«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է արագացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը, իսկ մյուս դատարանների նախագահներին հրահանգել են սպասել:
ԲԴԽ-ն ժամանակացույցը շրջանցեց
Օրերս գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս օրերին ծանուցումներ է ուղարկել դատարանների նախագահներին, որ վերջիններս կոնկրետ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին, ովքեր հավակնում են դառնալ դատարանի նախագահ: Այսպիսով` պարզեցինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոնկրետ ժամանակացույց էր նշել, մասնավորապես Արագածոտնի մարզի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանները դատարանների նախագահ դառնալու համար ցանկություն ունեցող դատավորների անունները ԲԴԽ պետք է ներկայացնեին մայիսի 7-ից մինչեւ մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները պետք է ներկայացնեին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում եւ այսպես շարունակ:
Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեն հուլիսի 2-ից հուլիսի 7-ը:
Եվ ահա այս ժամանակացույցը դատական համակարգում դառնում է խիստ մտահոգության առիթ: Չնայած նրան, որ Բարձրագույն դատական խորհուրդը հստակ սահմանել է ժամանակացույցը, սակայն օրերս իրավիճակ է փոխվել: Մասնավորապես ներքին հրահանգ է իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ:
Ավելին` եթե մյուս դատարանների նախագահների ընտրությունը իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեպքում պատկերը այլ է: Ըստ Դատական օրենսգրքի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը:
Այսպիսով` դատական համակարգին ներքին հրահանգ է իջեցվել, որ միգուցե հուլիս ամսին Ազգային ժողովը գնա արձակուրդ, եւ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը հետաձգվի, ուստի դատական համակարգին հրահանգել են թողնել մյուս դատարանների նախագահի ընտրությունը եւ մայիս ամսին Ազգային ժողով ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին եւ արագ կազմակերպել նախագահի ընտրությունը:
Իսկ ով կլինի Վճռաբեկի նախագահը
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այս որոշումը խիստ խառնաշփոթ է առաջացրել դատական համակարգում, եւ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների ցանկը` դժվարանում են պատկերացնել, թե Բարձրագույն դատական խորհուրդը ում կնշանակի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Մեզ հասած լուրերի համաձայն` դատական համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նշանակումը բացառում են, քանի որ կարծիքներ կան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը այդքան էլ լավ փոխհարաբերությունների մեջ չէ Արման Մկրտումյանի հետ: Ավելին` խոսակցություններ կան, որ ԲԴԽ-ն Արման Մկրտումյանին չի նշանակի, որպեսզի այդ քայլով ցույց տա, որ դատական համակարգը նոր փուլ է թեւակոխում, նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները կապվել են այս կամ այն իրադարձությունների հետ, չեն շարունակի պաշտոնավարել:
Ինչ փոխեց նոր վարչապետի նշանակումը
Եթե ոչ Արման Մկրտումյանը, ապա ո՞վ կարող է լինել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Այս հարցը շատ էր հետապնդում: Բանն այն է, որ մինչ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար ամենահավանական թեկնածուն է համարվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, սակայն Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակ է փոխվել:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը մինչեւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը հանդիսացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2010 թվականին նա` որպես նախագահող դատավոր, քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը` վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ, իսկ ահա առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 7 տարի ժամկետով: Սակայն, չնայած իրավիճակին, դատական համակարգում Սերժիկ Ավետիսյանի նշանակումը նախագահի պաշտոնում չեն բացառում:
Բանն այն է, որ Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քենակալն է` կնոջ քրոջ ամուսինը: Նրանք նաեւ համաքաղաքացիներ են, ուստի դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե այս հանգամանքը որոշակի կերպով ազդի նախագահի պաշտոնում նրա նշանակման վրա: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ առաջիկայում Բարձրագույն դատական խորհուրդը իր մոտ կհրավիրի ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին, կքննարկվի իրավիճակը, որից հետո էլ կհասկանան, թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿԵՂԾ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել կեղծ ավտովթարներ կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով: Բանն այն է, որ կալանավորվածների թիվը ավելացել է: 2018 թվականի փետրվարի 6-ին գրել էինք, որ ԱԱԾ-ն բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել էին շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել:
Ավելին` ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել էր, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը: Պարզվել էր, որ հանցագործության կազմակերպիչների կողմից կեղծ վթարներին որպես վարորդներ ներգրավվել են շուրջ 30 անձինք, որոնց մի մասը շահադիտական նպատակներով, մյուս մասը շահ չհետապնդելով եւ չկարեւորելով իրենց արարքի հետեւանքները` համաձայնել են մասնակցել խաբեությանը:
Սակայն նկատենք, որ գործով նոր հանգամանք է ի հայտ եկել, մասնավորապես կալանավորների թիվն է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով կա կալանավորված 3 անձ: Ավելին` մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են հայտնվել մեղադրյալի աթոռին, վերջիններս են` Արամ Գալստյանը, Մկրտիչ Դեչոկյանը, Ռաֆայել Մկրտչյանը, Շավարշ Մուրաջյան, Հայկ Իշխանյանը, Հայկ Շահինյան եւ Նիկոլայ Ավալյանը: Նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ահա մյուս 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը նշել է. «Շուշիի ազատագրումը առանձնահատուկ օպերացիա էր: Մեր հինավուրց քաղաքի ազատագրման օպերացիան, որպես ռազմագիտության դաս, արձանագրված է, եւ այսօր ուսուցանվում է, թե ինչպես կարելի է փոքր ուժերով անջատ-անջատ իրականացնել բավականին բարդ ու դժվարին խնդիր»: Գլխավոր շտաբի պետի կարծիքով` այս 26 տարվա պատմությունը ապացուցում է, որ հայկական զինված ուժերը ի վիճակի են ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը եւ այդ անվտանգության երաշխիքը տարեցտարի մեծանում է:
ՈԳԵՇՆՉՎԱԾ ԵՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը, այստեղ ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. «Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձեւավորումից հետո եւ շարունակել գործընկերությունը Հայաստանի հետ: Ժամանակն է կառուցել կամուրջներ, կառուցել այն նոր Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՊՆ-ում տեղի ունեցած ասուլիսում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների ճակատագրի մասին հարցին. «Առաջինը զինվորական համազգեստով անձանց մասնակցությունը քաղաքացիական ցույցերին անթույլատրելի է, վերջակետ: Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից` ով կլինի, եւ որքանով նրա սրտով կլինի՝ այն, ինչ տեղի է ունեցել, հորդորում եմ շատ կոշտ արձագանքել՝ ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո: Ես իմ մասով ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը զորացրման, ուղարկել եմ այն համապատասխան խողովակներով կառավարություն, որտեղից էլ ուղարկվել է հանրապետության նախագահի հաստատմանը: Նախագահը, ըստ Սահմանադրության, պետք է ձեռնարկի իրավական քայլ՝ համապատասխան կարգավորումով: Ցավով եմ դա արել, որովհետեւ այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, շատ ընդունելի սպա եւ զինծառայող է, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը, կիսում եմ, ինքս կանեի առնվազն նույնը»:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ
«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող գնդապետ Դանիել Դանիելյանը մեղադրանքի վերաբերյալ դեռեւս դիրքորոշում չի հայտնել եւ դեռ չի պատրաստվում հայտնել, նա նաեւ հրաժարվում է ցուցմունք տալ, նշել է գնդապետի փաստաբան Արարատ Գրիգորյանը: «Դա իր իրավունքն է, նա որոշել է իր իրավունքն այդպես իրացնել»,-շեշտել է փաստաբանը: Հիշեցնեք, որ Դ. Դանիելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: