Նախորդ շաբաթ ավարտվեց Մեծ յոթնյակի հերթական գագաթնաժողովը, որը գուցե թե լինի այդ ձեւաչափով վերջինը առնվազն մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը:
Գագաթնաժողովին դրսեւորվեց ոչ միայն տերությունների միջեւ առկա տարաձայնությունների ողջ փաթեթը, այլեւ հստակ դարձավ ԱՄՆ նախագահի մեկուսացվածությունը արեւմտյան դաշնակիցներից: Թրամփի ու մյուս պետությունների հարաբերությունների լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ նախագահը թվիթերի միջոցով չեղարկեց իր ստորագրությունը գագաթնաժողովի կոմյունիկեից:
G7-ի գագաթնաժողովն այս տարի ընթանում էր բավականին բարդ պայմաններում` հաշվի առնելով ինչպես համաշխարհային քաղաքական ճգնաժամը Ռուսաստանի մասնակցությամբ ու Հս. Կորեայի հիմնահարցը, այնպես էլ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ լարվածությունը:
Հետպատերազմյան շրջափուլից ի վեր ԱՄՆ-ի ու դաշնակիցների միջեւ թեպետ տարակարծություններ եղել են, սակայն դրանք այսօրվա կրիտիկական սահմանին, ըստ էության, երբեւէ չեն հասել: Դժվար է վերհիշել մի դեպք, երբ ԱՄՆ նախագահն այսքան մեկուսացած լիներ իր դաշնակիցներից, որոնց հետ փոխանակվեր հրապարակային քննադատություններով: Դեռ նախագահ ընտրվելու ու պաշտոնական լիազորությունների ստանձնման շրջանում էր դրսեւորվել Թրամփի ու Գերմանիայի կանցլեր Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Աբեի, Կանադայի վարչապետ Թրուդոյի անհաշտությունը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ընտրության ժամանակ էլ Թրամփը անթաքույց կերպով պաշտպանում էր նրա մրցակից Մարի Լը Պենին:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ նույնպես, ի հեճուկս սկզբնական բարեկամական մթնոլոորտի, Թրամփը հասցրեց թշնամանալ, երբ քարոզում էր աջ ծայրահեղականություն հենց ՄԹ-ի ներսում: Սակայն օրերս միայն Մեյն էր, որ Թրամփի հանդեպ պահպանեց իր հանդուրժողական վերաբերմունքը` այն էլ կապված հանգամանքի հետ, որ ՄԹ-ը լքում է ԵՄ-ն, եւ առեւտրային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ վերածվում են կենսական անհրաժեշտության:
Թրամփի եւ արեւմտյան դաշնակիցների հարաբերություններն առերեւույթ լարվեցին տնտեսական հիմնահարցերի քննարկման պատճառով, սակայն դրանց բուն էությունը լիովին քաղաքական է: Խնդիրն առաջին հերթին պետությունների ղեկավարների ընկալումներն են իրենց պետության արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ունեցած տեղի ու դերի առումով: Թրամփը լիովին իրագործեց իր նախընտրական խոստումները, երբ համառորեն պնդում էր, որ ամեն ինչ անելու էր ամերիկյան շահերի սպասարկման համար` թույլ չտալով ծախսել պետության ազգային հարստությունն այլոց համար, բարելավել ամերիկյան արտադրողների մրցակցային դիրքը եւ այլն:
Բարձրացնելով միջազգային կազմակերպությունների պահպանման ուղղությամբ արվող ծախսերի հավասար բաշխվածության խնդիրը` Թրամփը գտնում էր, որ նախկին կարգն անարդարացի էր, երբ ԱՄՆ-ն, ըստ էության, միայնակ էր պահում այդ կազմակերպությունները, որոնք էլ իրենց հերթին ծառայում էին ընդհանուրի շահերին: Եվ այժմ էլ Թրամփը որոշել է պողպատի եւ ալյումինի առեւտրի հարցում նոր հարկեր ավելացնել: Ըստ նրա` մաքսատուրքերն այնքան ցածր են, որ Կանադայից ու ԵՄ-ից ներմուծվող պողպատն ու ալյումինն ավելի էժան են լինում, ինչից էլ տուժում է ամերիկյան արտադրողը` չկարողանալով դիմանալ մրցակցությանը: Թրամփն անգամ հայտարարում է, որ ամերիկյան արտահանողների համար Կանադան բավականին բարձր մաքսատուրքեր է սահմանել, ինչն էլ ստիպում է իրեն նույն կերպ վարվել:
Բիզնեսի առումով Թրամփը լիովին ճիշտ է, քանի որ որպես ԱՄՆ նախագահ պետք է առաջին հերթին մտածի ամերիկյան բիզնեսի շահերի տեսանկյունից: Սակայն հետպատերազմյան շրջանից ի վեր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նման հարցերում հիմնված է եղել լիբերալիզմի սկզբունքների վրա, երբ բաց առեւտրի միջոցով արեւմտյան դաշնակիցներն ընկնում էին ԱՄՆ-ից կախվածության մեջ: Եթե վերջինս անգամ տնտեսապես որոշակիորեն տուժում էր, ապա շահում էր քաղաքական իմաստով: Զիջելով որոշ ֆինանսական հարցերում` ԱՄՆ-ն ստանում էր քաղաքական իշխանություն արեւմտյան տերությունների նկատմամբ եւ լեգիտիմացնում արեւմտյան ժանդարմի իր կարգավիճակը:
Թրամփն այսօր փորձում է այդ նույն կարգավիճակով նաեւ շահեկան վիճակում հայտնվել տնտեսական հարաբերություններում: Սակայն արեւմտյան դաշնակիցներից եւ ոչ մեկը չի հանդուրժելու, որ ֆինանսական հավասար պայմանների դեպքում ԱՄՆ-ն ունենա քաղաքական գերակայություն: Թրամփն, ըստ այդմ, պետք է ընտրի կա՛մ պահպանել քաղաքական գերիշխանությունը եւ որոշակիորեն տուժել տնտեսական հարցերում, կա՛մ կենտրոնանալ ամերիկյան տնտեսության ուժեղացման վրա եւ քայլ առ քայլ կորցնել ազդեցությունը Եվրոպայի ու Կանադայի նկատմամբ: ԱՄՆ նախագահը, լինելով գործարար, թերեւս չի կարողանում պատկերացնել այս նրբությունը, ուստի եւ անընդհատ շեշտադրում է տնտեսականի վրա:
Ավելին` նա բավականին անզգույշ գտնվեց Մեծ յոթնյակի` մեծ բանավեճերի ու փոխզիջման արդյունքում կնքված կոմյունիկեից հրաժարվելու հարցում: Նա այդպես վարվեց համացանցում թվիթերյան գրառման միջոցով` պատշաճորեն չտեղեկացնելով իր դաշնակիցներին եւ անակնկալի բերելով վերջիններիս:
Դիվանագիտության մեջ Թրամփի պահվածքը պարզ արհամարհանք է, որը դժվար թե եվրոպացիները կուլ տան: Նման իրավիճակում այլեւս հստակորեն կարելի է խոսել արեւմուտքի երկփեղկվածության մասին, ինչը դրսեւորվելու համար լավագույն պայմաններն է ստեղծում Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի համար: Նկատենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նորօրյա պատասխանատուները նույնպես պետք է սթափորեն վերլուծեն ստեղծված դրությունը պատեկրացնելու համար տարածաշրջանում հնարավոր զարգացումների շրջանակն ու ընթացքը:
Ն.Հովսեփյան