ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԱԽՈՂՎԵԼ ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ըննդիմադիր դարձած Հանրապետական խմբակցության անդամների կողմից սկսվեց քննադատությունների շքերթ՝ բաժակաճառեր, բարի ցանկություններ, միայն նպատակներ եւ այլն: Ընդ որում` նույնիսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի կերպով մեղադրել էր գրագողության մեջ՝ ասելով, թե նման է նախորդ կառավարությունների ծրագրերին:

Մի մասն էլ մեղադրում էր թվային տվյալների բացակայության, ծրագրերի հերթականություն չունենալու մեջ այն դեպքում, երբ նախորդ կառավարությունների ծրագրերի դրույթներ այդպես էլ մնացել են միայն թղթի վրա եւ կյանքի չեն կոչվել: Ընդ որում` դեռ ՀՀԿ-ի կառավարության ծրագրերում եղել են կետեր եւ դրույթներ, որոնք ժառանգաբար Տիգրան Սարգսյանից փոխանցվել էին Հովիկ Աբրահամյանին, ապա նաեւ Կարեն Կարապետյանին:
Տիգրան Սարգսյանը թերեւս համարվել է ամենաձախողվածներից մեկը, եւ, բնականաբար, նրա ծրագիրն էլ գրեթե չի իրականացվել: Ընդ որում` կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ պայքարի մասին խոստումները կրկնվել են ծրագրից ծրագիր նույն ձեւակերպումներով: Տիգրան Սարգսյանն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսում էր մտածելակերպի փոփոխության մասին: «Վարքագծային կանոնների փոփոխություն, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան օրենքից վեր դասվելը տեղ չունեն եւ դատապարտելի են բոլորի կողմից», – այն ժամանակ նշել էր Սարգսյանը:
Նրա ղեկավարած կառավարության ծրագրում առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի վերամբարձ խոսքեր էին առկա: «Առաջին հերթին կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը, երկրորդ` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է լինելու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը, երրորդ` կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը»… սրանք խոսքեր էին հենց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրից:
Այդ ժամանակ իշխանությունները նախատեսում էին 8-10 տոկոսով կրճատել աղքատությունը, կանխարգելել արտագաղթը, զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր ապահովել, 100 հազար աշխատատեղ ստեղծել, գոնե կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, մատչելի պայմաններով տրամադրվող վարկերի ծավալներն ավելացնել, կոռուպցիան ծնող պատճառները վերացնել, խստացնել ընդերքի շահագործման վերահսկողությունը, Երեւանի կենտրոնում բացառել մեր նկարագրին անհարիր կառուցապատումը: Սակայն այս կետերին ընդամենը հայացք գցելով` արդեն ակնհայտ է, որ մեծ մասը չի կատարվել:
Իսկ Տիգրան Սարգսյանին հաջորդած Հովիկ Աբրահամյանը, ով մոտ երկուսուկես տարի զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը, մոտավորապես նույն խոստումներն էր տալիս: Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ պնդում էր, որ ցանկացած ոք կարող է բենզին ներկրել: «Որ որեւէ մեկին չի սահմանափակում, որեւէ ընկերություն, որ ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրումով, կարող են ներկրել եւ զբաղվել այդ բիզնեսով», – ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել էր Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագրում էր եռամյա ծրագրով տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, աղքատությունը 35-ից դարձնել 25 տոկոս։ Մյուս բոլոր առումներով Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չէին տարբերվում. նույն շաբլոն խոսքերն ու խոստումներն էին: Ավելին՝ այստեղ կարելի էր հանդիպել նաեւ դրույթների, որոնք նախկին կառավարության ծրագրերի տառացի կրկնությունն էին՝ «copy-paste» սկզբունքով:
Սակայն ցանկություններն ու արդյունքներն իրար առհասարակ չեն համընկել: Մասնավորապես Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ժամանակներում տնտեսական աճը 2013-ից ի վեր չի անցել 4 տոկոսը՝ տատանվելով 3-ից 3.5-ի շրջակայքում, աղքատության ցուցանիշը թեեւ վերջին տարիներին նվազել է, սակայն չի իջել 30 տոկոսից, գործազրկությունն աճում է, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է՝ խոստացված 65 հազարի փոխարեն։
Եվ միայն Կարեն Կարապետյանին, ով ստիպված էր անդրադառնալ նույն պնդումներին, հաջողվեց 7.5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Բայց սա էլ խիստ վիճարկելի թիվ է, քանի որ 2016թ. տնտեսական աճը եղել է գրեթե զրոյական, ու դրանից հետո ցանկացած փոփոխություն մեծ առաջընթացի տպավորություն էր թողնում: Ասել է թե` համեմատության բազան եղել է անհամեմատելի:
Ընդգծենք, որ վերջին երեք կառավարության ծրագրերից ամենաշատ կողմ քվեներին արժանացել է հենց Կարեն Կարապետյանի ծրագիրը, որն ընդունվել էր 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրին 2014 թվականին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, իսկ 2013-ին Տիգրան Սարգսյանի ծրագրին՝ 76 պատգամավոր։ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրն ամենաշատ դեմ քվեներն է ստացել այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի ծրագրերին քաղաքական որոշ ուժեր պարզապես չէին քվեարկել։
Տիգրան Սարգսյանը հայտնվել էր բավական ծանր դրության մեջ, քանի որ նրա կառավարության ծրագիրը խստագույն քննադատության էին ենթարկել խորհրդարանական չորս խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Ընդդիմությունը շատ խիստ էր գտնվել Սարգսյանի հանդեպ: Ինչպես բնորոշել էր պատգամավոր Ալիկ Արզումանյանը, այդ ծրագրի փոխարեն կարելի էր բաժակաճառերի հատորյակ բերել խորհրդարան եւ տարբերությունը մեծ չէր լինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ

Նախօրեին երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում` Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք, մագնիտուդը` 4.3 բալ ուժգնությամբ: Այն զգացվել է Վանաձոր քաղաքում 5-6 բալ, Գյումրիում` 3-4 բալ, Երեւանում՝ 3 բալ: Երկրաշարժ գրանցվել էր նաեւ Ադրբեջանում, որը զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում: Բացի այդ, եւս երկու երկրաշարժ էլ երեկ է գրանցվել` վաղ առավոտյան ու երեկոյան, Բավրա գյուղում` 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:

Սա լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Մարդիկ մտահոգված են` արդյոք երկրաշարժերը շարունակական բնույթ կկրեն, արդյոք մեծ է ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը, արդյոք սեյսմակայուն են այսօր Հայաստանի բազմաբնակարան շենքերն ու շինությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության գծով նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տվյալները մշակվում են, եւ այս պահին որեւէ բան ասելը սխալ կլինի ու հապճեպ կստացվի: «Փաստորեն երեք երկրարշարժ ունեցել ենք, ճիշտ է, մեկը Ադրբեջանում էր, երկուսը` մեր հանրապետությունում, բայց մարդիկ զգացել են, անհանգիստ են, դա հասկանալի է: Բայց ըստ «Սեյսմիկ պաշտպանության» մասին ՀՀ օրենքի` ուժեղ են համարվում 5.5 մագնիտուդ եւ ավելի երկրաշարժերը: Իսկ Սպիտակինը` 4.3 մագնիտուդը, ուժեղ չի համարվում, չնայած որոշակի անհանգստություն մարդկանց պատճառել է: Մենք տվյալները մշակում ենք, որպեսզի հասկանանք հետագա սցենարը, թե ինչպիսին կարող է լինել սեյսմիկ ռեժիմի զարգացումը»,- ներկայացրեց Պետրոսյանը: Մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ ավերածությունների կամ տուժածների մասին տվյալներ չկան: «Բայց սպասում ենք, որովհետեւ որոշակի ժամանակ է պետք վնասները պարզելու, ճշտելու համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Նկատենք, որ բնակիչների մեծ մասը վստահ է, որ երկրաշարժը կապված է եղանակային պայմանների հետ: Սակայն մասնագետը անմիջապես հայտարարեց, որ եղանակային պայմանները որեւէ առնչություն չունեն երկրաշարժերի հետ: «Մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում, մեզ մոտ լինում են բազմաթիվ երկրաշարժեր, բայց բնակչությունը զգում է միայն դրանց փոքր մասը: Ամեն երկրաշարժ իր ուժի չափով թուլացնում է երկրակեղեւում կուտակված լարվածությունները: Եւ ամեն երկրաշարժի հետ որոշ չափով` թեկուզ շատ փոքր, բայց տեղի է ունենում լիցքաթափման պրոցես: Հավանաբար սա երկրաշարժի միակ դրական կողմն է»,- բացատրեց մասնագետը` հայտնելով, որ երկրաշարժի կրկնվելու մասով առայժմ չի կարող բան ասել, քանի որ դա բավականին բարդ աշխատանք է: Զրույցի ավարտին նա խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, քանի որ խուճապի հիմքեր չկան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԵՌ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Նոյեմբերյանի բնակիչները, տարածաշրջանի սարերից նայելով դեպի Լոռի, տեսնում են Թեղուտի ավերված անտառները եւ սարերը, բացված հանքերը, ուր այժմ աշխատանքները դադարեցված են: Դա հանքարդյունաբերության հանդեպ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել: 2018թ. մարտին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում էր 2018-2021թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության բողոքի արդյունքում ընկերությունը հրաժարվեց Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում նախատեսված այդ աշխատանքներից: Մայիսի 30-ին կայացած խոշորացված Նոյեմբերյանի համայնքի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ մետաղական հանքեր շահագործելու արգելքին: Համայնքի երիտասարդները նախաձեռնել էին այդ աշխատանքների դեմ ստորագրահավաք, հանրագրի տակ ստորագրել էր համայնքի 3074 չափահաս քաղաքացի: Ավագանու անդամները հայտարարեցին` համայնքի բնակիչները համոզված են, որ Նոյեմբերյանի տարածքում հարկ է զարգացնել էկոտուրիզմ, հողագործություն, անասնապահություն, որոնք անհամատեղելի են մետաղական հանքերի շահագործման հետ: Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 184 հոդվածի 3-րդ մասը, ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Որոշումն ընդունվեց 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Նիստում ավագանու անդամներից ոմանք հարցրին, թե ընդունվելիք որոշումն իրավաբանորեն անխոցելի՞ է, այն հետո կառավարության կողմից կարո՞ղ է անվավեր համարվել:
Ֆեյսբուքում ավելի քան 11 հազար անդամ ունեցող «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խմբի ադմինիստրատոր Սուրեն Անանյանը եւս մտահոգված է. «ՀՀ Սահմանադրության 183 հոդվածն ամրագրում է. «Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»: Այսինքն՝ այս տարբերակն ավելի ամուր իրավական հիմքեր կարող է ստեղծել՝ որպես ուղիղ ժողովրդավարության դրսեւորում, քան ստորագրահավաքի արդյունքում կայացված որոշումը: Հետեւապես, հավանական իրավական բարդություններից խուսափելու համար լավ կլինի խորհրդակցել իրավաբանների հետ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս