Մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները «Ելք» դաշինքը մտադիր է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ ընտրությունների գնալ 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
-Տիկի՛ն Նազարյան, նշվում էր, թե հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է այլ Ընտրական օրենսգրքով անցկացնել: Ի՞նչ տարբերակ է քննարկվում:
-Իհարկե, խոսքը ընդհանուր ռեյտինգային համակարգի մասին է: Մենք դեռ չենք ամփոփել մեր առաջարկները: Ընդ որում` առաջարկներ են ներկայացրել նաեւ հասարակական կազմակերպությունները: Ես հիմա գիտեմ, որ առանձին քննարկումներ հիմա էլ են ընթանում, մենք բնականաբար կստանանք այդ առաջարկները, կքննարկենք նաեւ այլ խմբակցությունների հետ եւ կներկայացնենք փոփոխությունների մեր փաթեթը:
-Այսինքն, դուք միանշանակ տեսնում եք անցում 100 տոկոս համամասնակա՞ն համակարգի: Վարկանիշային համակարգի կարեւորությունը ներկայացվում էր այնպես, թե կոնկրետ մարզից ընտրվելու պարագայում այդ հատվածին ուշադրություն կդարձնեն պատգամավորները:
-Ես կողմ եմ համամասնականին, որ քաղաքացիները ընտրեն կուսակցությանը: Քաղաքական դաշտի կայացման համար կարեւոր է կուսակցությունների կայացումն ու զարգացումը: Կուսակցությունը, եթե ստանում է ձայների մեծամասնություն եւ ձեւավորում է կառավարություն, ապա այդ կառավարությունը պարտավոր է հոգալ յուրաքանչյուր գյուղում ապրող յուրաքանչյուր քաղաքացու մասին: Այնպես չէ, որ պետք է մի պատգամավոր լինի, որ մտածի կոնկրետ համայնքի մասին, ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում:
-Առանց ԸՕ-ի փոփոխությունների անիմա՞ստ եք համարում արտահերթ ընտրությունների գնալը:
-Անիմաստ չեմ համարում ամեն դեպքում, քանի որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են եւ, կարծում եմ, հնարավորինս շուտ ՝ մինչեւ տարվա վերջ, տեղի կունենան:
-ՀՀԿ-ականները նշում են, թե չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Ըստ Ձեզ` ո՞րն է նրանց վերաբերմունքի փոփոխության պատճառը:
-Կարծում եմ` այդ ամենն արվում է ընդամենը ժամանակ շահելու համար: Նրանք ցանկանում են անփոփոխ թողնել այս իրավիճակը, բայց ամեն դեպքում հակադրություն առաջանալու է Ազգային ժողովում, քանի որ կառավարությունը, ավարտելով նշանակումները, պետք է իրականացնի ծրագրեր, որոնք գուցե ընդունելի չլինեն խորհրդարանի մեծամասնության համար, եւ շահերի բախում առաջանա: Այդ ամեն ինչն անտարբեր չի կարող թողնել: Ինձ թվում է` ճգնաժամ կառաջանա, կառավարությունը կցանկանա անել մի բան, օրենսդիրը միգուցե չհամաձայնի եւ այդպես շարունակ:
-Հունիսի 7-ին խորհրդարանում նախատեսված է կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագիր բերվելո՞ւ է:
-Կառավարության ծրագիրը կներկայացվի եւ կտեսնենք, թե ինչպես կքվեարկեն: Այն անպայման ներկայացվելու է, մենք պարտավոր ենք ծրագիր ներկայացնել: Հիմա նախարարություններում պատրաստում են ծրագիրը, մենք չենք կարծում, թե դատարկ թուղթ կլինի:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը