Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Եպիսկոպոսաց ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով անընդունելի է համարել մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Այս մասին մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ կատարվեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից:
Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր:
Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:
Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝ Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար:
Առաջիկա կիրակի բարեկենդանն է Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի, որին հաջորդելու է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սա հրաշալի առիթ է, որպեսզի պահեցողության այս օրերին ամենքս զորացնենք աղոթական մեր կյանքը՝ հոգևոր խորհրդածությունների միջոցով համերաշխության ոգին ամրացնելու և սրբազան մեր առաքելությունն առավել արգասավոր դարձնելու համար:
Հրավիրում ենք մեր Եկեղեցու բարեպաշտ հավատացյալներին՝ աղոթական խաղաղ ու խոնարհ հոգով շարունակել մնալ աստվածպաշտության մեջ և իրենց գործուն մասնակցությունը բերել մեր եկեղեցական կյանքին՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:
Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն:
Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Գուգարաց թեմի առաջնորդ
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Վայոց Ձորի թեմի առաջնորդ
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և
արարողակարգի բաժնի տնօրեն
Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան
Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյան
Արմավիրի թեմի առաջնորդ
Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ
Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռի դիվանապետ
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ
Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Մայր Աթոռի Վանորեից տեսուչ
Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Արագածոտնի թեմի առաջնորդ
Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Մայր Աթոռի լուսարարապետ
Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն»։