Իշխանությունների երեկվա պահվածքը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Վարդանիկին հայրը խնդրում է երեկոյան հյուրերի մոտ «խելոք մնալ», նույնիսկ դրա դիմաց գումար է տալիս: Վարդանիկը պայմանավորվածության համաձայն` հյուրերի մոտ իրեն կարգին է պահում, մինչեւ այն պահը, երբ ճանճն անընդհատ իր ափսեի վրա է նստում: Չդիմանալով ճանճի «հարձակումներին»` հյուրերի ներկայությամբ հորն է նետում տված փողն ու ասում. «Առ էդ քո հազար դրամը, բայց էս ճանճին ես պիտի սատկացնեմ»: Երեկ ճիշտ նույնկերպ պահեցին իշխանությունները. սկզբում իրավիճակը չսրելու, նաեւ՝ եվրոպացիների աչքին ժողովրդավար, հանդուրժող երեւալու /իհարկե, որոշակի դրամական ակնկալիքներով/ համար նրանք հանդուրժում էին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը հանրահավաքներ անեն, անգամ մայրաքաղաքի փողոցները փակեն՝ կաթվածահար անելով ողջ կենտրոնը: Վերջին մի քանի օրերին հանրահավաքի վայրում անգամ ոստիկաններ չկային: Բայց երեկ ինչ-որ պահից նրանք նորից իրենց տարերքի մեջ էին. հարձակվեցին դեպի ԱԺ գնացող ցուցարարների վրա, կիրառեցին ձայնային նռնակներ` վիրավորելով իրենց իսկ ծառայակիցներին:
Եւ այսպես` ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» նախաձեռնությունը մեկնարկել էր մարտի 31-ից, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնության անդամները Գյումրիից որոշեցին ոտքով հասնել Երեւան, ապա մայրաքաղաքում պայքար սկսեն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այդպես էլ եղավ, եւ քայլերթի ընթացքում Երեւանում տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին, այդ թվում՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, եւ այս օրերի հանրահավաքները ընթանում են արդեն երկու ուժերի հետ համատեղ:
Մի քանի օրվա հանրահավաքից հետո Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ակտիվ գործողություններ սկսել՝ 36 ժամ անընդմեջ: Եվ երեկ` վաղ առավոտից, կաթվածահար արվեց Երեւանի մեծ թվով կենտրոնական փողոցների երթեւեկությունը, կաթվածահար արվեց Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ օրվա սկզբում ոստիկանությունն առանձնապես չէր խոչընդոտում ցուցարարների գործողություններին: Ամեն ինչ նորմալ էր ընթանում, մինչ այն պահը, երբ վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ եւ մի քանի ելույթներ ունենալով` Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին շարժվել Ազգային ժողովի շենքի ուղղությամբ: Եւ ՔՊ անդամ չորս պատգամավորների գլխավորությամբ բազմությունը շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա:
Հասնելով ոստիկանների պատնեշին` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները կարող են անարգել անցնել եւ գնալ խորհրդարանի շենք: Սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այսքան մարդ ցանկանում է իր մոտ ընդունելության գնալ, եւ բոլորին պետք է թողնեն: Սակայն Օսիպյանը փորձում էր ամեն կերպ Փաշինյանին համոզել առաջ չգնալ եւ լարվածություն չստեղծել: Փաշինյանը, ի վերջո, բարձրացավ թիմակիցների «ուսերին», փորձեց անցնել փշալարերի վրայով, որից հետո արդեն բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները սկսեցին հատուկ միջոցներ կիրառել: Դրա հետեւանքով քառասունից ավելի վիրավորներ եղան, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, մի քանի ոստիկաններ: Ընդ որում, Փաշինյանը լրիվ արյունլվա վիճակում էր. տարբեր վնասվածքներ էր ստացել: Բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո Փաշինյանը բուժզննում ստացավ, սակայն որոշեց կրկին վերադառնալ Բաղրամյան պողոտա: Նրա վերադառնալու հետ մեկտեղ Բաղրամյան պողոտա եկան նաեւ «Ելք» խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը, որոնք, հիշեցնենք, ժամանակին միայնակ էին թողել իրենց դաշինքի անդամ գործընկերոջը` չկիսելով նրա պայքարի մեթոդները: Դեռ ավելին` հիշում եք` Մարուքյանը մի հոդված հրապարակեց` իշխանություններից ոչ պակաս բառապաշարով քննադատելով իրենց խմբակցության ղեկավար Փաշինյանին: Մարուքյանը երեկ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, այլ միայն Փաշինյանի կողքին իրենց ներկայությունը մեկնաբանել է. «Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու եւ հիմա այստեղ ենք: Սա նշանակում է՝ մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»: Բայց Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներից հետո, սակայն, այդ երկու գործիչները շատ արագ հեռացան. նրանց այլեւս չտեսանք ո՛չ նրա կողքին, ո՛չ էլ Ֆրանսիայի հրապարակում:
Բաղրամյանում տեղի ունեցած գործողություններից հետո նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաք անցկացրին եւ ներկայացրին այսօրվա անելիքները: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի թիմը նախատեսում է երեկվա պես կաթվածահար անել քաղաքի երթեւեկությունը՝ ավելի մեծ թափով: «Թե որքան կշարունակվեն գործողությունները, անկախ դրանից` վաղը` դարձյալ 8:15-ից կմեկնարկեն բոլոր նույն գործողությունները, ու պետք է փակվեն ավելի շատ փողոցներ, կշարունակվի մետրոպոլիտենի հաջողված գործողությունը… ինձ համար փակ դուռ չկա, անկախ վերքերից ու արյունահոսությունից, ես անցա փշալարերը, ինձ կանգնեցնել հնարավոր չէ, պետք լինի` էլի կանցնեմ», – հայտարարեց նա` շարունակելով. «Վաղը` /նկատի ունի այսօր,-Ն.Հ./ ժամը 12-ին, ԱԺ նիստ է նախատեսվում, ի՞նչ ենք անելու. մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է անենք ավելի լայն մասշտաբներով ու փակենք դեպի ԱԺ բերող բոլոր մուտքերը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ 12:00-ին, ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը վարչապետ է ընտրելու: Մինչ երեկ դեռ հստակ չէր, թե որտեղ է տեղի ունենալու հատուկ նիստը՝ ԱԺ-ում, թե, այնուամենայնիվ, իշխանությունները որոշում կկայացնեն այն ուրիշ վայր տեղափոխելու մասին: Երեկվա դրությամբ իշխանական պատգամավորները, այդ թվում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պնդում էին, թե ԱԺ նիստը, որում Սերժ Սարգսյանին ընտրելու են վարչապետ, տեղի է ունենալու հենց խորհրդարանի շենքում, եւ որ իրենք վախենալու բան չունեն /չնայած, հիշում եք` շաբաթ օրը ՀՀԿ-ն փախավ Ծաղկաձոր եւ այնտեղ որոշում կայացրեց Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու մասին: Իսկ փախան, որովհետեւ ցուցարարները հայտարարել էին ՀՀԿ շենքը շրջափակելու մասին/: Հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկը կրկին շարունակում է մնալ խորհրդարանի մուտքերը փակելը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան ներս մտնելու: Ուշագրավն այն է, որ երեկ` հանրահավաքի ժամանակ, տեղեկություն ստացվեց, թե ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն խորհրդարանում են եւ գիշերելու են այնտեղ: Նիկոլ Փաշինյանը խոստացավ ստուգել այդ տեղեկությունը, սակայն այն վերջնականապես այդպես էլ չհաստատվեց:
Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին ուղեւորվեց Բաղրամյան պողոտա, որից հետո ոստիկաններին հակագազային դիմակներ կրելու հրաման տրվեց, որը մի քանի րոպե անց կասեցվեց: Ոստիկանական պատնեշի հետեւում նաեւ ջրցան մեքենա էր նկատվում: Ավելին` երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը, հետեւաբար իրենք պահանջում են այն դադարեցնել եւ սպառնացել են ողջամիտ ժամկետում հանրահավաքները չդադարեցնելու դեպքում ուժի դիմել, հատուկ միջոցներ կիրառել: Սովորության համաձայն` նաեւ քրեական գործ է հարուցվել. ՀՀ գլխավոր դատախազությունն այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել: Ասել է, թե իշխանությունները գործի են դրել ուժային մամլիչ մեքենան՝ իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Իսկապես, կարելի է խղճալ այս իշխանություններին:
Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ` ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը այս օրերին լուծում են երրորդ ժամկետում իրենց պաշտոնավարման հարցը: Երեկ այս հանգամանքի վրա ցուցարարների ուշադրությունն է հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՃԱՐԱՀԱՏՅԱԼ
ՀՀԿ խորհրդի շաբաթ օրվա նիստից անմիջապես հետո ՀՅԴ Գերագույն մարմինը շտապեց հայտարարություն տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք էլ են սատարում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Երեկ արդեն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ նախագահին են ներկայացրել վարչապետի իրենց թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Նկատենք, սակայն, ՀՅԴ ԳՄ հայտարարության շեշտադրումներն ուշագրավ էին. ավելի ճարահատյալ, դժգույն տեքստ դժվար էր պատկերացնել. ըստ էության ՀՅԴ-ն քաղաքակիրթ եղանակով հասկացրել է, որ կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ ստիպված է. Սահմանադրությամբ վարչապետ առաջադրելու իրավունքը մեծամասնություն ունեցող ուժինն է, եւ որ կոալիցիոն հուշագիրն էլ իրենց պարտադրում է հարգել գործընկեր մեծամասնության որոշումը, ուստի իրենք կվարվեն այդպես: Եւ ՀՅԴ հայտարարության մեջ չկար որեւէ էնտուզիազմ, որեւէ ձոն կամ ներբող ՀՀԿ-ականների համար անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին` երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ԱԺ ճեպազրույցներին ասել է, թե մարդիկ թող ընտրակաշառք չվերցնեին, չընտրեին ՀՀԿ-ին, որ այսօր էլ չգային պայքարի: Այլ կերպ ասած` նա անուղղակի, բայց հասկացրել է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել հենց ընտրակաշառքի շնորհիվ: Միայն թե այսքանից հետո լավ կլիներ, եթե ՀՅԴ-ն խզեր գործընկերային հարաբերությունները ՀՀԿ-ի հետ, այլ ոչ թե հանուն պաշտոնների եւ գումարի` մաս կազմեր այդ իշխանության:
ԱԶԱՏ ԵՆ ԹՈՂԵԼ
«Ծառուկյան» խմբակցությունն այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ իր պատգամավորներին քվեարկելու հարցում ազատ է թողել: Չնայած նախապես հայտարարել էին, թե միակերպ քվեարկություն է լինելու, սակայն քննարկումներից հետո փոխել են որոշումը: Ընդ որում, արդեն իսկ հայտնի է, որ Սերժ Սարգսյանին այս խմբակցությունում կողմ քվեարկողներ շատ կլինեն. հատկապես խոսքը գործարար թեւի մասին է, որոնք կապ են պահպանում իշխանությունների հետ: Իսկ արմատական ընդդիմադիրի կերպարը հավանող ԲՀԿ-ականները միանշանակ դեմ են քվեարկելու. ընդդիմադիրը չի կարող իշխանական թեկնածուին կողմ քվեարկել սկզբունքով:
ԶՐԿԵԼ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ
Հայաստանյան պետական գերատեսչություններում երեկ գրեթե ողջ օրը անջատված է եղել ինտերնետ կապը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` պատճառն այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերն են, եւ ինտերնետ կապն անջատել են, որպեսզի պետական գերատեսչությունների աշխատակիցները չկարողանան թեկուզ օնլայն եթերում հետեւել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հայտարարված պայքարին: Մեզ հայտնի դարձավ, որ ինտերնետ կապն անջատված է եղել հիմնականում ԱԺ-ում, կառավարությունում, նախարարություններում, Երեւանի քաղաքապետարանում եւ այլն:
ԿԺՊՏԱ ԵՎ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու մասին, Բաղդասարյանը նշել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ նիստերն արտագնա են անում: «Մեր դահլիճը 180 տեղ է, իսկ խորհրդի անդամները 250-ից ավելի են: Բնականաբար այդպես էլ եղավ, շուրջ 240 անդամներ մասնակցում էին, եւ ընտրեցինք այնպիսի դահլիճ, որ մենք այլ տեղ ընտրեցինք»,- ասել է Վ. Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե ընդդիմության երթի մասնակիցները մտադիր են շրջափակել Ազգային ժողովը, Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է իր մարտավարությունը: «Ինչպես բոլոր օրերին, մենք պետք է գանք ԱԺ: Դա մեր խնդիրը չէ, պատկան մարմինների գործն է` ապահովել մեր մուտքը աշխատանքի վայր: Նրանք ուզում են իշխանության գալ ոչ սահմանադրական ճանապարհով»- ասել է նա, իսկ հարցին, թե ինչ կանի, եթե թույլ չտան իր մուտքը ԱԺ, պատասխանել է. «Կժպտամ, կբացատրեմ եւ մուտք կգործեմ: Իրենք են կոչ անում, որ բռնություն չլինի: Յուրաքանչյուր մարդ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի»: