Դա անհիմն չափազանցված է. Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը` ռուս պատգամավորների դիրքորոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության ոլորտում առկա խնդիրների եւ առաջիկայում նախատեսվող քայլերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մինչեւ այժմ Դուք Ձեր գործունեությամբ ընկալվել եք որպես հակառուսական, հակապուտինյան կերպար: Հիմա, զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը, արդյոք փոխվե՞լ են Ձեր մոտեցումները: Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը եղբայրական պետություն է մեզ համար:

-Այո՛, փոխվել է: Հիմա ես Անվտանգության խորհրդի քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ: Իսկ Ն. Փաշինյանի մոտեցումները կիսում եմ:

-Դուք Ռուսաստանի հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Ռուսաստանի հետ համագործակցությունը տարբեր մակարդակների է լինելու: Իմ մասով կա ԱԽ քարտուղարների մակարդակով հարաբերությունները բարելավելու ճանապարհ: Ես մայիսի 24-ին հանդիպել եմ ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Խոսել ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման, համատեղ աշխատելու, ծրագրեր կազմելու մասին:

-Ռուս որոշ պատգամավորներ ասում են, որ համագործակցության հարցում գլխավորն այն է, որ տվյալ պաշտոնյան իր տված խոստումից ետ չկանգնի եւ կատարի դա:

-Շատ նորմալ մոտեցում է: Այստեղ ոչ թե անհատի մոտեցումներն են կարեւոր, այլ կառույցների մակարդակով աշխատելու: Եվ այստեղ որեւէ խնդիր չի լինի աշխատելու Ռուսաստանի հետ, մանավանդ որ առաջին հանդիպմամբ դրա հիմքերը դրվել են:

-Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ռուս պատգամավորների մի մասն էլ չի ողջունել Հայաստանի նոր կառավարության կազմում հակառուսական դիրքորոշում ունեցող անձանց ընդգրկելը:

-Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Բոլորն անհանգստացած են այդ առումով, բայց դա անհիմն չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել:

-Դուք ձեր վերջին հարցազրույցներում խոսել էիք ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այս ուղղությամբ որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը:

-Հիմա սահմանադրությամբ ԱԽ պատասխանատվությունը բարձրացել է: Այժմ պետք է խորհրդի կառուցվածքը ձեւավորվի, դրա վերջնաժամկետը հունիս ամիսն է: Ընդհանուր քաղաքականության մշակման վրա պետք է աշխատել: Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգի անհրաժեշտություն կա, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Եվ, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի հետ կապված մենք պետք է ընդհանուր քաղաքականություն մշակենք, ոչ թե միջամտություն կատարենք:

-Դուք ունե՞ք մարդկանց ցանկ, որոնցով պետք է զբաղվեք կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:

-Ես որեւէ լիազորություն չունեմ ցուցակներ ունենալու: Մենք քաղաքականություն ենք մշակում:

-Ամեն դեպքում, Դուք ինքներդ ինչպե՞ս եք կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարելու:

-Կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարբեր հնարավորություններ կան` հանրային քննարկումները. ավելի շատ խոսել դրա մասին, տեսնել դա որպես ազգային անվտանգության համար մարտահրավեր եւ գտնել լուծումներ: Եթե ԱԱ հայեցակարգում մշակվում է այդ հարցը եւ դրվում բարձր մակարդակի վրա` որպես պաշտպանության համակարգ, ապա դա վերցնում են պաշտպանության ոլորտի կառույցները եւ դրանով առաջնորդվում: 1-ինը պետք է նոր իշխանությունը կոռուպցիա երեւույթից հրաժարվի, այսինքն` ամենավերեւից հրաման տրվի, որ ով դրանով զբաղվեց, պատժվելու է: Մյուս կողմից` հանրային ընկալումը պետք է փոխվի. հանրությունն ավելի պահանջատեր դառնա: Եվ անհրաժեշտ է պատժել այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են կամ զբաղվել են:

-Դուք մշտապես քննադատում էիք ՀՀԿ իշխանությանը, որի իշխանավարման տարիներին արտագաղթն էր ավելացել, արտաքին պարտքը եւ այլն: Հիմա ինչո՞վ է նոր իշխանությունը տարբերվելու նախորդից:

-Կառավարման փիլիսոփայությունն է փոխվել: Այն ժամանակ կար մի հոգի, ով մտածում էր, որ ինքն ամեն ինչ գիտի, եւ վերեւից ներքեւ կառավարում էր: Հիմա իշխանության կողմից ժողովրդի հանդեպ պատասխանատվությունն է մեծացել. բոլորս հասկանում ենք, որ ծառայում ենք ժողովրդին, եւ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք նրա բարեկեցությունն ու ապահովությունը:

-ԳՇ արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով Ձեր ազգականն է, երբ պաշտոնից ազատվեց, լուրեր տարածվեցին, որ դա կապված է Ձեր` պաշտոն ստանձնելու հետ:

-Իմ` պաշտոնի նշանակման հետ դա որեւէ կապ չունի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս