Տեսչական մարմինների ղեկավարների մոտ ճամպրուկային տրամադրություն է. ինչ ճակատագիր է նրանց սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձեւավորել նաեւ պետական կառավարման մյուս մարմինները, մի քանի տեսչական մարմինների ղեկավարների ճակատագրերը մնում են անորոշ:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունը Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների արդյունքում ավելի քան տաս տեսչություն լուծարեց: Ըստ նախկին վարչապետի` տեսչական մարմինները պետք է հանդես գային որպես խոչընդոտ, եթե նախարարը գնում է սխալ ուղղությամբ, օգնեին նրանց եւ բարեփոխեին: Այժմ գործում են առողջապահական եւ աշխատանքի, բնապահպանության եւ ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինները: Դրանք համարվում են կառավարությանը ենթակա մարմիններ:

Իսկ նշված տեսչական մարմինների ստեղծման արդյունքում կրճատվել է ավելի քան 200 հաստիք: Ի դեպ, Կարապետյանի կառավարությունը մտադիր էր տեսչական համակարգի օպտիմալացումը շարունակել եւ ավարտին հասցնել նաեւ ընթացիկ տարում: Սակայն, ինչպես տեսնում եք, դա նրանց չհաջողվեց: Իսկ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունը դեռեւս հայտնի չէ` կշարունակի արդյոք արդեն իսկ սկսված օպտիմալացման գործընթացը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ որ փոխվարչապետը որ տեսչական մարմնով է զբաղվելու: «Դեռ ճշտված չէ, քննարկումներ են ընթանում»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյոք տեսչական մարմինների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ, մամուլի խոսնակն ասաց, որ նման տեղեկություններ չկան:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շաբաթներին բոլոր տեսչական մարմիններում անորոշ իրավիճակ է ստաղծվել: Թեեւ այս ընթացքում նշված գերատեսչությունների համապատասխան աշխատակիցները հայտարարություններ են տարածում իրենց կատարած աշխատանքների մասին, բայց դրանք ավելի շատ կրում են ձեւական բնույթ, քանի որ դեռ հայտնի չէ` նշված տեսչական մարմինների ղեկավարները, այդ թվում ենթակաները կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Բայց այս ամենը չի խանգարել, որ նրանք վճարվեն անգործության այս ընթացքի համար: Ընդ որում, տեսչական մարմիններում նման վիճակ դեռ ապրիլի կեսերից է: Թե որքան կտեւի, անհայտ է: Նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Արդյոք Նիկոլ Փաշինյանը կհասնի իրենց, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

Բայց մինչ այդ, նշենք, որ անհայտ է մնում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի ճակատագիրը, ով հայտնի է որպես ընտրակեղծարար: Նա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եղիշե Տերտերյանը այն բազմաթիվներից մեկն է, որի անուն-ազգանունն ընտրողի ենթագիտակցության մեջ նույնանում է ընտրակեղծարար բառի հետ: Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր: Տեսչական բարեփոխումների արդյունքում ձեւավորված նոր մարմինների ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվել են Սերժ Սարգսյանի «դաբրոյով»: Անորոշության մեջ են հիմնականում հենց տեսչական մարմինների ղեկավարները: Նրանց մեծ մասը խիստ մտահոգված է` արդյոք կվերանշանակվեն իրենց պաշտոնին, թե ոչ: Նրանց մի մասը «ճամպրուկային» տրամադրություն ունեն: Անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չեն կարողանում ասել:

Անորոշ է նաեւ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանի պաշտոնավարման հարցը:

«Ճամպրուկային» տրամադրությամբ է նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Իշխան Կարապետյանը, ով համարվում է Կարեն Կարապետյանի մարդը եւ այս պաշտոնին է բացառապես նրա շնորհիվ: Իսկ ահա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դալլաքյանի մասով դեռեւս հայտնի չէ` նրանք կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս