«ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ ԱԱԾ-Ն ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼ ԴՊՐՈՑՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշանակման առաջին օրվանից նշել էր, որ կրթական հաստատությունների բոլոր այն տնօրենները, որոնց աշխատանքի մեջ չարաշահումներ կամ կոռուպցիոն դրսեւորումներ կհայտնաբերվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արայիկ Հարությունյանը շեշտել էր, որ նրանց հարցով պետք է իրավապահները զբաղվեն: Եվ այժմ, ինչպես հայտնի է, Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի հարցով նախարարը դիմել է ԱԱԾ: Արդյոք այլ բացահայտումներ են սպասվում, էլ ի՞նչ միջոցներով է պատրաստվում նախարարը կրթական ոլորտում կանխել կոռուպցիան, ի՞նչ ընթացքում են գտնվում ստուգումները, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվո՞ւմ է բուհերում ստուգումների, հնարավոր չարաշահումների հարցով։
-Մենք նման քննարկում չենք ունեցել։ Պարոն Սանասարյանի նշանակումը նոր է եղել, մենք առայժմ ստուգումները եւ վերահսկողությունն իրականացնում ենք մեր ստորաբաժանումների միջոցով։ Նման կարիք չի առաջացել։ Մենք պայմանավորվել ենք առաջիկայում հանդիպել, որպեսզի նախ կրկնակի աշխատանք չկատարենք այդ առումով, եւ երկրորդը` համագործակցենք, որովհետեւ դա շատ կարեւոր կառույց է՝ բացահայտումների առումով։
-Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում նախատեսո՞ւմ եք տնօրենների, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, որպեսզի նաեւ այդ ձեւով կանխվի կոռուպցիան, դրամահավաքությունը դպրոցներում։
-Կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունից էլ դուրս պետք է այս ուղղությամբ աշխատանք տարվի։ Եվ հիմա մենք քննարկում ենք ծրագրեր, որոնց արդյունքում համապատասխան վերապատրաստումներից հետո կլինի աշխատավարձերի բարձրացում, բայց դա պետք է ուղիղ կապ ունենա ուսուցիչների եւ մասնագետների որակի եւ հմտությունների հետ։ Կառավարության հետ կքննարկենք նաեւ այս ծրագրից դուրս հնարավոր սոցիալական խնդիրների լուծումը, բայց որոշակի բան այս պահին չեմ կարող ասել։ Դա կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ։
-Պարո՛ն Հարությունյան, մի դպրոցի դեպքով Դուք արդեն դիմել եք ԱԱԾ։ Այդ շարքն առաջիկայում շարունակվելո՞ւ է։
-Մյուսների մասով հիմա համապատասխան մարմինների կողմից մշակվում է ինֆորմացիան եւ անհրաժեշտության դեպքում կարծում եմ՝ մի քանիսի դեպքում կդիմենք։ Հիմա կոնկրետ նամակներ ունեմ, որտեղ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Մենք չենք ուզում ԱԱԾ-ով դպրոցներում եւ բուհերում ահ ու սարսափ տարածել, բայց բոլորը պետք է իմանան, որ օրենքն այլեւս գործում է: Եվ վերջին շաբաթներին կոռուպցիան եւ դրամահավաքը դպրոցներում զգալիորեն նվազել է: Սա մեր գործունեության, բացատրական աշխատանքների, օրենքին հղում անելու արդյունք է: Մենք նաեւ մոնիթորինգ ենք անցկացնելու «Արարատյան բակալավրիատ»-ում, քանի որ որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում եւ կհրապարակեմ։ Իմ հայտարարությունները` Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի հետ կապված, եղել են առայժմ քաղաքական, ինչի արդյունքը լինելու էր կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումը։ Այսինքն` ստեղծելու էին գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը: Խնդրել եմ ԿԳՆ աուդիտի բաժնին ուսումնասիրություններ կատարել նաեւ «Այբ» դպրոցում` այնտեղ եղած իրավիճակի հետ կապված:
-Կարծիք կա, որ եթե որոշվի շատերին տանել, իրավապահներին հանձնել, դա արդեն խնդիր կդառնա։
-Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է։
-ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ ինքը քաղաքական հալածյալ է։ Դուք՝ որպես ոլորտի ղեկավար, տեսնո՞ւմ եք ճնշում եւ հալածանք ռեկտորի հանդեպ։
-Ես ուրախ եմ, որ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռեկտորն ազատ է նման հայտարարություններ անելու։

 

 

 

ԹԻՄԻ ՀԵՏ ԵԿԵԼ ԵՆՔ, ԹԻՄԻ ՀԵՏ ԷԼ ԳՆԱՆՔ

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովհաննես Սահակյանի հետ հրաժարականի պատճառի եւ քաղաքական այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք ա՞յլ աշխատանքի եք տեղափոխվում:
-Ո՛չ:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հրաժարականի որոշումը:
-Դա բացառապես իմ անձնական որոշումն է բարոյական հարթության վրա: Որեւէ խնդիր չի եղել:
-Քանի որ երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց, Դուք չէիք պատկերացնո՞ւմ Ձեր աշխատանքը նոր կառավարության եւ նոր վարչապետի հետ:
-Ոչ թե չէի պատկերացնում, այլ մարդն իր քաղաքական թիմի հետ գալիս է իր ծրագրերով, մոտեցումներով..: Հիմա եղել է իշխանափոխություն, եկել են նոր մարդիկ եւ ունեն իրենց ծրագրերը: Եվ թիմի հետ եկել ենք, թիմի հետ էլ գնանք: Դա չի նշանակում, որ մենք հրապարակային դաշտից ենք դուրս գալիս, չի նշանակում, որ մենք որեւէ կերպ չենք օգնելու..: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկիրը, մեր պետությունը հաջողություն ունենա եւ գրանցի լավագույն արդյունքները: Դա որպես ՀՀ քաղաքացի, որպես պետական մտածելակերպի տեր մարդ ես դա ասում եմ:
-Իսկ հիմա Դուք որտե՞ղ եք Ձեր գործունեությունը ծավալելու:
-Մի քիչ կհանգստանամ, որովհետեւ բավական ծանր եւ բուռն շրջան ենք անցել. բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած էին, փորձել ենք լուծել: Շարունակելու եմ մնալ հրապարակային դաշտում, շարունակելու եմ ապրել մեր պետության սահմաններում: Ընդդիմադիր դաշտում մնալը չի նշանակում, որ չես կարող օգնել քո երկրի զարգացմանը: Հետեւաբար կյանքը չի սկսվում պաշտոնով եւ չի ավարտվում պաշտոնով:
-Մի քանի պաշտոնյաներ հայտարարել են ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Հնարավո՞ր է` Դուք էլ դուրս գաք, թե՞ դա բացառվում է:
-Նշեմ հետեւյալը. ես ՀՀԿ անդամ եմ 2001 թվականից: Շարքեր եմ ընդունվել Անդրանիկ Մարգարյանի հետ շփումից հետո: Շարունակելու եմ մնալ կուսակցության անդամ: Եվ այն գործընթացը, որ տեղի է ունենում այսօր, բնական է: Եթե կան մարդիկ, ովքեր դուրս են գալիս կուսակցությունից, դա իրենց անձնական որոշումն է, ի սեր Աստծո: Քննադատելու կամ որեւէ խոսք ասելու միտում չունեմ ես, բայց կարծում եմ` դա Հանրապետական կուսակցությանը պետք է, եւ կարող է հետագայում շատ ավելի լավ լինել: Առաջիկայում կա կառավարության ծրագրի հարցը, այսօրվա իշխանությունը նշել է նաեւ 1 տարվա ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Հետեւաբար, բավական հետաքրքիր ժամանակաշրջան է, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերն էլ ապագայի հետ կապված վերադասավորումներ են իրականացնում, որոշակի գործողություններ են անում, որպեսզի հասկանան, թե ուր են գնում եւ ինչպես: Ես կարծում եմ` խնդիր չի մեր` ընդդիմադիր դաշտում գործելը: Դա շատ հաճախ նաեւ օգտակար է քաղաքական ուժի համար:
-Հիմա սպասելո՞ւ եք աշխատանքի առաջարկի, թե՞ գուցե մասնավոր հատվածում աշխատեք, թեկուզ ժամանակավոր:
-Ես այս պահին դրա մասին չեմ մտածում: Կապ չունի` պաշտոն ունես, թե չունես, յուրաքանչյուր հայ մարդ պետք է օգնի, որպեսզի մեր պետությունը միշտ հաջողի:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով իշխանության ոչ հավասարաչափ բաշխման, այսինքն՝ սուպերվարչապետության համակարգի փոփոխման անհրաժեշտության մասին, ասել է. «Ժամանակն է, որ քննարկենք, որպեսզի իշխանությունը հավասարաչափ բաշխված լինի, որպեսզի պետությունը, երկիրը եւ իշխանությունը լինի կայուն եւ ծառայի երկրին ու ժողովրդին, ոչ թե առանձին անհատներին»: Նա շեշտել է, որ այդպիսի փոփոխության մասին ամիսներ առաջ խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմության ղեկավար էր, խոսել են հանրության եւ հասարակության շատ ներկայացուցիչներ: Եվ բնականաբար խոսքն այստեղ նաեւ հենց նախագահին տրված լիազորությունների վերաբաշխման մասին է, ի վերջո այժմ ամեն ինչ կենտրոնացված է վարչապետի ձեռքում: Բնական է, որ այս բոլոր փոփոխություններն արվել էին հենց Սերժ Սարգսյանի համար, ով մի քանի օր միայն զբաղեցրեց սուպերվարչապետի պաշտոնն ու համաժողովրդական շարժման ճնշման տակ հրաժարական տվեց: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն է այդ պաշտոնում, ով քննադատում էր այդ համակարգը, իսկապես փոփոխությունների ժամանակն է: Հավելենք, որ մայիսի 8-ին՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ՀՀ-ում չպետք է լինի սուպերվարչապետություն։ Սակայն այստեղ հետաքրքիր է նույն Արմեն Սարգսյանի դիրքորոշումը, երբ ամիսներ առաջ նա նշում էր՝ համաձայն չէ, թե քիչ լիազորություններ ունի, իսկ հիմա էլ խոսում է դրանք լայնացնելու անհրաժեշտության մասին:

 

 

ՆՌՆԱԿԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՀՔԾ
Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ. այդ մասին տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք` ապրիլի 16-ին` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, արդյունքում բեկորային վնասվածքներ ստացան մի շարք անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, նաեւ ոստիկանության 6 աշխատակից: Այս գործով նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:
Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ: Վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ Զինվորական Քննչական Գլխավոր Վարչության ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Ու հիմա, փաստորեն, գործը զինվորական քննչական վարչությունից տեղափոխվել է ՀՔԾ, քանի որ գործում ներգրավված են պաշտոնատար անձինք` ի դեմս ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի:




Լրահոս