Նախագահի լիազորություններն ու իրականությունը. որն է Արմեն Սարգսյանի նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանն իրեն վերապահել է լիազորություններ, որոնք, սակայն, չկան սահմանադրության մեջ:
Եւ այսպես, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Սա, իհարկե, կարելի էր բնական հանդիպում եւ զարգացումների ընթացք համարել, եթե չլիներ ՀՀ նոր Սահմանադրությունը, որտեղ հստակ ամրագրված են թե՛ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛ կառավարության լիազորություններն արտաքին ոլորտում: Մասնավորապես, ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, արտաքին քաղաքականությունը որոշելու եւ իրականացնելու հետ կապված լիազորություններ չունի, առավել եւս մանդատ ղարաբաղյան հարցում առանցքային նշանակություն ունեցող խմբի հետ հանդիպման համար:

Սահմանադրության 132-րդ հոդվածը, որ վերնագրված է «Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում», այսպես է շարադրված.

Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

Ինչպես տեսնում եք, Սահմանադրության համապատասխան հոդվածներում որեւէ բառ անգամ չկա նախագահի կողմից արտաքին քաղաքականություն վարելու մասին: Փոխարենը այդ լիազորությունը տրված է կառավարությանն ու վարչապետին:
Սահմանադրության 146-րդ հոդվածը սահմանում է կառավարության գործառույթները. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»:

Մեկ փաստ եւս. ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը, որ վերնագրված է «Օրինականության սկզբունքը», սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ասել է թե՝ նախագահն իրավասու է կատարելու միայն Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ եւ ոչինչ ավելին: Հակառակ դեպքում, նրա քայլը հակասահմանադրական է, հակաօրինական:

Թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանը փորձում մտնել մի ոլորտ, որն իրենը չէ, պարզ չէ: Ավելի ճիշտ, մեզ համար պարզ է, եւ որքան էլ տարօրինակ հնչի, դավադրությունների տեսության ժանրից է: Հիշո՞ւմ եք Արմեն Սարգսյանի դժգոհությունները, թե մենք չունենք հավասարակշռված սահմանադրություն. «Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն», եւ պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը:

Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ»,- հունիսի 2-ին Ամերիկայի ձանի հետ հարցազրույցում ասել էր նա: Ընդ որում՝ նման հայտարարություն էր արել այն Արմեն Սարգսյանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ընդհակառակը, փորձում էր հակառակն ապացուցել՝ ասելով՝ ինքը համաձայն չէ գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի:

Իսկ որ Արմեն Սարգսյանը մտնում է Սահմանադրությամբ իրեն չպատվիրակված ոլորտ, փաստում է պաշտոնական հաղորդագրությունը: Այդ հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաև այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է:

Զավեշտալի էր նաև կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու և ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը: Չենք կարծում, որ լինել Արմեն Սարգսյանի հովանավորյալը և, փաստորեն, քաղաքականության իրականացնողը (ըստ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունների՝ Զ. Մնացականյանի խոսքն ու քայլերը շատ ավելի մոտ են Արմեն Սարգսյանին կամ, ավելի ճիշտ, Էդվարդ Նալբանդյանին, քան գործող վարչապետին) բավարար է նման վարքագիծ որդեգրելու համար:

Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան




Լրահոս