ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՌՈՒՍԱՄԵՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկայում կայցելի Մոսկվա: Այս մասին նա հայտնել է երեկ` «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Եվ, փաստորեն, խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը եւս որոշել է չխախտել այս ավանդույթը, թեեւ մինչ այդ նրան իշխանությունները ներկայացնում էին որպես եվրոպական արժեքների դավանող, հետեւաբար եվրոպամետ անձնավորություն: Եվ սա դեռ ամենը չէ: Սարգսյանը ռուսական գործակալությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Եվ այսպես` Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում: Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը: Ավելին` Սարգսյանը շեշտել է. իր խնդիրն է համարում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդումը: Եվ սա ասում է մի գործիչ, ում շատերը, թերեւս, որպես արեւմտամետ գործիչ էին ընկալում: Իսկ այժմ նախագահի պաշտոնի ստանձնումից հետո առաջին իսկ հարցազրույցում Սարգսյանը խոսում է Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման մասին` չհիշատակելով, որ դա անհրաժեշտ է անել նաեւ Եվրոպայի հետ: Եվ սա հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը խորը եւ համապարփակ համաձայնագրի շրջանակում լայն համագործակցության դաշտ ունի նաեւ Եվրամիության հետ: Եվ այժմ որոշակի տարակարծություն կարող է առաջանալ. Արմեն Սարգսյանն ի վերջո արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ գործիչ է: Թեեւ երկրի համար, անշուշտ, ամենից շահավետը կլինի այն, որ բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձն առաջնահերթ լինի հայամետ:
Սարգսյանը նաեւ այլ ուշագրավ հայտարարություններ է արել: Տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն ասել է. «Ինձ համար Ռուսաստանը նախեւառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն»: Ապա Սարգսյանը պատմական էքսկուրս է կատարել` խոսելով ռուսական մշակույթի, գրականության եւ արվեստի մասին` շեշտելով, որ դրանք իր համար եղել եւ մնում են ոգեշնչման աղբյուր: Այսպիսով` հարց է առաջանում` իսկապե՞ս Ա. Սարգսյանը Ռուսաստանին համարում է կարեւորագույն գործընկեր, թե՞ կարծում է, որ անհրաժեշտություն կա խորացնելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ: Սակայն այս խոսքերից հետո կարելի է եզրակացնել, որ Սարգսյանն ի սկզբանե հստակ մեսիջներ է ուղարկում նույն Ռուսաստան` ներկայացնելով իր տեսակետը եւ դրական տրամադրվածությունն այդ երկրի նկատմամբ: Մյուս կողմից չի բացառվում, որ այս դիրքորոշման վրա իր ազդեցությունն ունեցած լինի նաեւ խորհրդային շրջանը: Արմեն Սարգսյանը խոսքում հիշատակել է, որ 1984-85 թվականներին եղել է միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Բայց խորհրդային բարքերին քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ նրա այս հայտարարությունը միանգամայն այլ եզրակացությունների տեղիք է տալիս. «կապիտալիստական Անգլիայում» առանց ՊԱԿ թույլտվության ամեն մարդ չէր կարող դասավանդել, դրա համար պետք էր ՊԱԿ-ում համապատասխան գործընթաց անցնել: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:
Մինչ այդ կարող ենք ենթադրել, որ առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվելու: Ամեն ինչ ընթանալու է ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե որոշված տրամաբանության շրջանակներում: Ու թեեւ հիմա նոր Սահմանադրության համաձայն` արտաքին քաղաքականություն իրականացնողը կառավարությունն է, վարչապետը, իսկ նախագահն ընդամենը նրանց ներկայացրած փաստաթղթերը վավերացնողն է, այնուամենայնիվ, նաեւ նախագահն է դեպի ՌԴ ռեւերանսներ անում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՊԱՀԵՆ
Ինչպես հայտնի է՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ մեկտեղ «Իմ քայլը» նախաձեռնությունն են իրականացնում եւ չեն մասնակցում երեկ մեկնարկած ԱԺ նիստի աշխատանքներին: Սովորաբար պատգամավորի աշխատավարձից պահումներ են կատարվում լիագումար նիստերից եւ հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայելու դեպքում: Գործող կանոնակարգումը կարող է տարածվել նաեւ ՔՊ-ականների վրա, եթե նրանք նիստերից բացակայելու վերաբերյալ հարգելի համարող տեղեկանք չներկայացնեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, թե այդ հարցերը կատարվում են ամսվա վերջին, եւ անհարգելի բացակայությունների պարագայում պահումներ կարվեն նաեւ նրանց աշխատավարձերից: Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորների բոյկոտն ու ԱԺ-ից դուրս գործունեությունը խորհրդարանի ղեկավարությունը մտադիր է համարել անհարգելի բացակայություն:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲՈՐԸ
Հայաստանի կառավարությունը առաջիկայում պետական գույք կվաճառի գինու արտադրությամբ զբաղվող «Արմենիա Վայն» ընկերությանը: Խոսքը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող շենք-շինությունների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի գնահատված արժեքը կազմում է ավելի քան 958 մլն 262 հազար դրամ: Տեղեկացնենք, որ նշված ընկերության համահիմնադիրն է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախարարի եղբոր ընկերությունը այս «խնդրանքով» դիմել է կառավարություն: Հավանաբար գործադիրը չի մերժի Մկրտչյանին: Իսկ «Արմենիա Վայն»-ը նախատեսում է կառուցել գրասենյակային տարածք, որն ամբողջությամբ ծառայելու է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Դիջիթեյն» ընկերությանը:

 

 

ՈՐ ՉՓԱԽՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը, բացի խիստ հսկողությունից, սկսել է կոկրետ քայլեր իրականացնել ՔԿՀ-ում դատապարտյալների հնարավոր փախուստները կանխելու համար: Ինչպես հայտնի է` մարտի 13-ին «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները կանխել են դատապարտյալների` նախապես ծրագրված եւ նախապատրաստված փախուստի փորձ, երբ տեսել են, որ երկրորդ հարկում պատիժը կրող անձինք փորձել են կտրել խցի ճաղավանդակները: Մեզ հասած լուրերի համաձայն` այս ՔԿՀ-ից սա փախուստի միակ փորձը չի եղել: Ըստ որոշ լուրերի` ավելի վաղ նման փորձեր է արել կալանավայրերում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը, որը նաեւ վնասել էր իր խցի սանհանգույցը, այլ իրեր: Ու հիմա ՔԿՀ ղեկավարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը` նոր մոտեցումներ ցուցաբերելով:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետի ԺՊ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար, Միքայել Արզումանյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար։

 

 

ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ եթերում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այլ քաղաքական ուժերի մղած պայքարին: «Մենք չենք ցանկանում որեւէ կերպ, լինի դա խոսքով կամ վերաբերմունքով, խանգարել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ պայքարող նախաձեռնություններին»,- ասել է Զուրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի կարծիքով՝ «առաջնորդման ցանկացած փորձ պետք է հիմնված լինի ոչ թե ակցիաների, այլ քաղաքական լուրջ պրոցեսի վրա»:«Ի վերջո, այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Խոսքը ոչ թե կանխելու մասին է, կանխելու բան այլեւս չկա: Երբ որ կարելի էր կանխել, մենք ամեն ինչ արեցինք: Խոսքը Սերժ Սարգսյանին իշխանությունից քշելու գործընթացի մասին է: Դա լրիվ այլ է: Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե տեսնի 100 հազարավոր մարդկանց, ողջ ժողովրդին փողոցներ ելած: Երբ լինի նման գործընթաց, երբ ժողովուրդը ձերբազատվի անտարբերության, ընկճվածության այն վիճակից, որի մեջ հայտնվել է, այդ դեպքում, բնականաբար, կարելի է շատ հաջող կազմակերպել լուրջ քաղաքական գործընթացներ»,- ասել է Զուրաբյանը: Նա անդրադարձել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուն` ընդգծելով, որ եթե Սարգսյանն անկեղծ է, «մենք պետք է տեսնենք մաֆիոզ համակարգի կազմաքանդումը»:

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվել է որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական է տվել: Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել:




Լրահոս