Առաջիկայում Նիկոլ Փաշինյանին շատ լուրջ փորձություններ են սպասվում. չպետք է վստահել նավն առաջինը լքողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստացի ստացվել է այնպես, որ օրենսդիրում փոքրամասնություն համարվող ուժը գործադիրության իշխանության ղեկին է, իսկ մինչ այս օրենսդիրում իշխող ուժը երեկ վերջնականապես դարձավ փոքրամասնություն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այսօր խորհրդարանում բոլոր ուժերը ըննդիմադիր են համարվում. նրանք չունեն կայուն մեծամասնություն` իշխանություն համարվելու համար անհրաժեշտ թվով` 53 մանդատ: Այդքան մանդատ այլեւս չունի ՀՀԿ-ն, չունեն նաեւ կառավարություն ձեւավորած ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն (47 մանդատ), որոնք, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կարող են հուշագիր ստորագրել եւ կառավարվող համարվել:

ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած 6 պատգամավորները չեն կարող միանալ հուշագրին, քանի որ առանձին քաղաքական ուժ չեն, հետեւաբար` պաշտոնապես չեն կարող կառավարություն ձեւավորել: Եվ սա իսկապես խոսում է սահամանադրական ճգնաժամի մասին, որի լուծման միակ բանալին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, հետո նաեւ սահմանադրության փոփոխությունն ու նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցումը:

Առհասարակ, ինչպես սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ ներկայացնում էին «այո»-ի կողմնակիցները, մեծագույն ձեռքբերումներից մեկը կայուն մեծամասնության ներդրումն էր, որը հնարավորություն կտար անցնցում իշխանություն ունենալ: Միեւնույն ժամանակ սահմանադրական օրենքներն արդեն ընդունվում են 3/5-րդով (63 ձայն), եւ նախկինում կոալիցիա կազմած ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, միասին 64 ձայն ունենալով, հանգիստ կարող էին դրանք անցկացնել՝ չունենալով մյուս ուժերի կարիքը: Սակայն հիմա, երբ խորհրդարանում ուժերի վերադասավորվածություն է տիրում, օրենքներ անցկացնելը դժվարին գործ է դառնալու: Էլ չենք ասում այն մասին, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ չէ խորհրդարանական կառավարման համակարգի: Եւ այս օրերին տեսնում ենք այն, ինչի մասին դեռ 90-ական թվականներից ահազանգում էին նախագահական կամ գոնե կիսանախագահական համակարգի կողմնակիցները` խորհրդարանական կառավարման համակարգը համարելով ՀՀ-ի համար անարդյունավետ:

Եվ պետք է ընդգծել նաեւ, որ եթե ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները առնվազն հայտարարել են, որ մինչեւ վերջ սատարելու են Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը, ապա չպետք է կարծել, թե ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները եւ ապագայում այդպես վարվողները հետագայում միշտ կանգնելու են Նիկոլ Փաշինյանի կառավարության կողքին եւ սատարեն նրանց ծրագրերը: Այսինքն` փաստացի Նիկոլ Փաշինյանը չի կարող հույս դնել անգամ 47 պատգամավորի վրա, որն առանց այն էլ բավական չէ անգամ սովորական օրենքների անցկացման համար. այդ դեպքում էլ 53 ձայն է պետք: Եվ նույն խնդիրն էլ ունենալու է ՀՀԿ-ն. նրանք էլ այդքան պատգամավոր չունեն իրենց նախըտրած նախագծերի անցկացման համար: ՀՀԿ-ն չունի նաեւ այն լծակները, որ նախկինի նման ազդի մյուս խմբակցությունների վրա (բացառությամբ փողի, որը դժվար թե արդյունավետ լինի):

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իհարկե երեք տարի առաջ անիրատեսական էր, եւ դա է պատճառը, որ Սահմանադրության մեջ ամրագրված չեն այսպիսի իրավիճաներից դուրս գալու ելքերը, առավել եւս չկան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու լայն հնարավորություններ: Եվ այս իրավիճակում միակ ելքը մնում է սպասել արտահերթ ընտրություններին, որը հենց ընկած է այսօր խորհրդարանում քննարկվելիք կառավարության ծրագրի հիմքում: Մինչ այդ խորհրդարանում շարունակվելու է քաղաքական ճգնաժամ տիրել:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Հայաստանի համար քաղաքական առումով ոչ նորմալ իրավիճակ է: «Հայաստանի համար քաղաքականապես ոչ նորմալ իրավիճակ է, եւ մինչեւ արտահերթ ընտրություններն այդպիսի իրավիճակը կշարունակվի: Այսպիսի բաներ այլ երկրներում լինում է, դա նորություն չէ, սակայն Հայաստանում առաջին անգամ է: Իսկ Իտալիայում, որտեղ եւս խորհրդարանական համակարգ է, հաճախ է նման բաներ լինում: Հայաստանի համար է նորություն, քանի որ պետք է մեծամասնությունը ձեւավորի գործադիր իշխանություն, ստացվեց փոքրամասնությունը ձեւավորեց Ազգային ժողովի ղեկավարությունը: Ստացվում է՝ մեզ մոտ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինները ղեկավարում են փոքրամասնությունները», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով` սահմանադրական օրենքները հնարավոր կլինի անցկացնել միայն անկախ պատգամավորների օգնությամբ, ինչը կրկին ոչ նորմալ իրավիճակ է, որի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանին շատ լուրջ փորձություններ են սպասվում, քանի որ չպետք է վստահել այդ նույն մարդկանց, ովքեր քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով շտապեցին լքել այն կուսակցությունն ու մարդկանց, ում շնորհիվ էլ հասել էին այժմյան իրենց կարգավիճակին: Եվ չպետք է այդքան միամիտ լինել և կարծել, թե տարիների մտերմությունը ՀՀԿ ղեկավար կազմի հետ ընդամենը մեկ ամսում կվերանա: Ընդհակառակը, այդ նույն պատգամավորները կարող են Նիկոլ Փաշինյանին ապագայում տհաճ անակնկալներ մատուցել:

Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան




Լրահոս