Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից դուրս չեն հանում, արդյունքում՝ չի կայանում նաեւ դատական նիստը: Մեր աղբյուրները որպես պատճառ երկու հանգամանք են նշում:
Ապրիլի 12-ից Երեւան քաղաքում մեկնարկել են բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ու հիմա, ըստ մեզ հասած տեղեկությունների, ապրիլի 12-ից հրահանգվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից կալանավորներին դուրս չհանել ո՛չ քննչական գործողությունների մասնակցելու եւ ո՛չ էլ դատարան տեղափոխելու համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ գողության դեպքում ամբաստանյալներին ՔԿՀ-ներից դատարան չեն տեղափոխում: Այդ մասին չեն տեղեկացնում փաստաբաններին, եւ շատերն այս օրերին հասնելով դատարան` փաստի առաջ են կանգնում՝ տեղեկանալով, որ նիստերը չեն լինելու:
Մեզ հասած տեղեկություններով` պատճառներից մեկ այն է, որ այս օրերին պարզապես չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ. նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր` ցուցարարներին հետեւելու, հարկ եղած դեպքում բերման ենթարկելու համար: Ասել է, թե ոստիկաններն այս օրերին ծանրաբեռնված են:
Մյուս կողմից` իշխանությունները վախենում են ՔԿՀ-ից դուրս հանել հատկապես աղմկահարույց գործերով կալանավորներին՝ խուսափելով ճանապարհին հնարավոր վտանգներից, անցանկալի իրադարձություններից: Ի վերջո, չի բացառվում, որ հանկարծ ցուցարարների որեւէ խումբ որոշի շրջափակել այդ մեքենաներն ու կալանավորներին դուրս բերել, եւ որպեսզի ոստիկաններն էլ ստիված չլինեն դիմադրելու, միգուցե զենք օգտագործելու, որոշվել է հարցն այսպես լուծել:
Ու հիմա մեկ շաբաթ է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների նստավայրերում կոնկրետ քրեական գործերով նիստերը չեն կայանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ` հասկանալու համար, թե ինչ հրահանգ է տրվել նրանց, ինչու կալանավորներին թույլ չեն տալիս տեղախոխել դատարաններ կամ, առհասարակ, մասնակցել քննչական գործողություններին:
-Պարո՛ն Նավասարդյան, ինչո՞ւ կալանավորներին թույլ չեք տալիս դուրս հանել ՔԿՀ-ներից: Ինչպես հայտնի է` «Արմավիր» ՔԿՀ-ում մի շարք աղմկահարույց գործերով կալանավորներ կան: Ի՞նչ հրահանգ եք ստացել:
-Նման բան չկա, տանելունը տանում են, բերելունը բերում են:
-Ձեր ղեկավարությամբ գործող ՔԿՀ-ում են գտնվում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով մեղադրյալները: Այս շաբաթ պետք է տեղի ունենար դատական նիստ, սակայն նիստը չի կայացել, քանի որ կալանավորներին ՔԿՀ-ից չեն թողել դուրս հանել:
-Մենք մեր բնականոն գործն ենք անում: Մենք չունենք գրություն, որը չկատարենք: Հիմա ես չգիտեմ` դատական նի՞ստն են տեղափոխել, ի՞նչ են արել, մենք այդ ամենից տեղեկություն չունենք: Երբ գալիս են` ՔԿՀ-ից կալանավոր տանելու, ասում են` տանում ենք: Օրինակ` այսօր Վայոց ձոր են տարել:
-Խոսքը Երեւան քաղաքի մասին է: Հիմա կոնկրետ օրենքով սահմանված կարգով Ձեզ գրություն պետք է ներկայացնեն, որից հետո թույլ տաք` կալանավորը դուրս գա:
-Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի, գա, վերցնի, տանի, մարդ են տանում, մարդ են բերում: Գրությունը ներկայացնում են, որից հետո մենք օրենքով մեր քայլն ենք անում: Չգիտեմ` դատարանը կամ քննիչը գրություն է գրում, որ այսինչ օրը, այսինչ ժամին տեղափոխեն, գալիս են, տանում են, եթե գրություն չկա, ես ինչ իմանամ` վարույթ իրականացնող մարմինը ի՞նչ պետք է անի, կամ դատարանը: Ես ասացի այն, ինչ կա, իսկ թե որտեղ իրավիճակի մասով ինչ է կատարվում, չգիտեմ:
-Այսինքն` Ձեզ հրահանգ չեն տվել:
-Ոչ մի հրահանգ չի եղել, նման բան չկա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ
Երեկ` ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իր խիղճը հանգիստ է աշխատում մի իշխանության մեջ, որի դեմ ինը օր շարունակ քաղաքացիները ցույցեր են անում եւ պահանջում մերժել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: «Դե, ցույց են անում, ինչ ասեմ, իրենց ցույցի մասին մենք այլ կարծիք ունենք»,- ասաց Սահակյանն ու արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով մեր մյուս հարցերը:
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Փոքր հարկ վճարողների հարկայինի տեսուչը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 13-ից, ունենալով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության ստուգումների 11-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Այս արարքի համար Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները անցնելը, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:
ԴԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցներից ոմանք, պարզվում է, նախկինում ազատազրկման են դատապարտված եղել: Հիշեցնենք` մի խումբ մարդիկ երեկոյան մետաղյա ձողերով հարձակվել էին ոստիկանների, լրագրողների վրա, պոկել լուսաֆորը, ճանապարհային երթեւեկության նշանները եւ այլն: Այդ միջադեպի մասնակիցներից 3-ը` 2000թ. ծնված Վ. Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ. Մուրադյանը եւ Զ. Բաղդասարյանը, հայտնաբերվել են եւ ձերբակալվել զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սադրիչներից նախկինում դատապարտված է եղել Զ. Բաղդասարյանը: Իսկ թե նրանք ում հրահանգով են գործել եւ անկարգություններ հրահրել, հուսանք` կպարզեն իրավապահները: Նշենք, որ ցույցի կազմակերպիչները նրանց որակել էին որպես իշխանության գործուղած սադրիչներ:
ՄԻՋԱԴԵՊ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Կոմիտաս եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի հետ կապված միջադեպին: «Ապրիլի 20-ին` ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաեւ ակնհայտ սադրիչներ եւ անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլեւ անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։ Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի` ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։ Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։ Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ։
ՄԻԱՑԵ՞Լ Է
«Յուքոմ» ընկերությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այն լուրերը, որ իր աշխատակիցները միացել են «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: «Որպես հայկական ընկերություն` մեր առաջնային խնդիրը մշտապես համարելու ենք կապի ծառայությունների անխափան մատուցումը եւ ընկերության բնականոն աշխատանքը: Ucom ընկերության աշխատակիցների գործնական պարտականություններին չվերաբերող հարցադրմանն իրավասու չենք պատասխանել եւ որեւէ կերպ նրանց անձնական օրակարգը չենք մեկնաբանում»,-նշվել է նամակում: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` լուրեր են տարածվել, որ հայաստանյան տարբեր ընկերությունների, այդ թվում` «Յուքոմ»-ի աշխատակիցները միացել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին:
ՕԵԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ-ում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների եւ թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի: «Oրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձեւավորմանը` մշակելով իրավիճակի հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսեւորումներ, ներառյալ համընդգրկուն քաղաքական եւ քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձեւավորում:
233 ՀՈԳԻ
Երեկ ոստիկանության տարբեր բաժիններ ժամը 18.00-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 քաղաքացի: Նշենք, որ առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 16-էր, ժամը 11.00-ի դրությամբ` 52, ժամը 13.00-ի դրությամբ` 107, ժամը 14-ին այդ թիվը հասել էր 166-ի, իսկ արդեն 15.30-ին` 183-ի: Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի, եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում: