Կարկուտը սահմանամերձ Կոթի գյուղում անդառնալի հետևանքներ է թողել. ինչ վնասներ են կրել բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքն ամբողջությամբ ոչնչացել է: Կոթեցիների վկայությամբ` դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Նույն ժամանակահատվածում Կոթիի հարեւան սահմանամերձ Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը:

Բարեկամավանի վարչական շրջանի ղեկավար Ջոնիկ Միքայելյանի վկայությամբ` գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80, մյուս մասը` մոտ 30 տոկոսով: Կարկտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենայի ծածկը, գյուղի մի քանի առանձնատան ծածկեր: Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որի մեջ ընդգրկված են նաեւ Կոթին եւ Բարեկամավանը) ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին: Կ. Աբազյանն ասաց, որ կարկտահարության վնասները մեծ են, վնասների մասին Վ. Սուքոյանը հայտնել է կառավարություն:

Կոթիի ավելի քան 1000 հեկտար ամենաբերրի, հարթ հողերը գտնվում են սահմանամերձ, վտանգավոր գոտում, այդ պատճառով չեն մշակվում: 400 հեկտարի գարի ու ցորեն ցանելու համար կոթեցիները բանկերում վարկեր են վերցրել, հիմա չգիտեն, թե ինչպես պետք է մարեն դրանք: Կոթիի բնակիչ կա, ով վարկ վերցնելով` մոտ 20 հեկտար գարի է ցանել, այժմ մնացել է ձեռնունայն ու հուսահատ: Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները, ովքեր կարկտահարությունից մեծ վնասներ են կրել, կառավարությունից գործուն աջակցություն են սպասում: Տավուշի մարզում հակակարկտային կայաններ տեղադրված են միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում` Դեբեդի հովտում. Բերդի, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջաններում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մեծ մասում նման կայաններ չկան: Դեբեդի հովտում տեղադրված «Զենիթ» տեսակի հակակարկտային կայանները ուժեղ կարկտահարության դեպքում պտղատու այգիների եւ ցանքերի արդյունավետ պաշտպանություն չեն իրականացնում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս