ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հերթական չարաշահումներն են բացահայտվել: Այս անգամ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտը հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի թիրախում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու եւ դրանց վերանորոգման համար մրցույթների հրավերներով անցած տարում թվով 29 չափաբաժինների մասով տեխնիկական բնութագրերում սահմանվել է, որ պարագաները պետք է լինեն գերմանական «Օթթո-Բոք» ֆիրմայի կողմից թողարկվող կամ համարժեք նյութերով եւ գերմանական տեխնոլոգիայով արտադրվող: Սակայն Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, որ նախարարության պահանջը հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին: Ըստ որի` գնման առարկայի բնութագրերը պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար:
Բանն այն է, որ ՀՀ-ում գործող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերում ապրանքի որեւէ երկրի տեխնոլոգիայով արտադրված լինելը չի համարվում բնութագրիչ: Պարզվում է` նախարարությունը մրցույթի տեխնիկական բնութագրերում նշել է այնպիսի պայմաններ, որոնք մենաշնորհային դիրք են ապահովել «Ինտերօրթո» ընկերության համար: Ի դեպ, նշված ընկերությունը հանդիսանում է «Օթթո-Բոք» ֆիրմայի պաշտոնական եւ միակ ներկայացուցիչը ՀՀ-ում:
ՎՊ հաշվետվությունից պարզ է դառնում նաեւ` նախարարությունը պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման եւ դրանց վերանորոգման մասին իրազեկվում է միայն կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվութունների միջոցով: Այսինքն` փաստացի չի մասնակցում հաշմանդամին պարագաների տրամադրման եւ դրանց վերանորոգման գործընթացին: Կարելի է ասել` Արտեմ Ասատրյանի կողմից չի վերահսկվում այդ ոլորտը: Բացի այս` չի գնահատվում պարագաների եւ մատուցված ծառայությունների համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին: Ընդամենը նախարարությունը պարագան ստանալու ծառայությունը մատուցված լինելու վերաբերյալ հաշմանդամի անվան դիմաց դրված ստորագրությունն է տեսնում: Իսկ գնային մասով հիմք են ընդունվել միայն նախորդ տարվա պայմանագրով սահմանված գները:
Ամենակարեւորը` որեւէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական եւ որը տեղական հումքով պատրաստված միեւնույն պարագան: Սա բնականաբար շահառուների համար ստեղծում է անհավասար պայմաններ եւ իր մեջ կարող է պարունակել տրամադրող կազմակերպության կողմից կամայական մոտեցման ռիսկեր: ՀՀ կառավարության 2015 թվականի որոշմամբ սահմանվել է «ստորին վերջույթի պրոթեզների» համար մեկ տարվա երաշխիքային ժամկետ, իսկ «ստորին մոդուլյար պրոթեզների» համար` 6 ամիս: Սակայն ՎՊ-ն արձանագրել է, որ անհասկանալի է, թե ինչ հիմնավորումներով են նման ժամկետներ սահմանվել: Բայց, օրինակ, «Օթթո-Բոք» կազմակերպության կողմից հրապարակած տեղեկության համաձայն` «ստորին վերջույթի պրոթեզների» եւ «ստորին վերջույթի մոդուլյար պրոթեզների» համար սահմանված է առնվազն 2 տարի երաշխիքային ժամկետ:
Սա դեռ ամենը չէ. ՎՊ-ն ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է նաեւ, որ ՊԵԿ-ի կողմից ստացված եւ վերոնշյալ ընկերության հրապարակած տեղեկությունների միջեւ տարբերություններ կան: Օրինակ` բաշխվել է 45 «թաթի պրոթեզ ըստ Շոպարտի» պրոթեզաօրթոպեդիկ պարագա` 12 մլն 150 հազար դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով: Մինչդեռ նշված ժամանակահատվածում պրոթեզաօրթոպեդիկ պարագայի պատրաստման համար անհրաժեշտ «Օթթո-Բոք» ընկերության կողմից նախատեսված տակացուները չեն ներմուծվել: Մյուս օրինակով` բաշխվել է 427 հատ «Սրունքի մոդուլյար պրոթեզ»` 251 մլն 930 հազար դրամ պայմանագրային արժեքով, սակայն պարագայի պատրաստման համար անհրաժեշտ, «Օթթո-Բոք» ընկերության կողմից դարձյալ նախատեսված մասերից չի ներմուծվել:
Նաեւ բաշխվել է 497 մլն 90 հազար դրամի պայմանագրային ընդհանուր արժեքով 470 ազդրի մոդուլյար պրոթեզներ, որոնց կառուցվածքում ընդգրկվում է ծնկահոդ: Բայց ՎՊ-ն ՊեԿ-ից տվյալներ է ստացել այն մասին, որ ընկերությունը ներմուծել է ընդամենը 269 հատ ծնկահոդ: Ստացվում է, որ ընկերության հաշվետվություններով ներկայացված պրոթեզների բաղկացուցիչ մաս հանդիսացող մնացած 212 մլն 559 հազար դրամ արժեքով 201 հատ ծնկահոդի հետ կապված պրոթեզների բաշխման փաստը անարժանահավատ է: Այսինքն` ընկերությունը կարող էր բաշխել միայն 284 մլն 531 հազար դրամի պայմանագրային ընդհանուր արժեքով 269 ազդրի մոդուլյար պրոթեզներ, ծնկահոդ:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ հրապարակել է, որ նախարարությունում կամ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտվել են տարատեսակ չարաշահումներ ու վատնումներ: Բայց չնայած սրան` Ասատրյանն այդպես էլ պատասխանատվություն չի կրում իր ղեկավարած ոլորտի համար, ընդհակառակը նա կառավարության ամենաերկար պաշտոնավարած նախարարներից է: Երեկ ՀՀ ազգային ժողովում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս չարաշահումների ֆոնին արդյո՞ք մնալու է այդ պաշտոնին: Սակայն հարցը լսելուց հետո նա պտտվեց եւ նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանից հետաքրքրվեց վերջինիս որպիսությունից: Բայց, դե, Արտեմ Ասատրյանի այս պահվածքը բնական է. քանի դեռ իր ղեկավարած կառույցում բացահայտված կոռուպցիոն սկանդալների համար նա պաշտոնանկ չի արվել կամ չի հայտնվել մոտակա քրեակատարողական հիմնարկում, շարունակելու է այդ գործելաոճը: Մեզ մնում է հերթական անգամ արձանագրել, որ նման պաշտոնյայի հետ հույսեր կապել պետք չէ: Զուր ժամանակի վատնում է:
Ի դեպ, պատահական չէ փաստը, որ ՎՊ-ն Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությունում ոչ միայն նախորդ տարի է ստուգումներ արել, այլեւ իր այս տարվա ծրագրում եւս նախատեսել է անցկացնել ստուգումներ: Եթե նկատի ունենանք այս նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկներում տիրող իրավիճակը, դժվար չէ կռահել, թե ինչո՞ւ են նրանք այսպես հետաքրքրել ՎՊ-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ ԹԱՆԿ ԵՆ
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է` այն հիվանդանոցներին, որոնք ունեն համապատասխան ծառայություններ դեղերի պահպանման համար, հնարավորություն տալ իրենց համար անհրաժեշտ դեղերը ներկրել, այդպես նաեւ ֆիզիկական անձանց: Ըստ նրա` ՀՀ դեղեր ներկրել օրենքով թույլ է տրվում միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցողներին: «Հիմա հարց. արդյո՞ք ՀՀ բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջության պահպանման բժշկական ծառայություններ մատուցելով, իրավունք ունե ն դեղ ներկրել, թե՞ ոչ, փաստորեն՝ ոչ: Նրանք պետք է մեծածախ շուկայից դեղ գնեն, որ կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որ այն հիվանդանոցները, որ ունեն դեղը պահելու վայր, տալ հնարավորություն ՀՀ դեղ ներմուծել ուղիղ՝ առանց մեծածախ գնորդին դիմելու»,-ասել է Հ. Հակոբյանը։ Ըստ նրա` սա բերելու է դեղերի գների իջեցմանը: Հ. Հակոբյանը նշեց, որ պետք է նաեւ ֆիզիկական անձանց թույլ տրվի դեղ ներմուծել. «Մեր երկում դեղերը թանկ են հարեւան Վրաստանի համեմատ»։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստին Կառավարությունը ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեմ էր արտահայտվել նախագծին` նշելով, որ հիվանդանոցները չունեն այն անհրաժեշտ պայմանները, որոնք լիցենզավորման դեպքում մենք պահանջելու ենք, քանի որ դա պատշաճ տեղափոխման պայմանների ապահովելն է եւ այլն:

 




Լրահոս