Անհերքելի փաստ է, որ համաժողովրդական շարժման օրերին, նաեւ դրանից հետո մի տեւական ժամանակ շատ պետական կառույցներ պարապուրդի էին մատնված: Օրեր շարունակ գերատեսչությունների աշխատակիցները՝ ընդհուպ ղեկավարների մակարդակով, գործ անելու փոխարեն ուղիղ եթերով հետեւել են շարժման ընթացքին: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակը բնականաբար կարգավորվել է, եւ իր կազմավորած կառավարությունը սկսել է ակտիվորեն աշխատել: Սակայն կարգավորվածությունը վերաբերում է միայն նախարարություններին, եւ մեկ շաբաթ է` նաեւ մարզպետարաններին:
Իսկ մինչ այդ նման իրավիճակ էր տիրում նաեւ մարզպետարանների պարագայում: Չնայած կառավարությունը ձեւավորված էր եղել, աշխատանքներն էլ՝ սկսված, սակայն ՀՀԿ-ական մարզպետները երկար ժամանակ պարապուրդի մատնված են եղել, մինչեւ փոխարինվեցին նորերով: Եվ նրանց մոտ այդ օրերին ավելի շատ սպասողական վիճակ է եղել, քան՝ աշխատանքային:
Սակայն նման իրավիճակը դեռեւս շարունակվում են մյուս վայրերում, օրինակ, տեսչական մարմիններում, որտեղ դեռ անորոշություն է: Թեեւ այս ընթացքում նշված գերատեսչությունների համապատասխան աշխատակիցները հայտարարություններ են տարածում իրենց կատարած աշխատանքների մասին, բայց դրանք ավելի շատ կրում են ձեւական բնույթ, քանի որ դեռ հայտնի չէ` նշված տեսչական մարմինների ղեկավարները, այդ թվում ենթակաները կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Թե որքան կտեւի, անհայտ է: Նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Արդյոք Նիկոլ Փաշինյանը կհասնի իրենց, թե ոչ, ժամանակը ցույց կտա:
Այսինքն` ստացվում է, որ մայիսի 9-ից հետո եւ անգամ դրանից առաջ՝ թավշյա հեղափոխության ողջ ընթացքում, Հայաստանի պետական կառավարման համակարգն աշխատել եւ այժմ էլ դեռեւս շարունակում է աշխատել իներցիայով: Եվ դրա պատճառն այն է, որ տարբեր գերատեսչություններում տարբեր ուժեր են իշխող համարվում եւ կառավարում, եւ տարբեր կուսակցության անդամների միջեւ աշխատանքային կապը չի ստացվում կամ չի էլ հաստատվում:
Մասնավորապես, խորհրդարանում դեռեւս ամեն դեպքում մեծամասնություն է ՀՀԿ-ն եւ ունի ղեկավար կազմ, կառավարությունում ՝ երեք ուժեր են իշխող համարվում, որպես մարզպետներ եւս: Ասել է թե` սահմանադրական ճգնաժամի հետեւանքով իշխանության տարբեր ճյուղեր անգործության են մատնված:
Պետական մյուս կառույցներում եւս անորոշ վիճակ է տիրում, նաեւ Վճռաբեկ դատարանում եւ ՀՔԾ-ում, որի ղեկավարները հրաժարականներ են տվել: Այսինքն` Հայաստանում այժմ տարբեր բեւեռներ են տիրում, եւ դրանց միջեւ կապն այնքան էլ սերտ չէ: Այս օրերին աշխատանքն ընթանում է իներցիայով, քանի որ տարիներով աշխատած անձինք գիտեն՝ ինչը ինչպես անել, սակայն հետագան մնում է անորոշ:
Իհարկե, միշտ չես հանդիպի, որ ՔՊ-ական նախարարն աշխատի ՀՀԿ-ական փոխնախարարի հետ, ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմադիր վարչապետի հետ մեկնի գործուղման եւ այլն: Եվ այս անգամ եւս այս ամենի լուծման բանալին միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Օրերս լրագրողների հետ զրույցում այս տարանջատվածությանն անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում հիմա կա իշխանության թեւերի տարանջատում: Եվ հիմա նույնիսկ այդ թեւերի շատ ներկայացուցիչներ չեն հավատում, որ իրենք տարանջատված են: Եվ նաեւ հանրության մի մասը չի հավատում, որ նրանք տարանջատված են: Բայց մենք դրա համար ենք չէ պայքարել: Հիմա ասում են՝ հա, լավ, ինչ կլինի, գոնե այ սենց կարեւոր հարցեր կան, մի հատ զանգեք, ասեք, թող այդ խնդիրն այսպես լուծեն: Որ սկսեն զանգել, էդ կնշանակի, որ մենք սկսում ենք քայլել այն նույն ճանապարհով, որով քայլելու համար մեղադրել ենք ուրիշներին»:
Ստեղծված իրավիճակը, թերեւս, վտանգավոր է, հուսանք՝ այս ամենը ժամանակավոր է:
Հ.Գ. Այս շարքում բացառություն են զինված ուժերը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որոնք ինքնակազմակերպված գործում են՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանցից:
Նաիրա Հովհաննիսյան