«ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԵՆ». ԱԱԾ ՏՆՕՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված եւ գործունեության ընթացքում տեւական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ:
Արդյունքում Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր.«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առեւտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ: Բազմաթիվ առեւտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ որ առեւտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ»: Եվ ահա այս հայտարարության համար էլ նրան հրավիրել են ԱԱԾ:
Ինչեւէ, ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով այս օրերին ձերբակալությունների շղթային, հայտնեց.«Մենք հակված չենք սկսել ձերբակալություններ եւ մարդկանց նստացնել, մենք ավելի շատ հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե»:Ավելին` Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ գործով այն նախկին ու ներկա պաշտոնյաներից կլինեն հրավիրվածներ Քննչական վարչություն. «Եթե չեն կարողանա հստակ պատասխաններ տալ իրենց գործողությունների մասին, նրանք կներգրավվեն գործում որպես արդեն մեղադրյալներ: Խոսքը նախկին եւ ներկա պաշտոնյաների մասին է…» Նա ընդգծեց, որ չի կարող այս պահին ասել, թե կոնկրետ ՊԵԿ-ի որ պաշտոնյաների մասին է խոսքը. «Իհարկե, գիտեմ՝ ովքեր են, բայց դա հիմա չեմ հայտարարելու, քննություն է ընթանում: Ողջ մանրամասները չեմ կարող ասել: Մենք բաց ենք եւ թափանցիկ, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք: Եթե դրանից հետո կտեսնեք, որ թերացել ենք կամ գործել ենք օրենքից դուրս, այդ ժամանակ մեղադրանքներ ուղղեք»:
-ԱԱԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ խոշոր ընկերությունների կողմից կատարած ապօրինությունների մասով պետությանը հասցրած վնասի փոխհատուցման գործընթացը սկսվել է: Հիմա կոնկրետ կարո՞ղ եք ասել` կա՞ գումար, որ վերադարձրել են պետբյուջե:
-Թիվը կհրապարակի պետական եկամուտների կոմիտեն փորձագիտական հաշվարկներից հետո:
-Երբ ԱԱԾ բացահայտեց, որ խոշոր ընկերություններին պատկանող սուպերմարկետները ինչ ապօրինություններ են թույլ տվել, սկսվեց մի գործընթաց: Հիմա որ սուպերմարկետ մտնում ենք, գյուղմթերք չկա, չեն վաճառում: Ըստ Ձեզ` դուք լա՞վ բան արեցիք, թե՞ վատ բան արեցիք:
-Միանշանակ շատ լավ բան արեցինք:
-Մարդիկ չեն կարողանում իրենց տան մոտ գտնվող սուպերմարկետներից գյուղմթերք գնել, դա ճի՞շտ է:
-Գյուղմթերքը 11 սուպերմարկետում չի վաճառվում, գյուղմթերքը վաճառվում է գյուղատնտեսական շուկաներում, փոքր խանութներում, մնացած բոլոր փոքր խանութները վաճառում են, խոսքը գնում է մնացած 11 խանութների մասին, որոնք, այսպես, թե այնպես, գյուղմթերք չէին վաճառում, կամ կար քիչ քանակությամբ գյուղմթերք:
-Մայիսի 19-ին Դուք լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էիք, որ այդ ուղղությամբ հանձնարարություն եք տվել, որ ընդհանուր առմամբ հասկանանք բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնենք այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա: Մի մասի վրա ազդում են, որովհետեւ իրենց այնպես են ցույց տալիս, որ իրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է: Արդեն տեւական ժամանակ է անցել, կասե՞ք, որ քրեական հեղինակություններին եք առանձնացրել, որ իրենցով զբաղվեն: Ի՞նչ արեցիք, ինչպե՞ս զբաղվեցին իրենցով՝ կանչեցի՞ն, հարցաքննեցի՞ն, վախեցրեցի՞ն, կմանրամասնեք գործընթացը:
-Նայեք` ինչ եմ ցանկանում ասել. ինձ համար քրեական հեղինակություն հասկացություն չկա, կա քրեական օրենսգիրք, կա Հայաստանի Հանարպետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ քաղաքացի: Եթե այդ քաղաքացին խախտել է քրեական օրենսգիրքը, այսպես կոչված, կլինի քրեական հեղինակություն, կլինի շարքային մարդ, ինձ համար որեւէ տարբերություն չկա: Եթե, այսպես կոչված, քրեական հեղինակությունները կփորձեն հասարակության մեջ իրենց դրսեւորել լկտի, ցույց տալ իրենց առավելությունը, իրենց անպատժելիությունը, նրանք մեր ոստիկանության գործընկերների կողմից կարժանանան շատ խիստ վերաբերմունքի, որը դուք այս վերջերս տեսաք: Ազգային անվտանգության գործառույթի մեջ չի մտնում քրեական հեղինակություն կոչեցյալների հետ պայքարը: Իհարկե, մենք տեղեկացվում ենք այդ մարդկանց գործունեւթյան վերաբերյալ, առհասարակ, մարդիկ որոնք օրենքից դուրս են փորձում գտնվել, նրանք մշտապես գտնվում են մեր տեսադաշտում, բայց դա մեր գործառույթը չէ, դա ոստիկանության գործառույթն է, եւ իմ գործընկեր պարոն Օսիպյանը շատ վճռական է տրամադրված եւ բարձր մակարդակով, ես թույլ կտամ այդ գնահատականը տալ, անաչառ իրականացնում է այդ գործը:
-Կասե՞ք, որ քրեական հեինակություններին էիք առանձնացրել, անուններ տվեք:
-Անուններ չեմ կարող ասել:
-Ինչո՞ւ:
-Հիմա պատկերացնո՞ւմ եք` մեկի անունը ես տամ, ինչ է կատարվելու, առնվազն փախնելու են Հայաստանից:
-Բայց արդեն լուրեր կան, որ շատերը իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:
-Մեր ձեռքերը շատ երկար են, մենք կգտնենք, եթե կարիքը առաջանա, հավաստիացնում եմ Ձեզ, կգտնենք:
-Խոշոր ընկերությունների անուններ հրապարակվեց, ցանկը այսքա՞նն է, թե՞ էլի կան:
-Կան:
-Կոնկրետ կասե՞ք` ովքեր են:
-Շատ հայտնի ընկերություններ են:
-Կմանրամասնե՞ք:
-Չեմ կարող:
-«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ավտանգության ծառայությունը օրերս դիմում է ներկայացրել ՀՀ բոլոր բուհերի ռեկտորներին, որպեսզի նրանք ԱԱԾ-ին ներկայացնեն գարնանը քննաշրջանին մասնակցող ուսանողների անուն-ազգանունները: Արդյոք մեր տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ է ԱԱԾ-ն բուհերի ռեկտորներից պահանջել քննաշրջանին մասնակցող ուսանողների ցանկը:
-Չկա նման բան
-Վստա՞հ եք` ԱԱԾ-ն չի պահանջել բուհերից գարնանային քննաշրջանին մասնակցող ուսանողների ցանկը:
-Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նման բան չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Երեկ լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով չաշարահումներին, հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն եւս ուսումնասիրություններ է կատարում, եւ արդեն կան երկու դեպքեր, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ թե կոնկրետ որ ոլորտների հետ է կապված կամ արդյոք նախկին նախարարի գործունեւթյան հետ է կապված, նախարարը չմանրամասնեց` նշելով, թե այլ հարցեր տվեք:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեւթյան հետ կապված մի քանի հարցեր ուղղեց նախարարին:
-Պարո՛ն Ռոստոմյան, անցած տարի թեժ ամռան, ինչպես նաեւ մարդկային գործոնի արդյունքում անտառներ այրվեցին: Այս իրավիճակից խուսափելու համար ի՞նչ քայլեր եք իրականացնում կոնկրետ, կասե՞ք:
-Բավական լայնածավալ աշխատանք են սկսել կանխարգելելու ուղղությամբ:
-Կոնկրետ կասե՞ք` ի՞նչ լայնածավալ աշխատանքների մասին է խոսքը:
-Բոլոր սորաբաժանումների եւ ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներին, այլ համապատասխան ովքեր ներգրավված են ընդհանուր պաշտպանության հակահրդեհային գործընթացին, բոլոր այդ պրատակոլների քննարկում, ներդնում:
-Վստա՞հ եք, որ ձեր քննարկումները օգուտ կտան, որ ամռանը անցած տարվա նման փաստի առաջ չեք կանգնի:
-Արտակարգ իրավիճակների հետ չենք բախվելու, անտառ չենք կորցնելու:
-Ի՞նչ եք անում կոնկրետ գազալցակայանների մասով:
-Շարժական գազալցակայնները մեր կողմից ստացել են բացասական եզրակացություն: Այսինքն` շարժական գազալցակայան չի լինելու այն մասով, որը մեր գործառույթներն են, բայց վերջնական գործառույթները տեղական ինքնակառավարման մարմինների` ՏԻՄ-երի գործառույթների մեջ է:
-Իրար վրա գցելով` հարց չենք լուծի, հիմա դուք ի՞նչ քայլեր եք պատրաստվում ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացնել ոլորտի անվտանգությունը ապահովելու համար:
-Այսօր` խորհրդակցության ժամանակ, հանձնարականը տվել ենք աշխատակազմի ղեկավարին եւ պետական հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետին, որպեսզի իրենք կազմեն տարածքային նախարարին ուղղված նամակը, որում մենք խնդրում ենք տարածքային կառավարման նախարարին, որ հստակ հանձնարարականները իջեցվեն մարզպետներին, որպեսզի մարզերում իրենք զբաղվեն շարժական գազալցակայանների հսկողությամբ: Մեր խնդիրն այն է, որ շարժական գազալցակայանները գազի տեղափոխում իրականացնեն, չզբաղվեն առեւտրով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու: Հարցին, թե արդյոք քրեական տարրերը մասնակցություն չեն ունենա խորհրդարանական ընտրություններին, Օսիպյանը պատասխանել է. «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»: Նա նաեւ անդրադարձել է ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու հարցին. «Հնարավոր է` հունվարից բարձրացում լինի: Գործադիրում քննարկել ենք այն անձանց հետ, ովքեր լիազորված են»,-ասել է նա: Լրագրողներին հարցին, թե ովքեր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում, եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանել է. «Թույլ տվեք չասել` ովքեր են եղել, բայց շարունակական է լինելու մեր աշխատանքը: Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն ՀՀ-ում»:

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
Արձանագրվել են 2016-2017թթ. ընթացքում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Պարզվել է, որ 2016թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64 միլիոն 797 հազար 300 ՀՀ դրամ, իսկ 2017թ. հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38 միլիոն 152 հազար 600 ՀՀ դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, եւ վերը նշված գումարները չեն բռնագանձվել: Պարզվել է նաեւ` ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, եւ այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:




Լրահոս