Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են. «2018թ. ապրիլի 16-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետեւանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»: Միայն թե, նկատենք` այս գործով դեռեւս որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել: Այնինչ, հիշեցնենք, այդ օրերին համացանցը ողողված էր ձայնային նռնակները կիրառելու տեսանյութերով ու լուսանկարներով, ու որքան էլ հատուկ միջոցներ կիրառած այդ ոստիկանները դիմակավորված էին, միեւնույն է, իրավապահների համար ամենեւին էլ դժվար չէ նույնականացնելը եւ հանցանք կատարած անձանց բացահայտելը: Ու, վերջապես, դժվար չէ պարզել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված անձի ինքնությունը, խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնանկ եղավ: Հետաքրքիր է՝ նոր իշխանությունը մինչեւ վերջ կգնա եւ կպատժի մեղավորներին, թե ամեն ինչ կավարտվի` քրեական գործ հարուցելով ու հետո այն կարճելով, ինչպես եղել է նախկինում:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է բուհերի ապակուսակցականացման մասին` ընդգծելով փաստը, որ մի շարք ռեկտորներ եղել են քաղաքականացված: ««Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր»,- ասել է Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, թե նախարարի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշել է. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, այն էլ ոչ թե շարքային կուսակցական, այլ ՀՀԿ խորհրդի անդամ:
Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում ետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, եւ ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետեւանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առեւտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաեւ արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ` արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս. սա էլ հավանաբար հետեւանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետեւեն նաեւ աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, եւ բացահայտումներից հետո հնարավոր է` ճաղավանդակների հետեւում հայտնվեն նաեւ խոշոր համայնքների ղեկավարներ: Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի. եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի` բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն: Հիշեցնենք, որ օրերս նաեւ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով:
ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՑԻՆԻԶՄ
Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունն, այնուամենայնիվ, մեկ բացասական հետեւանք ունեցավ. այդ իրադարձությունները վերակենդանացրին վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված գործիչներին: ՈՒ հիմա, որքան ավելի ռեալ է դառնում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը (իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դա իրենց առաջնահերթություններից է), այնքան քաղաքական լուսանցքում հայտնվածները սկսել են ավելի ակտիվանալ՝ պոպուլիզմի գերբարձր դոզայով համեմված:
Այս առումով պատահական չէր «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկվա խոսքերը: Արթուր Բաղդասարյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ իր եւ 2008 թվականին իրեն ձայն տված ավելի քան 300 հազար ընտրողների անունից պահանջում է բացահայտել մարտի 1-ի դեպքերը: ՕԵԿ նախագահի հայտարարությունները այլ բան, քան ցինիզմի բարձրագույն դրսեւորում, դժվար է որակել. մարտի 1-ի բացահայտման մասին, այն էլ՝ 2008թ. իրեն քվեարկողների անունից, բարձրաձայնում է մի անձնավորություն, որն իր հերթին քաղաքական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած ոճրագործության համար: Եթե Արթուր Բաղդասարյանը մոռացել է իր կենսագրության այդ դրվագները, հիշեցնենք՝ 2008թ. նախագահական ընտրություններում, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ տեղը, այնուամենայնիվ համաձայնեց Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել: Ու մինչ հարյուր հազարավոր քաղաքացիներ, տասը օր շարունակ Ազատության հրապարակում հավաքված, պայքարում էին ընտրակեղծիքով ձեւավորված իշխանության դեմ, պայքարում իրենց քվեի համար, Արթուր Բաղդասարյանն այդ քայլով լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին` միաժամանակ այդպես մարտի 1-ի սպանդի իրականացման «քարտ բլանշ» տալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:
2008թ. սկսած 6 տարի շարունակ Բաղդասարյանը եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ առնվազն հնարավորություն է ունեցել իշխանության մյուս մարմիններից պահանջելու մարտի 1-ի դեպքերի բացահայտում: Բայց նա այդ քայլին չի գնացել երբեւէ` ընդհակառակը, ամեն կերպ արդարացնելով մարտի 1-ի նախօրեին կոալիցիա կազմելը: Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մինչեւ 2014թ. մշտապես դեմ է քվեարկել մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի ձեւավորման նախագծերին: Այնպես որ, ով-ով, բայց Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի խոսելու մարտի 1-ի բացահայտման մասին: Այն էլ հիմա, երբ ակնհայտ է, որ այս ամենն անում է ընդամենը շահադիտական նպատակներով: