Ապրիլի 16-ին «Իմ քայլը» նախաձեռնության կողմից իրականացված բողոքի ակցիայի սպիները դեռեւս շատ կհիշվեն բազմահազարանոց ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ օրը ոստիկանները ցուցարարների ուղղությամբ կիրառեցին ձայնային նռնակ, ինչի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
Ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա: Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Սակայն Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց վերջինիս չսադրել իրավիճակը, չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը, եւ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը:
Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում, մի շարք մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Բաղրամյան պողոտայում սկսվեց քաոս, եւ իրար հետեւից բազմության միջից ցուցարարները սկսեցին օգնության կանչել եւ վիրավոր երիտասարդներին գրկած դուրս բերեցին ցուցարարների միջից` շտապ հասցնելով հիվանդանոց: Ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ օգտագործելու արդյունքում վիրավորվել էին նաեւ 6 ոստիկան: Ավելին` տեսանյութերում նկատվում է, թե ով է ձայնային նռնակ կիրառողը, սակայն դիմակով է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հետաքրքրվելով, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել 16.04.2018թ. ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ կիրառելու փաստը, այն կիրառելու օրինականությունը, կիրառելիս անվտանգության կանոնների պահպանումը, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ:
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են. «ՀՀ դատախազության հանձնարարությամբ` ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից սույն թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»: Իսկ հարցին, թե արդյո՞ք այս կապակցությամբ կհարուցվի քրեական գործ, դատախազությունից հայտնել են. «Ձեզ հետաքրքրող դեպքով քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվի համապատասխան դատավարական որոշում»:
Հիշեցնենք, որ իշխանությունները հատուկ միջոցներ էին կիրառել 2008թ. մարտի 1-ին: Այդ օրվա 10 սպանվածներից 3-ի՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մահվան պատճառը հենց «Չերյոմուխա 7»-ն էր: Միայն թե մինչեւ հիմա այդպես էլ որեւէ մեկը չի պատժվել դրա համար: Պաշտոնական պատճառը` իբր թե հնարավոր չի եղել պարզել՝ կոնկրետ ո՞ր ոստիկանի արձակած հատուկ միջոցի հետեւանքով է եղել մահը: Չնայած, հիշեցնենք, ե՛ւ նախաքննությամբ, ե՛ւ փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքում բացահայտվել էր «Չերյոմուխա 7» կիրառած ոստիկանների ինքնությունը: Ըստ այդմ, «Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» գազային նռնակ փամփուշտները կրակել են 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լեւոն Հակոբյանը՝ 20 հատ, Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ։ Ընդամենը օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց»։
Հետաքրքիր է՝ իսկ այս անգամ ձայնային նռնակ կիրառած ու անգամ իր ծառայակիցներին վիրավորած ոստիկանները կպատժվե՞ն, թե՞ անպատժելիությունն ավանդույթի պես կշարունակվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ