՌԴ իշխանությունների թեկնածուի ընտրությունը բավական ուշագրավ է: Բանն այն է, որ Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համագործակցության համաձայնագիր, Կոպիրկինի նշանակումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեսակետ կա, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, եվրոպական բարքերին քաջածանոթ դիվանագետի, որպեսզի ավելի հարկ եղած դեպքում հաջողությամբ իրականացնի անհրաժեշտ քայլերը:

 

 

 

ԷԼԻ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միջազգային մամուլի էջերից սկսել են միմյանց մեղադրել Ղարաբաղյան խնդրի լուծման չգնալու եւ ստատուս-քվոն պահպանելու մեջ:
Ալիեւը ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը չի ցանկանում փոխել ԼՂ առկա ստատուս-քվոն: «Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, եւ այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ո՛չ մեզ համար է ընդունելի, ո՛չ էլ միջազգային հանրության: Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,- ասել է նա` կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին այս հարցում ակտիվ գտնվել,-մեզ հակամարտության կարգավորում է անհրաժեշտ»:
Միաժամանակ Սերժ Սարգսյանն էլ Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի եւ «Global FDI reports» գործակալությանը համատեղ հարցազրույց է տվել ու պնդել, թե անցած 10 տարիներին Հայաստանը շարունակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ջանքերը, Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության ապահովմանը: «Չնայած մեր բոլոր ջանքերին եւ բարի կամքի դրսեւորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով եւ խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները»,- ասել է Սարգսյանը:
Առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միմյանց հասցեին նման մեղադրանքներ են հնչեցնում` փորձելով իրար վրա գցել խնդրի կարգավորված չլինելու պատասխանատվությունն ու ձեւացնելով, թե կողմնակից են հակամարտության լուծմանը: Բայց արի ու տես, որ իրականությունն այլ է. երկուսն էլ հայտարարություններից այն կողմ չեն անցնում եւ ԼՂ խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարում: Սա երկու երկրների իշխանություններին էլ ձեռնտու չէ, այլապես, հավատացեք, քաղաքական կամքի առկայության դեպքում այս խնդիրը լուծված կլիներ:




Լրահոս