Գյուղատնտեսության նախարարությունը վատնել է պետական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: Այս մասին են խոսում ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՎՊ հաշվետվությունից տեղեկացավ, որ 2016-2017 թվականներին սերմերի ձեռք բերման դեպքում գյուղատնտեսության նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նաեւ նախահաշիվային գին չի կազմել: Ինչի արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի եւ շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է, որ տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից: Ընդ որում, պետության կողմից 2017 թվականին ՌԴ-ից ձեռք բերված ապրանքների 49.5 տոկոսը սուբսիդավորումից հետո սերմացուի 55.9 տոկոսը չի իրացվել: Ավելին` «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Դանսկոյ Ագրոխիմ Ցենտր» ընկերությունը, որի հետ կնքվել է պայմանագիր 2017 թվականի մարտի 7-ին, այսինքն` ավելի վաղ, քան ընդունվել է որոշումը:

Բացի սերմացուից` ԳՆ-ն թունաքիմիկատների գնման գործընթացում եւս չի խնայել պետական միջոցները` նախընտրելով թանկը: Այսպես` ԳՆ-ն անտառները եւ բույսերը հիվանդություններից ու վնասատուներից մաքրելու համար ծախսել է 15 մլն 508 հազար դրամ. թունաքիմիկատի ձեռքբերման համար ԳՆ-ի կողմից իրականացվել է գնում եւ հայտում նշվել է «Արրիվո» կամ համանման տեսակի 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութի պարունակությամբ թունաքիմիկատ: Նշենք, որ 2016 թվականին մրցույթի հաղթող է ճանաչվել «Հրաշք այգի» ընկերությունը` առաջարկելով «Ցիպերմաքսի» տեսակի թունաքիմիկատը` ավելի քան 15.5 մլն դրամ: Այս դեպքում դարձյալ նախարարությունը չի ուսումնասիրել շուկայական գները, չի կազմել նախահաշիվ: Հայտում միայն նշվել է «Արրիվո» թունաքիմիկատը: Բայց նկատենք, որ գոյություն ունեն անտառների տերեւակերների դեմ պայքարի տարբեր թունաքիմիկատներ: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մրցույթի մեկ այլ մասնակից` «Արտագրո» ընկերությունը, այդ նպատակով մեկ այլ տեսակի թունաքիմիկատ է առաջարկել, սակայն մերժվել է: Մինչդեռ ԳՆ-ն տվյալ ընկերության կողմից առաջարկված թունաքիմիկատը գնելու դեպքում հնարավոր կունենար տնտեսել 2.9 մլն դրամ:

ՎՊ-ն պարզել է նաեւ, որ ԳՆ-ի կողմից չի իրականացվել համապատասխան հսկողական մեխանիզմներ, մոնիթորինգ` անասունների փաստացի պատվաստումների քանակի եւ որակի նկատմամբ: Իսկ սանիտարական սպանդն իրականացվել է ոչ սպանդանոցային պայմաններում, լայն կիրառվել է բակային մորթ, որը հիվանդությունների տարածման մեծ ռիսկ է: Բայց ամենասարսափելին այն է, որ պետական պատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումների նկատմամբ ԳՆ-ի վերահսկողությունը զուտ փաստաթղթային է, ինչը խիստ մտահոգիչ է: Բացի այս` պատվաստանյութերի ազդեցության ստուգման շճաբանական հետազոտություններ չեն իրականացվել: Արդյունքում անասնաբուժական պետական վերահսկողությունը իրականացվել է թերի եւ առանց որեւէ գիտական կամ ռիսկայնության հաշվարկի հիմքերի: Իսկ պատվաստման համար անհրաժեշտ ասեղները, ֆիզլուծույթը եւ այլ պարագաների համար փաստացի վճարել են գյուղացիների կողմից: Մինչդեռ ըստ ՎՊ-ի` դրանք պետք է ծրագրով նախատեսվեին: Չէ որ ծրագրի նպատակն է գյուղացիներին անվճար անասնաբուժասանիտարական ծառայության մատուցում:

Նույն պատկերն է նաեւ տավարաբուծության զարգացման ծրագրի դեպքում: Օրինակ` Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Գագիկ Հակոբյանը 2016-ին ձեռք է բերել 46 մլն 531 հազար 720 դրամի 41 գլուխ երինջ: Վճարման պարտավորությունները ընդհանրապես չկատարելու հետեւանքով անցած տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ միայն մայր գումարի մասով ունի ավելի քան 4.6 մլն դրամ ժամկետանց պարտավորություն: Ավելին` ՎՊ-ն պարզել է, որ տվյալ քաղաքացու մոտ երինջները չեն եղել: Իսկ ահա «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը, որը գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 2016 թվականին ձեռք է բերել 171 գլուխ երինջ: Այս ընկերությունը ընդհանրապես չի կատարել վճարման պարտավորությունները, կուտակել է ավելի քան 19 մլն դրամ ժամկետանց պարտավորություն: Կարճ ասած` 2016 թվականին ժամկետանց պարտավորություններ ունեցող 12 շահառուներից 2-ի մոտ պարտքը կազմում է 5 մլն 220 հազար դրամ: Բայց հաշվի առնելով, որ նրանց մոտ 46 գլուխ երինջից ոչ մի գլուխ չկա: Այս դեպքում որպես պարտավորություն ՎՊ-ն հաշվել է այդ երինջների մասով կնքված պայմանագրի ամբողջ գումարը, որը կազմում է 52 մլն 206 հազար դրամ:

Մինչդեռ կառավարությունը նախատեսել էր երինջների ներկրմամբ ապահովել կաթի արտադրության ծավալների աճը եւ կաթնային տավարաբուծության զարգացումը` այդ ծրագրի համար հատկացնելով հսկայական միլիոններ: Ավելին` ներկրված կենդանիների հաշվին պետք է վերափոխվեր Արարատյան հարթավայրի տավարի գլխաքանակը, 2-3 անգամ ավելացվեր Արարատի եւ Արմավիրի մարզերի կովերի կաթնատվությունը: Նաեւ տարեկան պետք է լրացուցիչ արտադրվեր գրեթե 8 հազար տոննա տավարի միս: Բայց ՎՊ-ն բացահայտել է, որ երինջների բաշխումն ու հատկացումը ուղեկցվել է թերացումներով:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կադրերից է եւ կառավարության կազմում հայտնվեց 2016թ. սեպտեմբերից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս