ԺԻԼԵՏԸ. ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունը ՀՀ դեռ չի ավարտվել. նախօրեին տեղի ունեցավ առաջին քայլը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սակայն ՀՀԿ-ն այսօր շարունակում է մնալ իշխող կուսակցություն, ավելին՝ փորձում է ՀՀ-ում ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը:
Վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ նախապես համաձայնեցված բանակցություններից: Ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է, թե Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ եւ հայտարարել բացառապես սեփական օրակարգի շուրջ բանակցությունների մասին: Փաշինյանն էլ արձագանքել է` նշելով, թե Ս. Սարգսյանի հրաժարականը փորձ է արվում օգտագործել ՀՀԿ իշխանությունը պահելու համար, հետեւաբար ինքը կսպասի ՀՀԿ-ականների զանգին։ «Եթե ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները»,- ասել է նա:
Տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր. ղարաբաղյան կլանը (հիշեցնենք՝ Կ. Կարապետյանը եւս ծնունդով ղարաբաղցի է) չի պատրաստվում հեշտությամբ զիջել իշխանությունը: Նրանք ցանկանում են ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել Կ. Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո: Այսինքն՝ կարեւոր է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանության ղեկին լինի ՀՀԿ-ն, այլ ոչ թե Ն. Փաշինյանը, ինչպես վերջինս պահանջել է բանակցային օրակարգն առաջադրելիս: Սա իշխանությանը պետք է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունենա կրկին օգտագործել վարչական եւ ֆինանսական ռեսուրսները:
Միայն թե, նկատենք, իշխանությունների այս դիմադրությունը կարող է բողոքի է՛լ ավելի հուժկու ալիք առաջացնել, առավել եւս, երբ ընդամենը երկու օր առաջ ժողովուրդը տեսավ իր պայքարի արդյունքը. Ս. Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Հիմա Կ. Կարապետյանն է կանգնած համազգային ատելություն վաստակելու եւ նույնկերպ քաղաքական լուսանցք ճանապարհվելու շեմին:
Հ.Գ. Իսկ մինչ այդ օրակարգից դեռ դուրս չի եկել Կ. Կարապետյանի լեգիտիմության խնդիրը. արդյո՞ք նա բավարարում է Սահմանադրությամբ վարչապետի համար սահմանված պահանջներին, մասնավորապես Մոսկվայից եկած Կարապետյանն արդյո՞ք 4 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում:

 

 

Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։ Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները։ Նախարարը հայտարարել է, թե պետք է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել: Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով։ Բայց երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին: Եւ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել։

 

 

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքների մասնակիցների զգալի մեծամասնությունը երիտասարդներն էին։ Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, այդ օրերին իշխանական որոշ շրջանակներ երիտասարդների մեջ ֆոկուս հարցում է իրականացրել՝ հասկանալու, թե ո՞րն է երիտասարդության դժգոհության պատճառը, ինչո՞ւ են որոշել այդպես ակտիվորեն համախմբվել «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո։ Եւ ահա, ուսանողները, ի թիվս բազմաթիվ խնդիրների, շեշտել են, որ իրենց վրդովեցրել է ՀՀԿ-ականների պահվածքը, երբ փորձում էին ցույց տալ, թե իրենց դեմ «խաղ չկա»։ Ավելին` ըստ այդ հարցման արդյունքների` ուսանողներին խիստ վրդովեցրել են ապրիլի 17-ին` Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ականների ելույթները, երբ փորձել են աչք փակել երկրում տիրող վատ վիճակի վրա, աչք փակել կատարվող իրադարձությունների վրա ու գովերգել Սերժ Սարգսյանին, նրա նախագահության տարիները։ Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ ուսանողներն իրենց պատասխաններում առանձնացրել են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթը, երբ խոսում էր ԱԺ ամբիոնից` մատ թափ տալով։

 

 

Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երեւանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։ Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երեւանի քաղաքապետարանի ստեղծած «Երեւան» հիմնադրամի միջոցները հրապարակայնացնելու պահանջով: Բանն այն է, որ այս հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է կաշառքը, երբ քաղաքացին կազմակերպությանը նվիրատվության անվան տակ գումար է վճարում՝ քաղաքապետարանում իր հարցի դրական լուծման համար։ Հենց դրա համար էլ քաղաքապետարանն ատամներով պահում է այս կառույցի ֆինանսական շարժի մասին տեղեկությունները, քանի որ դրանք բացահայտելու դեպքում հնարավոր է` աներեւակայելի փաստեր ի հայտ գան։ Նշենք, որ այս հիմնադրամի տարեկան մուտքերը եւ ծախսերը 1,5- 2 մլրդ դրամի են հասնում։

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԱՑԱՎ
Նոր Սահմանադրությունը, որ ամբողջությամբ ուժի մեջ մտավ ընդամենը կես ամիս առաջ՝ ապրիլի 9-ին, երկրում ամբողջությամբ հաստատելով խորհրդարանական կառավարման համակարգ, չդիմացավ առաջին իսկ փորձությանը: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն. համաժողովրդական շարժումը հանգեցրեց վարչապետի պաշտոնից իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականին, ավելին` իշխանությունները համաձայնել են ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը:
Ճիշտ է` Հայաստանում դեռեւս չի ստեղծվել սահմանադրական ճգնաժամ։ Միաժամանակ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցները կարող են արդարանալ, թե տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները կապ չունեն Սահմանադրության, առավել եւս՝ պետական կառավարման համակարգի հետ, եւ որ անձնական իշխանությունը երկարաձգելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը բերեց համաժողովրդական ընդվզումների: Բայց սա չի նշանակում, թե Հայաստանում բացառված են սահմանադրական ճգնաժամերը։ Հիմա փաստ է, որ քաղաքական դաշտում ցնցումներ են։ Այդպես էլ պետք է լիներ. խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձեւավորմանն ու հարատեւ ներքին ցնցումների։ Այսօրվա դրությամբ պետական համակարգը, բացառությամբ պաշտպանության եւ անվտանգության բնագավառների (որոնք գործուն ապաքաղաքական կառույցներ են, այս տարիների ընթացքում կայացել են որպես ինքնուրույն կառույցներ), գրեթե չի գործում. տեւական ժամանակ է՝ պետական ապարատը պարալիզացված է։ Մինչդեռ, հիշում եք, սահմանադրական հանրաքվեի ողջ ընթացքում իշխանությունները միաբերան պնդում էին, թե խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելու դեպքում երկրում կբացառվեն քաղաքական ցնցումները, որոնց ականատես էինք լինում նախագահական ընտրություններից հետո: Այսօր ականատես ենք լինում հակառակ երեւույթի։
Այնպես որ, հիմա նոր ձեւավորվող իշխանությունն իր առաջնային պարտքը պետք է համարի Հայաստանում նման երեւույթների բացառումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։ Ի վերջո, երկրի մայր օրենքն ունի լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ. հիշում եք՝ այն հասարակությանը պարտադրվեց քաղաքական բռնաճնշումների եւ խայտառակ ընտրակեղծիքների արդյունքում։ Ուստի պետք է Սահմանադրությանը վերադարձնել լեգիտիմությունը, միաժամանակ վերադառնալ նախագահական կառավարման համակարգի. կիսապատերազմական երկրում այն չունի այլընտրանք։




Լրահոս