Այսօր՝ 18:00-ին, լրանում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ձերբակալելու 72 ժամը: Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:
Սահմանադրության 96-րդ հոդվածում նշվում է.
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Միևնույն ժամանակ էլ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, թե պատգամավորի նկատմամբ ինչպես է քրեական հետապնդում իրականացվում կամ ազատությունից զրկում:
Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը
1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով.
1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.
2) մտքերի փոխանակություն.
3) միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:
3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:
Հավելենք, որ ԱԺ հերթական նիստը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:
Փաստաբան Նորայր Նորիկյանն այս առնչությամբ հայտնում է. «Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննել միայն ս.թ. սեպտեմբերի 10-ին, իսկ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի, քանի որ ՛՛Ազգային Ժողովի կանոնակարգ՛՛ սահմանադրական օրենքը հստակ սահմանել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել բացառապես Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ինչը նշանակում է, որ այդ հարցը չի կարող ընդգրվել թե՛ արտահերթ նստաշրջանի, թե՛ արտահերթ նիստի օրակարգում»: