Դեռեւս «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է եղել մեկ կուսակցություն դառնալու կետը, սակայն խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց այդ դրույթը չի իրականացվել, ավելին՝ մինչ այժմ այս գործընթացի հետ կապված դեռեւս ոչ մի քննարկում չէր իրականացվում եւ գործընթացը կարծես թե առկախված էր. պատճառը դաշինքի անդամ երեք կուսակցությունների միջեւ ոչ այնքան հաշտ հարաբերություններն են. Էդմոն Մարուքյանն ի սկզբանե չսատարեց Նիկոլ Փաշինյանին, ու նրա կողքին կանգնեց այն ժամանակ, երբ թավշյա հեղափությունը մոտ էր հաղթանակին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թավշյա հեղափոխությունից հետո այս հարցով քննարկումներ են սկսվել, սակայն դեռ միայն կուսակցությունների ներսում. հարցը դաշինքում ավելի լայն ձեւաչափով դեռ չի քննարկվել: Այս օրերին դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության անդամները քննարկումներ են անցկացնում հասկանալու համար մեկ կուսակցություն դառնալու եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական հանդես գալու հնարավորությունները:
ԼՀ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամները հասկանում են, որ այս պահին առանց ՔՊ-ի իրենց համար շատ բարդ է լինելու ընտրություններում համապատասխան ձայներ ապահովելը: Սակայն նաեւ հասկանում են, որ եթե մեկ կուսակցություն դառնալու համաձայնության գան, ապա գլխավոր է դառնալու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, եւ ընտրացուցակում կգերիշխեն հենց այս կուսակցության թեկնածուները, ինչպես որ այսօր նրանք գերիշխում են կառավարությունում: ՔՊ-ին միանալու տարբերակին մյուս երկու ուժերն այնքան էլ դեմ չեն, քանի որ այսպես կապահովեն նաեւ իրենց ներկայացվածությունը խորհրդարանում՝ պատգամավորական մանդատ, բարձր աշխատավարձ, անարգել ճամփորդելու հնարավորություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով դաշինքի մաս կազմող կուսակցություններում բազմաթիվ կարծիքներ են առկա, անգամ չի բացառվում, որ ՔՊ-ն առանձին մասնակցի, իսկ մյուս երկու ուժերն էլ միասին՝ սակայն օգտագործելով հենց դաշինքի անվանումն ու կարգախոսը: Եվ ամենեւին պատահական չէ, որ լրագրողների հետ զրույցում երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իր համար «Ելք կա»-ն ավելի լավ կարգախոս է, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը: Սա, ըստ էության, հենց մեսսիջ էր՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընտրություններին միասնական կամ առանձին մասնակցելու շուրջ քննարկումներն ընթանում են, սակայն արդյունքների մասին դժվարացավ խոսել: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե առաջիկայում սպասվում է «Հանրապետություն» կուսակցության համագումարը, որի նպատակը թիմն ավելի երիտասարդացնելն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում եւս այս հարցի վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր արտահայտել, թե եթե առանձին-առանձին գնան ընտրության, նրանցից ոչ ոք չի հաղթի: Սակայն այս մոտեցմանն այնքան էլ համակարծիք չէր Արամ Սարգսյանը, ով մեզ հետ զրույցում ընդգծեց, թե յուրաքանչյուր մարդ հաղթանակի վերաբերյալ իր ուրույն մոտեցումն ունի:
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե իրենք այս պահին միայնակ էլ կարող են մասնակցել եւ անհրաժեշտ ձայներ ապահովել, սակայն դա չի նշանակում, թե մյուսներին չպետք է հարգել: «Այս պահին քննարկումներ են ընթանում, քանի որ հուշագրի չորրորդ կետում ամրագրված էր մեկ կուսակցություն դառնալու քննարկումներ սկսելը եւ հավատարիմ մնալով մեր հուշագրի կետին՝ մենք այդ քննարկումները սկսել ենք: Հիմա ենք սկսել, քանի որ պայմաններ, իրավիճակ է փոխվել, եւ այդ հարցը քննարկելու անհրաժեշտություն կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Վերջինս եւս ընդգծեց, թե այդ քննարկումները միայն կուսակցություններում են ընթանում, այլ ոչ թե դաշինքում: «Կուսակցությունները տարբեր են, եւ միասնական քննարկում դեռ չի եղել: Առայժմ մենակ կուսակցություններում ենք քննարկել, նույնիսկ վարչության նիստում չենք քննարկել», – ընդգծեց նա:
Լենա Նազարյանը նաեւ նշեց, թե հենց այս քննարկումների արդյունքում հայտնի կդառնա, թե ով կլինի խմբակցության ղեկավար: «Դա էլ պայմանավորված կլինի այդ քննարկումներով: Ոչ մի ժամկետ չկա: Մենք որոշեցինք, որ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի քննարկումից հետո կանդրառնանք նաեւ այդ հարցեին», – եզրափակեց Նազարյանը:
Պարզից էլ պարզ է, որ այս պահին ՔՊ-ն կարող է առանձին էլ ապահովել իր համար անհրաժեշտ ձայները, եւ մյուս ուժերը դա շատ լավ հասկանում են: Եվ հաջորդ խորհրդարանում կրկին հայտնվելու միակ տարբերակը ՔՊ-ի հետ որեւէ ձեւաչափով հանդես գալն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան