Հայաստանում դեռեւս ամբողջությամբ չի կիրառվում լաբորատոր հետազոտությունների պոտենցիալը. Մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան լաբորատոր հետազոտություններ, որոնք մեզ լավ ծանոթ են, սակայն դրանց պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում բժշկական պրակտիկայում, եւ դրանց կիրառման ոլորտը պարզապես անհրաժեշտ է ընդլայնել, քանի որ հաճախ ենք բախվում այնպիսի կլինիկական դեպքերի, որոնց պարագայում իրականացնելով պարզունակ լաբորատոր հետաազոտություն հնարավոր կլիներ խուսափել այս կամ այն բարդության առաջացումից: Կան այնպիսի ինֆորմատիվ հետազոտության տեսակներ, որոնք Հայաստանում դեռեւս հազվադեպ են նշանակվում, սական դրանք կկարողանային օգնել բարձր ռիսկի հղիների մոտ պտղի զարգացման հնարավոր պաթոլոգիաների վաղ ախտորոշման հարցում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սլավմեդ» ԲԿ լաբորատոր բաժանմունքի ղեկավար Անահիտ Մադոյանը:

Այդուհանդերձ, դրանք ի՞նչ հետազոտություններ են:

C-ռեակտիվ սպիտակուց (CRP)

Սա այն հետազոտություններից է, որը նշանակվում է երկարատեւ, քրոնիկական պաթոլոգիական վիճակների կամ դրանց հնարավոր բարդությունների գնահատման նպատակով: Մինչդեռ այս հետազոտությունը կարող է շատ օգտակար լինել, ինչպես վիրաբուժական պրակտիկայում, այնպես էլ սրտաբանության մեջ, նշում է Անահիտ Մադոյանը:

Ի՞նչ է C-ռեակտիվ սպիտակուցը (CRP)

Այն համարվում է բորբոքման սուր փուլի սպիտակուց եւ հիմնականում սինթեզվում է լյարդի, իսկ 7-8 տոկոսով՝ արյունատար անոթների պատերի բջիջների կողմից: Այս սպիտակուցի սինթեզը խթանվում է սուր բորոբոքային պրոցեսների եւ հյուսվածքների դեստրուկցիայի ժամանակ (վնասվածք, կոտրվածք, այրվածք կամ վիրահատություն):

Որո՞նք են C-ռեակտիվ սպիտակուցի ֆունկցիաները

CRP-ն լեյկոցիտները տեղափոխում է դեպի վնասված հյուսվածքներ, ակտիվացնում այս լեյկոցիտների կլանման հատկությունը, եւ դրանք սկսում են կլանել բոլոր օտար մարմինները: CRP-ն ակտիվացնում է նաեւ լիմֆոցիտները՝ դրանով բարձրացնելով օրգանիզմի իմունիտետը: Բացի այդ՝ CRP-ն կարող է հյուսվածքների դեստրուկցայի արդյունքում միանալ ազատված սպիտակուցների հետ, եւ դրանք դուրս բերել օրգանիզմից՝ պաշտպանելով ինտոքսիկացիայից: Եթե հյուսվածքների դեստրուկցիային, որպես երկրորդական բարդություն, միանում է բակտերիալ ինֆեկցիան, ապա CRP-ն կապվում է մեծ թվով բակտերիաների հետ՝ բերելով դրանց ոչնչացմանը:

CRP-ի կենսունակության տեւողությունը

CRP-ի կիսաքայքայման ժամանակահատվածը 19 ժամ է: «Այսքինքն՝ եթե ազդող ազդակը վերանում է, եւ չկա այլեւս հյուսվածքի դեստրուկցիա կամ երկրորդային ինֆեկցիա, ամեն 19 ժամը մեկ CRP քանակը կրճատվում է հիսուն տոկոսով։ Եթե պարզ բացատրեմ, ապա եթե վիրահատությունից անմիջապես հետո CRP-ն բարձրացել է մինչեւ 100 մգ/լ, ապա ուղիղ 19 ժամ հետո այն պետք է դառնա 50 մգ/լ, եւս 19 ժամ հետո կդառնա 25 մգ/լ, 57 ժամվա մեջ՝ 12, եւ արդեն 76 ժամվա մեջ՝ լրիվ նորմալ»,- ասաց Անահիտ Մադոյանը:

Բժշկի հավաստմամբ՝ CRP-ի այս հատկությունից ելնելով՝ եվրոպական պրակտիկայում վիրահատության երրորդ օրը տվյալ սպիտակուցի որոշման նպատակով նշանակվում է հետազոտության այս տեսակը: Եթե այն նորմայի սահմաններում է, ապա նշանակում է, որ բակտերիալ ինֆեկցիայի վտանգը փոքր է, եւ կարելի է հավելյալ հակաբիոտիկներ չնշանակել կամ չշարունակել հակաբիոտիկներով բուժման կուրսը, եթե ավելի վաղ նշանակվել էր: «Եթե 25-50 մգ/լ միջակայքում է, դա կոչվում է գորշ գոտի, այս դեպքում բուժող բժիշկը կա՛մ հիվանդին պահում է հսկողության տակ, կա՛մ հակաբիոտիկ է նշանակում, կա՛մ փոխում է հակաբիոտիկի տեսակն ու չափաբաժինը, եթե արդեն նշանակված է»,- ասաց նա։

Իսկ եթե CRP ցուցանիշները 50 մգ/լ-ից բարձր են, ապա սա միանշանակ հուշում է սեպտիկ բարդության մասին:

Ինչո՞ւ է սա այդքան կարեւոր հիվանդանոցների համար: Առաջին՝ հիվանդն ավելորդ հակաբիոտիկներ չի ընդունում, եւ երկրորդ՝ ընդամենը մեկ հետազոտությամբ հնարավորություն է անցկացնել հիվանդի վիճակի մոնիթորինգ:

Բժիշկը վերստին հիշեցրեց, որ CRP հետազոտությունն օգտագործվում է երկարատեւ, քրոնիկական բորբոքային վիճակների ախտորոշման համար, եւ նման վիճակների ժամանակ CRP ցուցանիշները կարող են ամիսներով ու տարիներով բարձր մնալ: «Հիմա պատկերացրեք, որ CRP-ն տարիներով արտադրվում է նաև արյան անոթների պատի բջիջների կողմից: Այդ պատը աստիճանաբար սկսում է ձեւափոխվել, դառնում է ավելի փխրուն, թափանցիկությունը բարձրանում է, որը բերում է նրան, որ արյան հոսքով շրջանառվող խոլեստերինը կուտակվում է վնասված անոթի պատի հաստության մեջ, իսկ պաի ներսի մակերեսին առաջացնում է խոլեստերինային վահանիկներ, որի հետեւանքով արյան անոթի պատը հաստանում է, լուսանցքը նեղանում է՝ բերելով աթերոսկլերոզի զարգացմանը», – ասաց նա։

Ինչպես նշեց Անահիտ Մադոյանը, Հայաստանում՝ սրտաբանները աթերոսկլերոզի զարգացման ռիսկերը գնահատելու համար հիմնականում նշանակում են խոլեստերինի մակարդակի որոշման թեստ, երբեմն նաև խոլեստերինի հետազոտություն՝ ֆրակցիաներով, բարձր կամ ցածր խտության լիպոպրոտեիններ, ինչը որոշակի ճշգրտություն է տալիս զարգացման ռիսկերի վերաբերյալ: Մասնագետի խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ եթե հիվանդի մոտ խոլեստերինը նորմայի մեջ է, իսկ CRP-ն բարձր, ապա աթերոսկլերոզի զարգացման ռիսկերն ավելի բարձր են, քան այն հիվանդների մոտ, որոնց մոտ խոլեստերինը բարձր է, սակայն CRP նորմայում, այսինքն՝ անոթի պատերը լավ վիճակում են:

«Հենց այս պատճառով ներկայումս ողջ աշխարհում վերանայվում է CRP հետազոտության դերը սրտաբանության մեջ, եւ բացի խոլեստերինի հետազոտությունը, նշանակվում է նաեւ CRP հետազոտության տեսակը, որը և տեղեկություն է տալիս դեռեւս առողջ բուժայցելուների սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկերի մասին, իսկ արդեն հիվանդների մոտ գնահատում է բարդությունների առաջացման ռիսկերը: Այն նաեւ հնարավորություն է տալիս գնահատել ինֆարկտի կրկնման վտանգը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Հայաստանում տեղեկատվության պակասի պատճառով՝ վիրաբուժության եւ սրտաբանության մեջ այս մարկերի դերը բժիշկների կողմից ունի որոշակի թերագնահատվածություն: Նա հավելեց աև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի լաբորատոր բաժանմունքը արդեն տևական ժամանակ է ինչ իրականացնում է հետազոտության այս տեսակը՝ վիրահատությունից հետո հիվանդների վիճակի գնահատման նպատակով:

Ինչպես փաստում է «Սլավմեդ» ԲԿ-ի լաբորատոր բաժանմունքի ղեկավարը , եւս մեկ քիչ օգտագործվող, սակայն անչափ կարեւոր հետազոտություն է հեմոստազի մարկերը՝ D-dimer:

Սա արյան մակարդելիության համակարգի ցուցանիշներից մեկն է, որը պրակտիկ բժշկության մեջ համարվում է թրոմբի առաջացման մարկեր:

Այն ձևավորվում է միայն ֆիբրինի քայքայման արդյունքում: Դ-Դիմեր քանակի ավելացումը արյան մեջ ցույց է տալիս, որ օրգանիզմում մեկնարկել է թրոմբագոյացման պրոցես: Այս հետազոտությունը շատ արագ դարձավ թրոմբոզի և ДВС-սինդրոմի հիմնական ախտորոշիչ մեթոդ:

«D-dimer-ը աճում է թրոմբի քայքայման արդյունքում եւ մնացյալ բոլոր մարկերներից տարբերվում է իր բացառիկությամբ, քանի որ ցույց է տալիս թրոմբոգոյացման և թրոմբոլիզի միաժամանակյա առկայությունը , քանի որ D-dimer-ի քանակը աճում է այն ժամանակ, երբ արյան մեջ արդեն թրոմբ կա»,- ասում է Անահիտ Մադոյանը:

Բժշկի խոսքով՝ ԱՄՆ-ում, օրինակ, կլինիկական ուղեցույցների համաձայն՝ D-dimer-ը մտնում է վերակենդանացման բաժանմունքի այն հիվանդների պարտադիր հետազոտության մեջ, որոնք անգիտակից վիճակում են: Սա արվում է թրոմբոտիկ բարդությունների գնահատման նպատակով:

Մակարդելիության և ֆիբրինոլիզի մյուս ցուցանիշների համեմատ Դ-Դ-ն

ունի իր բացարձակ առավելությունը՝ գոյանում է միայն այդ երկու պրոցեսի միաժամանակյա առկայության դեպքում: Դ-Դ-ի մակարդակը չի փոխվի առաջնային ֆիբրինոլիզի, դիսֆիբրինոգենեմիայի ժամանակ: Դ-Դ-ի քանակի վրա կարող են ազդել թրոմբի մեծությունը, կլինիկական երևույթների սկզբից մինչև անտիկոագուլյանտների նշանակման ժամանակահատվածը, անտիկոագուլյանտների և թրոմբոլիտիկների ընդունումը: Սա է պատճառը, որ Դ-Դ-ն ավելի նպատակահարմար է օգտագործել որպես թրոմբագոյացումը բացառող թեսթ:

Ի՞նչ դեպքերում է անհրաժեշտ D-dimer թեստ անցկացնել

Օրինակ՝ վիրաբուժության մեջ, եթե առկա է հիվանդի վիճակի անսպասելի վատթարացում, ապա կարելի է կասկածել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա: D-dimer-ը նաեւ շատ արագ է որոշում խորանիստ անոթներում թրոմբոզի առկայությունը: Սրտաբանության մեջ, եթե հիվանդի մոտ առկա է սրտի նոպա, ապա D-dimer-ը հնարավորություն է տալիս տարբերակել՝ դա ստենոկարդիա՞ է, թե՞ ինֆարկտ:

Մասնագետը հավելեց, որ D-dimer-ը պետք է պարտադիր նշանակվի բարձր ռիսկի խմբի հղիներին, քանի որ ակտիվ թրոմբագոյացումը կարող է բերել ընկերքի մանր անոթների խցանման, ինչի հետեւանքով պտղի սնուցումը կխախտվի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նա հավելեց, որ շատ հղիներ, որոնք հաշվառման են կանգնում «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատանը, իրենք են գալիս լաբորատորիա եւ խնդրում այս հետազոտությունը կատարել, անգամ առանց բժշկի նշանակման՝ ասելով, որ այս մասին կարդացել են եւ գիտեն, թե դա որքան կարեւոր է:

Եվս երկու հազվագյուտ, սակայն կարեւոր հետազոտություններ են՝

PAPP-ը եւ β ազատ գոնադոտրոպին հորմոնը

Սրանք օգտագործվում են հղիների սքրինինգային հետազոտությունների համար, այսինքն՝ հղիների ընդհանուր զանգվածից այն կանանց հայտնաբերման համար, որոնց մոտ բարձր է պտղի գենետիկ փոփոխությունների եւ պտղի զարգացման արատների վտանգը:

Ինչպես պարզաբանեց Անահիտ Մադոյանը, այս հորմոնների ցուցանիշների հիման վրա հղի կանայք հսկողության տակ են վերցվում եւ անհրաժեշտության դեպքում գենետիկ հետազոտության են ուղարկվում: Այս հորմոնների որոշակի ցուցանիշները կարող են վկայել պտղի մոտ Դաունի համախտանիշի հավանականության, մտավոր շեղումների կամ անատոմիական փոփոխությունների մասին, իսկ հայտնաբերված շեղումները հնարավոր է պարզել գենետիկ թեստի միջոցով:




Լրահոս