«ՆՎԻՐԻՐ ԿՅԱՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍՊԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը: Հիշեցնենք, որ այն ձեւավորվել է 2009 թվականին Ռուսաստանի համանուն հիմնադրամի աջակցությամբ: Կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` հիմնադրամի գործունեության դադարեցման մասին լուրն աշխատակիցներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: Ի դեպ` վերջինս Ռիտա Սարգսյանի օգնականն է եղել: Եվ դեռեւս հայտնի չէ , թե երբ է «Նվիրիր կյանք»-ի աշխատանքը վերսկսվելու:
Հասկանալի է՝ նախկինում առաջին տիկինն օգտագործելով դիրքը՝ դիմել է անձանց այս հիմնադրամին գումարներ նվիրաբերելու խնդրանքով, ինչպես նաեւ աշխատակիցներն են Ռիտա Սարգսյանի անունից տարբեր կազմակերպությունների նամակներ ուղղել հիմնադրամին ֆինանսապես աջակցելու համար: Սա միանգամայն նորմալ երեւույթ է. ի վերջո, այս հիմնադրամը լրջագույն գործունեություն է ծավալել եւ մեծ օգնություն ցուցաբերել շահառուներին:
Իսկ այժմ հատկապես տեղացի գործարարները կարող են հեշտությամբ հրաժարվել գումար տրամադրել նման ձեռնարկներին: Բայց արդյունքում այս պահի դրությամբ օդում կախված է մնում հիմնադրամի մոտ 600 շահառուների ճակատագիրը: Փոքրիկների բուժման համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ եւ, ցավոք, ծնողներից շատերը չեն կարողանում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը: Եվ ներկայում «Նվիրիր կյանք»-ի աշխատակիցները հույս ունեն, որ մեկ ուրիշ անձ կգա եւ հիմնադրամը կվերցնի իր «թեւի» տակ, որպեսզի հիմնադրամի գործունեությունը շարունակվի:
Թեմայի շուրջ այլ մանրամասներ ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր, կոմպոզիտոր Մարինե Ալեսի հետ:
-Տիկի՛ն Ալես, հիմնադրամի գործունեությունն այժմ դադարեցված է, ճի՞շտ է:
-Այո՛, բայց ժամանակավորապես է դադարեցված:
-Տեղեկություն կա, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանն է որոշում կայացրել դադարեցնելու հիմնադրամի գործունեությունը:
-Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի: Իսկ տիկին Ռիտան այսքան տարի աշխատել է: Եվ կարծում եմ, որ մենք կխոսենք: Եթե նա կմնա հիմնադրամում, լավ կլինի, եթե հանկարծ չցանկանա մնալ, դա այլ հարց է: Ուղղակի աշխատողները, դե պարզ է, որ աշխատավարձ էին ստանում եւ բավական ծանր աշխատանք էին կատարում: Իսկ հիմա վարչական հատվածը փակվում է, այսինքն աշխատողներ չեն լինի, իսկ հաշվեհամարին առկա գումարը տրամադրվելու է միայն հիվանդ երեխաների բուժմանը: Ամեն կոպեկը, որ կա հաշվեհամարին, այդ ամենի մասին գիտի տնօրենը: Եվ նա կարող է պաշտոնական դիրքորոշում հայտնել: Բայց դա կարող է լինել նրանից հետո, երբ մենք կունենանք ժողով, եզրակացություն, եւ այդ եզրակացությունից հետո կհասկանանք, թե ինչպես ենք շարունակելու: Այսինքն` պետք է հիմնադրամի վերաձեւավորում կատարվի: Բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ քաղաքականությունը հիմնադրամի հետ կապ չունի:
-Այսինքն` Ռիտա Սարգսյանը դեռեւս ժողով չի՞ անցկացրել, որպեսզի իրավիճակը ներկայացնի:
-Ո՛չ, հիմնադրամում ոչ մի ժողով չի անցկացվել: Մենք ունենք ուղղակի անձնական խոսակցություններ: Մենք պետության հետ մաքուր աշխատող հիմնադրամ ենք: Կան ինչ-որ բաներ, որ ես չեմ տիրապետում, քանի որ արվեստի մարդ եմ: Ես կարող եմ միայն համերգ կազմակերպել եւ այդ համերգի գումարը տանել, հասցնել իմ հիմնադրամին: Այս պարագայում իրավիճակը փոխվել է: Եթե տիկին Ռիտան մնա, եւ մենք շարունակենք, լավ կլինի: Բայց դա ժողովին պաշտոնապես կասվի` մնո՞ւմ է տիկին Ռիտան, թե՞ չի մնում..: Հիմնադրամում պատկառելի թվով մարդիկ կան. խոսքը հոգաբարձուների խորհրդի մասին է: Եվ տեսեք, թե ինչ մարդիկ են: Ասածս դա է. այդ մարդիկ չեն հավաքվել եւ ոչ մի որոշում չեն ընդունել:
-Բայց առաջիկայում ժողով կհրավիրվի՞:
-Ես կարծում եմ, որ կլինի: Բայց խորհրդի անդամներից մեկի մոտ անձնական դժբախտություն է եղել, եւ հիմա չենք կարող ժողով հրավիրել: Եվ էլի եմ ասում` սա անձնական դաշտ չի, այլ պետության մեջ աշխատող հիմնադրամ է: Մենք տարիների ընթացքում փորձել ենք ցույց տալ, որ եթե միավորվում են բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ռեսուրս`անձնական, թե պետական, կարողանում ենք օգնել մեր փոքրիկներին: Այդ իմաստով Դուք տեսել եք, թե այս տարիների ընթացքում որքան մարդ է իրոք փրկվել այս հիմնադրամի գործունեության շնորհիվ: Մենք ունեցել ենք երկու աշխատակից, նրանց աշխատավարձ է վճարվել, իսկ մնացած գումարը տրամադրվել է երեխաների բուժմանը:
-Իսկ այժմ երեխաների բուժումը կիսատ չի՞ մնա: Ի՞ նչ է լինելու նրանց ճակատագիրը, քանի որ ամեն օրն իրենց համար կարող է որոշիչ լինել:
-Ժողովից հետո Դուք կարող եք հարցնել հոգաբարձուների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց, թե ինչ որոշում է ընդունվել: Ես`Մարինե Ալեսս, համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանի հետ, սակայն նա այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Ապրիլի 25-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Դուրմիշխան Ռաժիկոյի Շամուգիայի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի իրավասու մարմինների կողմից իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակով 2017թ. առանց թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար: Հավաստի տեղեկություններով՝ Դ. Շամուգիան Վրաստանում մարդ է սպանել եւ այդ արարքի համար պատժից խուսափելու նպատակով անօրինական կերպով հատել հայ-վրացական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը»): Այժմ Դ. Շամուգիան գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դ. Շամուգիան միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Մայիսի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Դ. Շամուգիային մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 329 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

 

 

ԿԻՍԱՔԱՆԴ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 90 կմ երկարությամբ Մ6-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաեւ միջպետական ճանապարհի երեք թունելներն ու կամուրջները: 2016թ. սեպտեմբերից այս հատվածում երթեւեկությունը դադարեցվել էր, մինչ այդ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը` 1200: Երբ հասարակական տրանսպորտը սկսեց երթեւեկել շրջանցիկ` Ստեփանավանի ճանապարհով, այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը դարձավ 1200 դրամ, միկրոավտոբուսինը` 1500: Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ ճանապարհը երթուղային ավտոբուսները եւ միկրոավտոբուսները այժմ անցնում են Ալավերդի-Վանաձոր հիմնական կիսավարտ, դժվարամատչելի ճանապարհով: Սակայն ուղեվարձը գանձվում է շրջանցիկ ավտոճանապարհի համար ավտոբուսների դեպքում՝ 1200, միկոավտոբուսների դեպքում՝ 1500 դրամ: Ուղեւորներից զատ դժգոհ են նաեւ տրանսպորտի վարորդները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենք վնասներ են կրում. ավտոբուսների եւ միկրոավտոբուսների անվադողերը կիսաքանդ ճանապարհի ծածկի քարերի շփումից արագ մաշվում են: Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխոլոգիաների նոր նախարար Աշոտ Հակոբյանը միջոցներ կձեռնարկի՞ տվյալ ճանապարհի գործարկման ժամկետները խախտած ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Երեւանի վարչական շրջանների մի մասում բնակարանների մեկ քմ-ի գինը վերջին ամիսներին զգալի բարձրացել է: Գնային բարձրացումը հիմնականում արձանագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրը, օրինակ, մարտ, ապրիլ ամիսներին կազմել է 500 հազար 900 դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով միայն փետրվարի համեմատ մարտին բնակարանները թանկացել են 15 հազար 900 դրամով: Համաձայնեք, որ բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացրել են: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 272 հազար 500 դրամով, որը մարտին թանկացել է 2800 դրամով: Իսկ ահա Էրեբունիում բնակարանի գինը բարձրացել է 8 հազար 550 դրամով. այստեղ մեկ քմ արժեցել է 248 հազար 550 դրամ: Բնակարանների գները չեն բարձրացել միայն Արաբկիր վարչական շրջանում: Ընդհակառակը, այստեղ այն էժանացել է 2200 դրամով:
Ի դեպ` տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների մեկ քմ-ի շուկայական գինը ավելի բարձր է, քան Քանաքեռ-Զեյթունում: Ըստ պաշտոնական վիճակագրության` զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ վաճառվել է 276 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.4 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1413 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 82-ով ավելացել են: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 53-ով, Վայոց ձորում՝ 28-ով, Արարատում՝ 43-ով: Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Այս մարզի հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում: Եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս