Շիրակի մարզին հեղեղն է սպառնում. սելավատարները ոչ բարեկարգ վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առատ անձրեւները Շիրակի մարզում հեղեղումների ու սելավների պատճառ են դարձել: Կարմրավան, Փոքր Մանթաշ, Ցողամարգ գյուղերն այս տարվա ընթացքում լուրջ վնասներ են կրել սելավների պատճառով: Ամենեւին վերջերս գրանցվեց Կարմրավանի դեպքը: Հորդառատ անձրեւի հետեւանքով վարարել էր Աշոցքի Կարմրավան համայնքով անցնող Ախուրյան գետը սնուցող վտակներից մեկը: Նախրապահներն ու 300-400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն մնացել էին գետակի մյուս կողմում: Միայն փրկարարների օգնությամբ էր հաջողվել մարդկանց ու կենդանիներին անվնաս տեղափոխել: Օրեր անց էլ նման դեպք էր գրանցվել Մեծ Մանթաշում: Սելավային հոսքերը վնաս էին պատճառել ցանքատարածությունների, ջրալցվել էին 10-15 բնակելի տուն, կորել էր նաեւ երկու խոշոր եղջերավոր անասուն: Ամենավերջին դեպքն էլ Ոսկեհասկում էր: Ընդամենը օրեր առաջ սելավաջրերը բարձրացել ու լցվել էին հարակից տները:

Սելավատարների վարարումների պատճառը դրանց ոչ բարեկարգ վիճակն էր: Ըստ սահմանված կարգի` սելավատարի մաքրման աշխատանքներով պետք է զբաղվեն համայնքապետերը, սակայն համայնքային բյուջեն չունի միջոցներ աշխատանքների լիակատար իրականացման համար: Զուգահեռ նաեւ ջանքեր չեն գործադրվում պահպանելու նախկինում կառուցված սելավատարները, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Օրինակ` Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի համար Ողջի գյուղի վարչական տարածքում կառուցվել էին սելավատարի խողովակներ: Սակայն որոշ ժամանակ անց խողովակները առանց զգուշացնելու ապամոնտաժվել էին: «Մոտ 2000 մմ տրամագծով խողովակները ապամոնտաժեցին առանց մեր գիտության: Դա մեզ համար որպես ջրատար էր ծառայում: Խողովակների ապամոնտաժումը վատ հետեւանք ունեցավ մեր գյուղերի բնակիչների համար, որովհետեւ դրանք հանողը հաստատ չի բերելու, նորից դնի: Գոնե ինչ-որ ձեւով սելավատար կառուցվի: Երբ կային այդ խողովակները, ապահով էինք, հիմա վտանգը շատ մեծ է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

Սելավատարների խնդիրը Շիրակի մարզում նոր չէ: Հատկապես հայտնի են Արթիկի երկու սելավատարները, որոնք, նախորդ տարի վարարելով, լուրջ վնասներ հասցրեցին քաղաքին՝ մոտ 600 միլիոն դրամի չափով: Վարարման մեղավորների ցանկում նաեւ բնակիչներն են, որոնք սելավատարը հաճախ որպես աղբավայր են ծառայեցնում:

Այնպես որ, Շիրակի մարզում սելավատարների համակողմանի ոսումնասիրությունն ու կանխարգելիչ գործողությունների իրականացումն արդեն անհետաձգելի է:

Շուշանիկ Օհանյան
Շիրակ




Լրահոս