Նոր կառավարության տեսլականը. ինչ թիմով կգա Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից քննարկումներ է սկսելու բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որի արդյունքում էլ կձեւավորի կառավարություն: Սահմանադրության համաձայն` վարչապետ նշանակվելուց հինգ օր հետո վարչապետը պետք է նախագահին ներկայացնի առաջին փոխվարչապետի եւ վարչապետների անունները, 15 օր անց պետք է ձեւավորած լինի կառավարությունը, որից 20 օր հետո էլ խորհրդարան ներկայացնի նոր ձեւավորված կառավարության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը երեկ` Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նշեց, թե իր կառավարությունը ցանկանում է իշխանության բալանսավորում անել, քանի սուպերվարչապետական համակարգ է առկա: «Ինչպես պարտավորվել եմ, մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի եւ Ազգային ժողովի միջեւ», – ասել է Փաշինյանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության» մասին վերջերս ընդունված օրենքում փոփոխություններ կատարելուն, որում ամրագրված է նաեւ առաջին փոխվարչապետի հաստիքը: Երեկ Փաշինյանը չէր բացառել, որ այս պաշտոնը դուրս կմնա. արդյունքում երկու փոխվարչապետ կլինի: Սակայն սա արդեն հետագայի հարց է, սակայն մինչ այդ ամեն դեպքում առաջին փոխվարչապետ պետք է նշանակվի, քանի որ Սահմանադրությունն է այդպես սահմանում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեւավորվելիք կառավարությունում միգուցե տեղ գտնեն նաեւ դեռեւս իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Իհարկե, խոսքն այն արմատական ՀՀԿ-ականների մասին չէ, ովքեր այժմ ամեն քայլափոխի հայտարարում են, թե չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվություն կիսել: Սակայն անկախ դրանից` մի քանի ՀՀԿ-ականների` կառավարությունում պորտֆելներ ստանձնելու առաջարկներ լինելու են: Ընդգծենք, որ խոսքն անցումային կառավարության մասին է՝ մինչ հնարավոր արտահերթ ընտրություններ: Այլ հարց է, թե այդ առաջարկներին ինչպես կարձագանքեն հենց ՀՀԿ-ականները: Խոսքը կարեւոր, այդ թվում՝ ուժային պաշտոնների մասին է: Մինչ Վիգեն Սարգսյանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնի հրաժարականի մասին հայտարարելը, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ հայտարարություն էր եղել, թե ինքը Վիգեն Սարգսյանին նոր կառավարությունում չի տեսնում:

Պայքարի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից բազմաթիվ հայտարարություններ եղան այն մասին, որ այդ պաշտոնում նրանք տեսնում են արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: Այդ շրջանում անձամբ արձագանքելով հայտարարություններին` Տոնոյանը նշել էր. «Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»: Այսինքն՝ Տոնոյանը չէր հստակեցրել՝ դե՞մ կլինի Փաշինյանի կառավարությունում աշխատելուն, թե՞ ոչ: Եվ նույն տրամաբանության մեջ դիտարկելով Տոնոյանի պատասխանը` կստացվի, թե նախագահի հրամանի դեպքում նա պատրաստ կլինի նաեւ պաշտոն ստանձնել նորընտիր վարչապետի կառավարությունում:
Երեկ իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը ընդգծել էր, թե Դավիթ Տոնոյանին ինքն էլ է տեսնում որպես պաշտպանության նախարար, եւ սա անշուշտ կարելի է որպես մեսիջ դիտարկել: Դավիթ Տոնոյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Վիգեն Սարգսյանի՝ իր մասին ասված խոսքերը, սակայն կրկին հստակ պատասխան չտվեց՝ կցանկանա՞ աշխատել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, թե՞ ոչ՝ ասելով, թե չի ցանկանում հավելյալ որեւէ բան ասել: «Քանի որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը մեկնաբանել է այդ հարցը, առաջարկում եմ շարունակել մեկնաբանել նույն ոճով»,-շեշտեց Տոնոյանը

Եվ չնայած Փաշինյանն ասել է, թե կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն, սակայն միեւնույն ժամանակ նորընտիր վարչապետը նշել էր, թե դա որպես կադրային ջարդ կամ վենդետա չպետք է դիտարկել: Մեր տեղեկություններով` արտաքին գործերի նախարարի փոփոխություն առաջիկայում դժվար թե տեղի ունենա: Այս փուլում, հատկապես այդ կարեւոր գերատեսչության հարցում Նիկոլ Փաշինյանը կնախընտրի համագործակցել փորձառու անձի հետ: Ներկայումս փոխվարչապետի պաշտոնակատար հանդիսացող Վաչե Գաբրիելյանի հետ աշխատելուն նորընտիր վարչապետը եւս դեմ չէ: Գաբրիելյանն այն եզակի անձանցից է, ով շատ լավ է կատարում իր գործառույթները եւ նոր կառավարությունում անխոս կարող է օգտակար լինել: Չնայած վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատգամավոր Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնին նշանակելու մասին, սակայն մեր տեղեկություններով` այս փուլում նրանք հակված են, որ Միրզոյանը շարունակի իր աշխատանքը որպես պատգամավոր: Նշենք, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ազատ է մնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը, եւ հնարավոր փոփոխությունների պարագայում հենց Միրզոյանը կարող է դա զբաղեցնել:

Իսկ ահա պատգամավոր Լենա Նազարյանը դիտարկվում է բնապահպանության նախարարի պաշտոնում: Այս փուլում, երբ ՀՅԴ ներկայացուցիչներ նույնպես կարող են ընդգրկվել կառավարության կազմում, ընտրություն պետք է կատարվի թերեւս նախկին նախարար Արծվիկ Մինասյանի եւ Լենա Նազարյանի միջեւ: Նույն իրավիճակն է նաեւ կրթության նախարարի պարագայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այդ պաշտոնի համար դիտարկվում է Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ով կրթության բնագավառում բավական փորձառու գործիչ է:
Չի բացառվում նաեւ, որ հետագայում կառավարության կազմում, բացի փոխվարչապետի պաշտոնից, այլ վերադասավորումներ եւս տեղի ունենան: Մասնավորապես խոսքը նախարարությունների թվի վերանայման մասին է:

Հ.Գ. Վաղը որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության նիստն է: Փաշինյանն արդեն այսօր առաջարկությամբ դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՍԱԾ պետ Գեորգի Կուտոյանին աշխատանքից ազատելու առաջարկությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս