Վճռաբեկ դատարանի նախագահ չեն կարողանում ընտրել. տարաձայնությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձարագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Բանն այն է, որ ԲԴԽ անդամներն իրարամերժ կարծիք ունեն վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցում: Այդ պատճառով երկու ընտրություն կայացավ, սական երկու ընտրության դեպքում էլ այդպես էլ ներկայացված թեկնածուներից որեւէ մեկը չկարողացավ ստանալ առավելագույն ձայն, որպեսզի ներկայացվի Ազգային ժողով:

Դեռեւս մայիս ամսին գրել էինք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածը, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեին հուլիսի 2-ից հուլիսի 7-ը:

Եվ ահա այս ժամանակացույցը դատական համակարգում դարձավ խիստ մտահոգության առիթ: Չնայած այն բանին, որ Բարձրագույն դատական խորհուրդը հստակ սահմանել էր ժամանակացույցը` սակայն իրավիճակ փոխվեց: Մասնավորապես ներքին հրահանգ էր իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ:
Ավելին` եթե մյուս դատարանների նախագահների ընտրությունը իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեպքում պատկերը այլ է: Ըստ Դատական օրենսգրքի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

Այսպիսով, դատական համակարգին ներքին հրահանգ էր իջեցվել, որ միգուցե հուլիս ամսին Ազգային ժողովը գնա արձակուրդ, եւ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը հետաձգվի, ուստի դատական համակարգին հրահանգել էին թողնել մյուս դատարանների նախագահի ընտրությունը եւ մայիս ամսին Ազգային ժողով ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին եւ արագ կազմակերպել նախագահի ընտրությունը:

Համլետ Ասատրյան

2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:
Գաղտնի քվերակության արդյունքներով` ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ.

Ասատրյան Համլետ – 2, Անտոնյան Սուրեն – 1, Ավանեսյան Վարդան – 0, Ավետիսյան Սերժիկ – 2, Բարսեղյան Արտակ – 0, Դանիելյան Ելիզավետա – 0, Դրմեյան Մամիկոն – 0, Թադեւոսյան Լիլիթ – 0, Խունդկարյան Երվանդ – 2, Հակոբյան Գոռ – 2, Միքայելյան Ստեփան – 1, Պետրոսյան Տիգրան – 0,Պողոսյան Արթուր – 0, Տավարացյան Նախշուն – 0, Օհանյան Սամվել – 0

Արդյունքում դատավորները հավաքում են հավասար թվով ձայն, եւ երկրորդ փուլ են անցնում Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլում էլ իրավիճակը չի փոխվել: Երկրորդ փուլի արդյունքներով` թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացել է 3 ձայն, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի դեմ որոշում կայացրած դատավոր Ավետիսյանը հավակնում էր դառնալ Վճռաբեկի դատարանի նախագահ, սակայն նրա բախտը այստեղ էլ չի բերում, քանի որ դատավորը առնվազն պետք է հավաքի ԲԴԽ անդամներից 6 ձայն, որպեսզի կարողանա ԲԴԽ-ի կողմից որպես Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ներկայացվի Ազգային ժողով: Ուստի ստացվում է, որ երկրոդ փուլը եւս ձախողման մատնվեց, եւ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն:

Ասել է թե` Բարձրագույն դատական խորհուրդի անդամների մոտեցումները նախագահի թեկնածուների նկատմամբ հնարավորություն չեն տալիս ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ:

Սերժիկ Ավետիսյան

Ի դեպ, հիշեցնենք, որ առավել ձայն հավաքած դատավոր Սերժիկ Ավետիսյանը մինչեւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը հանդիսացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2010 թվականին նա` որպես նախագահող դատավոր, քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը` վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով` առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ, իսկ ահա առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 7 տարի ժամկետով:

Սակայն, չնայած իրավիճակին, դատական համակարգում Սերժիկ Ավետիսյանի նշանակումը նախագահի պաշտոնում չեն բացառում:

Բանն այն է, որ Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քենակալն է` կնոջ քրոջ ամուսինը: Նրանք նաեւ համաքաղաքացիներ են, ուստի դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե այս հանգամանքը որոշակի կերպով ազդի նախագահի պաշտոնում նրա նշանակման վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս