ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ական վարչապետերի ձախողումները. ինչ են խոստացել, բայց չեն արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ըննդիմադիր դարձած Հանրապետական խմբակցության անդամների կողմից սկսվեց քննադատությունների շքերթ՝ բաժակաճառեր, բարի ցանկություններ, միայն նպատակներ եւ այլն: Ընդ որում` նույնիսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի կերպով մեղադրել էր գրագողության մեջ՝ ասելով, թե նման է նախորդ կառավարությունների ծրագրերին:
Մի մասն էլ մեղադրում էր թվային տվյալների բացակայության, ծրագրերի հերթականություն չունենալու մեջ այն դեպքում, երբ նախորդ կառավարությունների ծրագրերի դրույթներ այդպես էլ մնացել են միայն թղթի վրա եւ կյանքի չեն կոչվել: Ընդ որում` դեռ ՀՀԿ-ի կառավարության ծրագրերում եղել են կետեր եւ դրույթներ, որոնք ժառանգաբար Տիգրան Սարգսյանից փոխանցվել էին Հովիկ Աբրահամյանին, ապա նաեւ Կարեն Կարապետյանին:

Տիգրան Սարգսյանը թերեւս համարվել է ամենաձախողվածներից մեկը, եւ, բնականաբար, նրա ծրագիրն էլ գրեթե չի իրականացվել: Ընդ որում` կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ պայքարի մասին խոստումները կրկնվել են ծրագրից ծրագիր նույն ձեւակերպումներով: Տիգրան Սարգսյանն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսում էր մտածելակերպի փոփոխության մասին: «Վարքագծային կանոնների փոփոխություն, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից», – այն ժամանակ նշել էր Սարգսյանը:

Նրա ղեկավարած կառավարության ծրագրում առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի վերամբարձ խոսքեր էին առկա: «Առաջին հերթին կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը, երկրորդ` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է լինելու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը, երրորդ` կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը»… սրանք խոսքեր էին հենց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրից:

Այդ ժամանակ իշխանությունները նախատեսում էին 8-10 տոկոսով կրճատել աղքատությունը, կանխարգելել արտագաղթը, զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր ապահովել, 100 հազար աշխատատեղ ստեղծել, գոնե կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, մատչելի պայմաններով տրամադրվող վարկերի ծավալներն ավելացնել, կոռուպցիան ծնող պատճառները վերացնել, խստացնել ընդերքի շահագործման վերահսկողությունը, Երեւանի կենտրոնում բացառել մեր նկարագրին անհարիր կառուցապատումը: Սակայն այս կետերին ընդամենը հայացք գցելով` արդեն ակնհայտ է, որ մեծ մասը չի կատարվել:

Իսկ Տիգրան Սարգսյանին հաջորդած Հովիկ Աբրահամյանը, ով մոտ երկուսուկես տարի զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը, մոտավորապես նույն խոստումներն էր տալիս: Հովիկ Աբրահամյանն այնուհետև պնդում էր, որ ցանկացած ոք կարող է բենզին ներկրել: «Որ որևէ մեկին չի սահմանափակում, որևէ ընկերություն, որ ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրումով, կարող են ներկրել և զբաղվել այդ բիզնեսով», – ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել էր Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագրում էր եռամյա ծրագրով տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, աղքատությունը 35-ից դարձնել 25 տոկոս։ Մյուս բոլոր առումներով Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չէին տարբերվում. նույն շաբլոն խոսքերն ու խոստումներն էին: Ավելին՝ այստեղ կարելի էր հանդիպել նաեւ դրույթների, որոնք նախկին կառավարության ծրագրերի տառացի կրկնությունն էին՝ «copy-past» սկզբունքով:

Սակայն ցանկություններն ու արդյունքներն իրար առհասարակ չեն համընկել: Մասնավորապես Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ժամանակներում տնտեսական աճը 2013-ից ի վեր չի անցել 4 տոկոսը՝ տատանվելով 3-ից 3.5-ի շրջակայքում, աղքատության ցուցանիշը թեև վերջին տարիներին նվազել է, սակայն չի իջել 30 տոկոսից, գործազրկությունն աճում է, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է՝ խոստացված 65 հազարի փոխարեն։

Եվ միայն Կարեն Կարապետյանին, ով ստիպված էր անդրադառնալ նույն պնդումներին, հաջողվեց 7.5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Բայց սա էլ խիստ վիճարկելի թիվ է, քանի որ 2016թ. տնտեսական աճը եղել է գրեթե զրոյական, ու դրանից հետո ցանկացած փոփոխություն մեծ առաջընթացի տպավորություն էր թողնում: Ասել է թե` համեմատության բազան եղել է անհամեմատելի:

Ընդգծենք, որ վերջին երեք կառավարության ծրագրերից ամենաշատ կողմ քվեներին արժանացել է հենց Կարեն Կարապետյանի ծրագիրը, որն ընդունվել էր 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրին 2014 թվականին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, իսկ 2013-ին Տիգրան Սարգսյանի ծրագրին՝ 76 պատգամավոր։ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրն ամենաշատ դեմ քվեներն է ստացել այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի ծրագրերին քաղաքական որոշ ուժեր պարզապես չէին քվեարկել։

Տիգրան Սարգսյանը հայտնվել էր բավական ծանր դրության մեջ, քանի որ նրա կառավարության ծրագիրը խստագույն քննադատության էին ենթարկել խորհրդարանական չորս խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Ընդդիմությունը շատ խիստ էր գտնվել Սարգսյանի հանդեպ: Ինչպես բնորոշել էր պատգամավոր Ալիկ Արզումանյանը, այդ ծրագրի փոխարեն կարելի էր բաժակաճառերի հատորյակ բերել խորհրդարան եւ տարբերությունը մեծ չէր լինի:

Մանրամասները՝  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս