ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին` Շմայսին պատկանող, Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական շուկան դեռ չի բացվել: Ինչպես հայտնի է` ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում էր գյուղատնտեսական մթերքների շուկա բացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հայտարարել էր, որ շուկան իր գլխավորությամբ է կառուցվում: Իսկ բարերարը մոսկվաբնակ Ռուբեն Մանուկյանն է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախկին պատգամավորը, կարծես թե, հրաժարվել է գյուղատնտեսական շուկայից:
Տեղեկացնենք, որ անցած տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Առաքել Մովսիսյանին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով այդպես էլ չհաջողվեց բավարար ձայն հավաքել, եւ նա դուրս մնաց խորհրդարանից: Դրանից հետո նա որոշել էր բիզնեսով զբաղվել. մասնավորապես նա մտադրվել էր գյուղատնտեսական շուկա բացել: Անգամ այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Ի դեպ, նախկին պատգամավորը պատրաստվում էր նաեւ շուկայի ներսում պահածոների արտադրամաս ու մեծ պահեստ կառուցել, որտեղ գյուղացիները կկարողանան իրենց գյուղմթերքը պահել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առաքել Մովսիսյանը գյուղատնտեսական շուկայի մի մասը վերածել է ավտոշուկայի: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը պնդել է, թե հիմա զբաղվում է քաղաքականությամբ եւ օրենքներ է գրում: Հետաքրքիրն այն է, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում Մովսիսյանն այդպես էլ ԱԺ ամբիոնին մոտ չեկավ, որեւէ օրենքի նախագիծ չներկայացրեց, հարց չտվեց, ելույթ չունեցավ, բացառությամբ դահլիճից ընդդիմադիրների, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի հասցեին «յոթ հարկանի» հայհոյանքները:
-Պարո՛ն Մովսիսյան, ե՞րբ է բացվելու օդանավակայանի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական շուկան:
-Ես արդեն այդ շուկայի հետ կապ չունեմ… ընդհանրապես:
-Ինչո՞ւ…
-Վարձով եմ տվել:
-Ո՞ւմ եք վարձով տվել:
-Ես չեմ կարող ասել, գաղտնիք է դա: Հասարակ գյուղացի է, ուզում է` երկու կոպեկ փող աշխատի, տուն պահի:
-Ինչո՞ւ եք հրաժարվել գյուղատնտեսական շուկայից:
-Չեմ հրաժարվել: Աշխատատեղ բացելու համար ինքը ավելի փողատեր էր, քան ես…
-Բայց ասում էիք հասարակ գյուղացի էր…
-Գաղտնիք է: Կարելի է ասել` նվեր եմ տվել, որ աշխատատեղ բացի: Ես հնարավորություն չունեի բացելու, նվեր տվեցի, որ ինքը բացի: Տեղյակ չեմ, երբ է բացելու շուկան, բայց ներդրումներ էին ուզում անել:
-Հնարավորություն` ֆինանսակա՞ն, թե՞…
-Չէ՛, ժամանակը չէր հերիքում…
-Ինչո՞վ եք զբաղված:
-Քաղաքականությամբ…
-Կմանրամասնե՞ք…
-Չէ՛, ժամանակ չունեմ:
-Դուք պատգամավոր չեք, քաղաքականությա՞մբ եք զբաղվում…
-Իհարկե, զբաղվում եմ: Իմ Հանրապետական կուսակցությունից ուժեղը չկա, աղջիկ ջա՛ն…
-Կոնկրետ ի՞նչ եք անում…
-Հիմա նստած` օրենքներ եմ գրում, որ Դուք էլ հրապարակեք: Շատ կարեւոր օրենք եմ գրել, որ հիմա գործում է ե՛ւ բանակի, ե՛ւ ձեր համար, որ լրագրողներդ վաղը, մյուս օրը լիազորություններ ունենաք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐՆ ԷԼ ՄԻԱՑԱՆ
Գյումրիում երեկ` վաղ առավոտից, ակտիվիստներն ավտոմեքենաներով փակել էին Գարեգին Նժդեհ փողոցից դեպի Շիրակի մարզպետարան տանող հատվածը` սատարելով մայրաքաղաքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ իրականացնողներին: «Հիմնական խնդիրը քաղաքացիների խաբված լինելն է: Պայքարն ավելի շատ բարոյական հարթությունում է: Ամենաբարձր մակարդակում բնակչությանը խոստում է տրվում ու չի կատարվում: Քաղաքացիների պահանջը հենց դրա համար է». հայտարարեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախագահ Ղարիբ Հարությունյանը: Ակտիվիստ Կարեն Պետրոսյանն էլ ասաց. «Մեր ազգի մեջ երկու կարեւոր արժեք կա՝ արդարություն եւ իրավունք: Ճշտախոսությունը արդարության կարեւոր տարրերից մեկն է: Գյումրիում այդպես է ընդունված. եթե խոսք ես տալիս, պիտի կատարես: Մենք միանում ենք այդ ընդվզմանը այն իմաստով, որ ցանկացած հայ տղամարդ պիտի իր խոսքը կշռի ու պահի»: Բողոքի ցույցին արձագանքել է նաեւ Շիրակի դաշնակցական մարզպետ Խաչատրյանը, որի կուսակցությունը, հիշեցնենք, երեկ միացել էր Ս. Սարգսյանին վարչապետ առաջադրելու ՀՀԿ նախաձեռնությանը. «Սա սովորական քաղաքական գործընթաց է: Չեմ կարող ասել` քայլը ճիշտ է, թե սխալ: Սխալ կամ ճիշտը կախված է նրանից, թե ինչ ես ուզում անել: Ալիսան հրաշքների աշխարհում. ասում է` ճիշտ ես գնում, պատասխանում է` կախված է նրանից, թե ուր ես ուզում գնալ»,- հայտարարել է մարզպետը:
Գյումրեցի ակտիվիստներն ավտոերթով շարժվեցին բուհեր` ճանապարհին պարբերաբար փակելով քաղաքի տարբեր հատվածների փողոցներն ու հրապարակները: Նրանք դասադուլի կոչ հնչեցրին` ուսանողներին հորդորելով միանալ իրենց: Օրվա երկրորդ կեսից հետո Թատերական հրապարակում հավաքված ակտիվիստները որոշեցին միանալ մայրաքաղաքի ցուցարարներին: Գյումրիում ցուցարարներն ավտոերթ անցկացնելիս ու դեպի բուհեր շարժվելիս կանգնեցին Վազգեն Սարգսյան փողոցում ու կպչուն ժապավենով փակեցին այնտեղ տեղադրված արագաչափը: «Էս զիբիլը չպիտի ստեղ էղնի, երեկ էլ էինք փակել, էս ով է բացել»,- ասաց ակտիվիստ Հայկ Բարսեղյանը:
Ավտոշարասյունը ժամը 16:00-ին շարժվեց Երեւան: Մայրաքաղաքի մուտքի մոտ ակտիվիստներին դիմավորել են ոստիկանները եւ փորձել խոչընդոտել նրանց տեղաշարժը։ Ակտիվիստներին սակայն հաջողվել է մտնել Երեւան ու միանալ ցուցարարներին։
Հ.Գ. Ժամանակին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ավագանու որոշմամբ Ս. Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել: Բայց, փաստորեն, գյումրեցիները որոշել են պայքարել իրենց «պատվավոր քաղաքացու» հետագա պաշտոնավարման դեմ. դե, իհարկե, այս տարիներին նրա գրանցած ձախողումների պատճառով:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի եւ Լոռու մարզի մյուս բնակավայրերի երիտասարդները, ուսանողները եւս միացել են Երեւանում անցկացվող «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիային: Անգամ Ալավերդի քաղաքից էին շատ երիտասարդներ շտապել մարզկենտրոն Վանաձոր՝ ցույցին մասնակցնելու համար: Նրանք շրջափակել էին Վանաձորի Արցախ պուրակին հարող Տիգրան Մեծ պողոտան` կասեցնելով երթեւեկությունը:
«Սա էն դեպքն ա, որ ամբողջ հայությունը պիտի միանա: Բոլորս էս վիճակից գոհ ենք, չենք ուզում էս ամեն ինչը շարունակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից Դավիթ Խաչատրյանը: Ցուցարարների հավաստմամբ` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը առավոտյան ավելի մեծաթիվ էր:
Վերջիններս հետագա գործողությունները պլանավորելու եւ վաղվա օրակարգը հստակեցնելու համար Տիգրան Մեծ պողոտայից շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Նրանք կոչ են անում հանրությանը միանալ բողոքի ակցիային նաեւ այսօր` ժամը 11:00-ից, Վանաձորի Արցախ պուրակում:
ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բագրատաշենի մաքսակետից աշխատանքից ազատվել է 12 հոգի: Աշխատանքից ազատվածների մեջ կան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ աշխատակիցներ: Կրճատվածներից մի քանիսը Նոյեմբերյանի տարածաշրջանի, մյուսները հանրապետության այլ տարածքների բնակիչներ են: Նրանց չեն հայտնել աշխատանքից ազատման պատճառը, նախկինում նրանց ծանուցագրեր էին հանձնել աշխատանքից հնարավոր ազատման վերաբերյալ: Բագրատաշենի մաքսակետում տեր ու տնօրինություն են անում մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Վերջիններս, ըստ օրենքի, իրավունք չունեն գտնվելու մաքսային գոտում, մաքսանենգության դեմ պետք է պայքարեն մաքսային գոտուց դուրս, սակայն մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները մշտապես գտնվում են Բագրատաշենի մաքսակետի տարածքում, նրանք բարձրանում են Հայաստան մտնող ավտոբուսներ, որոշում, թե ով որքան ապրանք կարող է առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան: Բագրատաշենի մաքսակետից ստացված տեղեկություններով` շուրջ 10 օր առաջ լարված միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայից ժամանած ավտոբուսի ուղեւորուհու հետ: Մաքսակետի աշխատողները պահանջել են մաքսազերծել կնոջ հագած հագուստները: Մաքսակետի աշխատողների պահանջից հայ կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ավտոբուսի վրդովված ուղեւորներն են միջամտել, թունդ վեճ ու քաշքշուկ է եղել: Բագրատաշենի մաքսակետի աշխատողները Հայաստան ելումուտ անողներին չեն բացատրում մաքսային օրենսդրության պահանջները: Քաղաքացիները հարցնում են, թե ինչու «Զվարթնոց» օդանավակայանում, Բավրայի մաքսակետում եւ Բագրատաշենի մաքսակետում մաքսային տարբեր օրենքներ են գործում, Բավրայում եւ «Զվարթնոցում» թույլատրում են առանց մաքսազերծման մինչեւ 50 կիլոգրամ ապրանք ներկրել Հայաստան, Բագրատաշենի մաքսակետում առանց մաքսազերծման 10 կիլոգրամ ապրանքից ավելի չի թույլատրվում ներկրել: Բագրատաշենի մաքսակետում թույլատրում են առանց մաքսազերծման Հայաստան ներկրել մեկական հատ հեռուստացույց, համակարգիչ, լվացքի մեքենա, աման լվացող 2 մեքենա, սակայն չի թույլատրվում առանց մաքսազերծման մեկ սառնարանի, գազօջախի, գազով աշխատող վառարանի, գազով աշխատող ջրատաքացուցիչի ներկրումը: Բագրատաշենի եւ հարակից գյուղերի բնակիչներից շատերը, փորձելով լուծել իրենց օրվա հացի խնդիրը, Վրաստանից մրգեր եւ բանջարեղեն են ներկրում` հաճախ վիճաբանելով մաքսակետի աշխատողների հետ: Տեղացիներից ոմանք փորձում են մաքսանենգությամբ, մաքսակետի տարածքը շրջափակող մետաղյա ցանկապատից ներս գցել մի պարկ բանջարեղեն, սակայն հաճախ բռնվում են մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ