Մայր բուհը 99 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համալսարանն այն կենսատու արմատն է, որից ճյուղավորվել է մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը և հիմք հանդիսացել ՀՀ գիտությունների ակադեմիայի ստեղծման համար:

Այսօր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բուհերի դասախոսների ու գիտահետազոտական ստորաբաժանումների գիտաշխատողների՝ ակադեմիկոսների, պրոֆեսորների ու դոցենտների զգալի մասը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր: Կարևորելով համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920 թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։




Լրահոս