Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձագետները չեն կարողանում պարզել, թե, ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կիսլատա կամ վնասակար նյո՞ւթ էին բերել, լցրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, թե՞ պարզապես կոյուղաջուր էր:
Ինչպես հայտնի է` վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը՝ «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի արդյունք դարձավ: ՀՀԿ ավագանու անդամները գործի դրեցին բռունցքները. ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին ԵԾ խմբակցության կին անդամներին: Արդյունքում, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ինչպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, այնպես էլ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաեւ մի շարք վկաներ: Բայց արի ու տես, որ այդ քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համենայն դեպս, այդպես են պնդում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները: Մինչդեռ նա առաջին հարցաքննվողներից մեկը պետք է լիներ, քանի որ ողջ ծեծկռտուքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պարոն Տարոն Մարգարյանն իր ենթականերին հրահանգեց «դեմներն առեք, շուտ», եւ շեֆին հաճոյանալու համար քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու ՀՀԿ-ական անդամները հարձակվեցին կանանց վրա: Ասել է, թե քաղաքապետն ինքը սադրեց ողջ միջադեպը, հետեւաբար ինքը եւս պատասխանատու է կատարվածի համար: Կհարցաքննվի՞ Մարգարյանը, թե՞ ոչ, պարզ կլինի քննության ավարտից հետո: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ գործով անցնող տուժող Մարինա Խաչատրյանի եւ մյուս մասնակիցների մեջ դեռեւս առերեսում չի եղել: Այնինչ` քննչական այս գործողությունը եւս պետք է վաղուց արված լիներ. չէ՞ որ Մարինա Խաչատրյանը ՀՀԿ-ական ավագանիներին մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ:
Ինչեւէ, այս միջադեպի թերեւս ամենաինտրիգային հարցերից մեկն էլ շարունակում է մնալ հայտնի կոյուղաջուրը:
Բանն այն է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, ԵԾ անդամներին մեղադրել էր քաղաքապետի դեմ մահափորձ կատարելու մեջ: Նա մասնավորապես մարտի 19-ին մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրեն ասել են. «… ապացուցվել է արդեն վաղուց…..: Կոյուղաջրի մեջ եղել է կիսլատա»:
Իսկ կոյուղաջո՞ւր էր եղել, թե՞ կիսլատա կամ այլ վնասական նյութ, դեռեւս միջադեպի հաջորդ օրը ոստիկանության հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել էր փորձաքննություն, որպեսզի համապատասխան փորձագետները իրավիճակին տան գնահատական:
Այսպիսով` Երեւանի քաղաքապետարանում «մարտեր առանց կանոնների» հիշեցնող միջադեպից անցել է մոտ 2 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց պարզել, թե արդյո՞ք հայտնի է փորձաքննության եզրակացությունը, ի վերջո, տարայում կիսլատա է եղել, թե պարզապես կոյուղաջուր, ի պատասխան` կոմիտեից մեզ հայտնեցին. «Փորձագետները հայտնել են, որ ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունների բացակայության պատճառով։ Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե մեր հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները՝ այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար»։
Կարելի է ենթադրել, որ պարոն Տարոն Մարգարյանն ու իր ավագանու անդամները փորձել են ազդել «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» աշխատակիցների վրա` համոզելով կամ ստիպելով իրենց ձեռնտու եզրակացություն տալ: Եւ ամեն ինչ ավարտվել է նրանով, որ փորձագետները որոշել են թեման այսպես փակել` փորձելով ցույց տալ թե «գլուխ չեն հանում»: Պարզ է՝ որպեսզի մի կողմից չհակառակվեն ՀՀԿ-ական քաղաքապետին, բայց եւ մյուս կողմից կեղծ եզրակացություն չտան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ` Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաեւ Զոհրաբ Ղումաշյանը:
Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հունիսի 2-ին գրել էինք, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը: Սակայն ավելի ուշ հրապարակումներ եղան, թե Արամ Վարդանյանը թիրախավորված չի եղել: Սակայն օրերս մամուլը գրեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլեւ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը: Ու հիմա կալանավորվածներին նոր մեղադրանք կառաջադրվի նաեւ Վարդանյանի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ:
Ի դեպ, գործի շրջանակներում կալանավորվածներից շատերը սկզբում հրաժարվել էին ցուցմունք տալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ գործով եղել են կալանավորվածներ, որոնց ԱԱԾ-ն վերջին պահին կարողացել է համոզել, եւ նրանց ցուցմունքները նախաքննությունը իրականացնող մարմնի համար հիմք են եղել, որպեսզի գործով նախաքննության ավարտ հայտարարվի: Թե ում մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՐՁՅԱԼ ԶՈՀ
ՊՆ հաղորդագրության համաձայն` ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գեւորգի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Կարգապահական վարույթ էր հարուցվել այն բանի համար, որ Արայիկ Պապիկյանը «Սասնա ծռերի» գործով նիստերից մեկին հրաժարվել էր խուզարկության ենթարկվել եւ չէր կարողացել մտնել նիստերի դահլիճ: Դատավորը դատական սանկցիա էր կիրառել փաստաբանի նկատմամբ եւ դիմել Պալատին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: «Երբ նիստերը տեսանկարահանել թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ անհատական տվյալներ են պաշտպանում, ընդ որում, պաշտպանում են մի անձի տվյալներ, որն ապօրինի է գործել, խոսքը Արտուշ Գաբրիելյանի մասին է: Փաստաբանների պալատը զբաղվում է՝ ավելի շատ Արտուշ Գաբրիելյանին պաշտպանելով, իսկ փաստաբանների պաշտպանության համար մենք պիտի դիմենք դատարան, որ մեզ պաշտպանի փաստաբանների պալատից»,-նշել է Արայիկ Պապիկյանը: Ըստ փաստաբանի՝ պալատի խորհրդում տեղի է ունենում իրավաբանությունից հեռու գործընթաց։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է. «Կարծես թե վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես Կարեն Կարապետյանի խոսքից հասկացա, որ կարծես թե նրան են առաջադրելու: Ըստ նրա` իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի դեռ նրան պաշտոնապես չեն առաջադրել: Դա լուրջ չի լինի: Քաղաքական որոշումներ պետք է կայացվեն փաստացի իրողությունների վրա, ոչ թե ենթադրությունների: Մենք այս պահի դրությամբ որեւէ քննարկում չենք ունեցել»,- նշել է Բագրատյանը։ Նա նաեւ ասել է, թե եթե իրենք վարչապետին կողմ քվեարկեն, նշանակում է, որ այլեւս ընդդիմություն չեն:
ՊԱՇՏՈՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ որպես առաջին դեմք՝ որոշել են ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Կարեն Կարապետյանին կանչեցին՝ խոստանալով հետագայում վարչապետի պաշտոն, բայց հիմա նա խաբված վիճակում է հայտնվել, Սարոյանն արձագանքել է. «Իսկ ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել։ Հիմա որ փոխվարչապետ աշխատեց, նույն բանը չի՞… Տեսնում եք՝ հայ ազգի մեջ տենց լավ մարդիկ կան, ում համար պաշտոնը կարեւոր չի, կարեւորը հայ ազգի համար լավ բան անելն է»։