Հակակոռուպցիոն խորհրդի գործունեության հրամայականը. ինչ կարևոր քայլ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բոլոր կառավարությունների ղեկավարներն իրենց ծրագրերում եւ հրապարակային ելույթներում առաջնահերթություն են համարել կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ հարցը փոխանցվել է կառավարություններից կառավարություն, եւ գլոբալ լուծումներ չեն տրվել:
Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս եւ, ընդհանրապես, իր գրեթե բոլոր ելույթներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս բազմիցս նշել է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ներկա կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է լինելու, եւ այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող: Այդ կապակցությամբ վարչապետը հատուկ հանձնարարական է տվել ԱԱԾ-ին: Բնականաբար, արդեն տեսանելի քայլեր արվում են այդ ուղղությամբ, միայն թե այդ քայլերը հատվածական են, այլ ոչ թե համակարգված:

Բանն այն է, որ նախորդ կառավարությունների ղեկավարները փորձել են պայքարել կոռուպցիայի դեմ նաեւ տարատեսակ խորհուրդների կամ հանձնաժողովների միջոցով: Դրանցից մեկն էլ «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ն է: Այն Հայաստանում գործում է 2015թ-ից, որը ստեղծվել է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 19-ի որոշման: Համաձայն այդ որոշման` խորհուրդը ղեկավարում է հանրապետության վարչապետը, այսինքն` վարչապետ նշանակվելու օրվանից Նիկոլ Փաշինյանի վրա է դրված այդ խորհրդի ղեկավարի պարտականությունները: Նույն որոշմամբ նախատեսված է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները:

Փորձագետների պնդմամբ` այն նախատեսում է մի շարք կարեւորագույն գործառույթներ, դրանց թվում հակակոռուպցիոն ռազմավարության եւ հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի նախագծերի մշակումը, ռազմավարությունում եւ (կամ) հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ խորհրդին առաջարկությունների ներկայացումը, հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի իրականացումը, գնահատումը, ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունների ամփոփումը:
Սակայն ներկայումս իրավիճակն այսպիսին է: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ոչ հիմնավոր պատճառներով անկախ փորձագիտական հանձնախումբը լուծարվել է` հակառակ Հայաստանի Հանրապետության կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն որոշման: Ոչ միայն չեն իրականացվում վերը նշված որոշմամբ ամրագրված փորձախմբի եւ փորձագետի համար սահմանված գործառույթները, այլ նաեւ չեն իրականացվում ռազմավարությամբ սահմանված գերակա ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի դեմ արդյունավետ պայքար, բազմաթիվ հակակոռուպցիոն միջոցառումներ, որոնց համար որոշված է ժամանակացույց, մնում են թղթի վրա, բացակայում է անհրաժեշտ որակյալ մշտադիտարկումը (մոնիտորինգ) իրականացնող փորձագետը:

Բացի այդ, ըստ փորձագետների, մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես առողջապահության եւ կրթության նորանշանակ նախարարները, լիարժեք ծանոթ չլինելով ոլորտի խնդիրներին, որոշումներ են ընդունում, որոնք ինչ-որ տեղ իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Փորձագետների պնդմամբ` սա է պատճառը, որ թե՛ առողջապահության նախարարը եւ թե՛ կրթության եւ գիտության նախարարը հայտարարում են, թե իրենց ոլորտներում հայտնաբերվել են ընդամենը մեկ կամ երկու կոռուպցիոն դրսևորումներ, այնինչ ոլորտները մինչեւ կոկորդը թաղված են կոռուպցիայի մեջ:
Փորձագետների պնդմամբ` հիմա հարկավոր է հրատապ ձեւով վերսկսել խորհրդի աշխատանքները. Նիկոլ Փաշինյանը, որպես խորհրդի նախագահ, փորձագետների կարծիքով պետք է հանդիպում կազմակերպի փորձագիտական հանձնախմբի անդամների հետ, որից հետո պետք է արագ վերականգնվի փորձագիտական հանձնախմբի աշխատանքը:

Հետաքրքիր է՝ ինչ է այս մասին մտածում Նիկոլ Փաշինյանը եւ երբ կվերսկսեն խորհրդի աշխատանքները: Այս հարցով մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին, սակայն վերջինս նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրաված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրաված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»,- փոխանցեց խոսնակը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս