ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏԵՎԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել: Նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այս վերջին դեպքն ինքնին ուշագրավ է, քանի որ Աղվան Հովսեփյանը եղել է նորանկախ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցած գործիչներից մեկը: Նախ` ժամանակին լինելով դատախազ` նա առնչվել է 1988թ. Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հարուցված քրեական գործին: Բայց Աղվան Հովսեփյանի դերակատարությունն ահռելի էր հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա ՀՀ գլխավոր դատախազն էր, ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը: Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց: Եւ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը, Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. չի բացառվում, որ կապված է այդ հանգամանքի հետ:
Հանուն արդարության մեկ փաստ էլ. Աղվան Հովսեփյանը, դառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, համեմատաբար ավելի դրական լույսի ներքո էր գործում:

 

 

 

Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Դատարանի նախագահի 15 թեկնածուների ընտրության ժամանակ ձայները բաշխվել է այնպես, որ երկուական քվե (իսկ դա եղել է առավելագույն քվեն) ստացել են դատավորներ Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը: Արդեն հաջորդ փուլում Ասատրյանը ստացել է 3, Ավետիսյանը՝ 4 ձայն: Միայն թե, նկատենք, որ ԱԺ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար ԲԴԽ-ում թեկնածուն նախ պետք է հավաքի 6 քվե: Չի բացառվում՝ հենց Սերժիկ Ավետիսյանն էլ արդեն երրորդ փուլում ստանա 6 քվեն, միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգում արդեն խոսակցություններ են սկսվել, թե ինչպես կարող է Ավետիսյանը զբաղեցնի այդ կարեւոր պաշտոնը, եթե ժամանակին վերաքննիչ դատարանում նա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի դեպքերով շինծու քրեական գործը քննած դատավորներից մեկը: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը 2010թ. անփոփոխ էր թողել Փաշինյանի դատավճիռը` նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի ԳԱԱ Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը: ԳԱԱ-ն այս հարցով հունիսի 8-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի դատավոր Ռուբեն Ափինյանը: Նշենք, որ հիմնադրամի տնօրենը գեներալ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանն է: Նա հիմնադրամը հիմնադրել էր դեռ 2003 թվականին: Սակայն, ինչպես պարզեցինք հիմնադրամի՝ վերջին տարիներին ներկայացրած հաշվետվություններից, 2013 թվականից այն գրեթե չի գործել. ֆինանսական մուտքեր չի ունեցել, գումարներ չեն ծախսվել, ծրագրեր չեն իրականացվել: Ասել է թե` հիմնադրամի գոյությունը վերջին տարիներին եղել է սիմվոլիկ:

 

 

 

Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր: Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է եւ կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին պարտքի մասին է, եւ ԿԲ պարտքը: Տեղի ունեցածը, թերեւս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ:

 

 

 

ԱՇԽԱՐՀԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մթնոլորտ է փոխվել, եւ հիմա քաղաքացիները բարձրաձայնում են տարիներ շարունակ կուտակված խնդիրները, որոնց մասին նախկինում գերադասում էին չխոսել` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Ոմանք` վախենալով հաշվեհարդարից ու հետապնդումներից, ոմանք մտածում էին, որ, միեւնույն է, իրենց ձայնը տեղ չի հասնի, ու գերադասում էին լռել:
Հիմա, ընդհակառակը, մարդիկ պահանջում են բոլոր այն պաշտոնյաների հրաժարականը, որոնցից մինչեւ հիմա դժգոհ են եղել՝ լինի քաղաքապետ, թե դատախազ, դպրոցի, թե մանկապարտեզի տնօրեն: Հերթը հասել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ում հրաժարականը արդեն մի քանի օր է՝ պահանջում են մի խումբ անձինք` պարբերաբար բողոքի ցույցեր ու երթեր անցկացնելով:
Բայց եթե քաղաքացիների կողմից քաղաքացիական անձ հանդիսացող պաշտոնյաների հրաժարականի պահանջն իրավաչափ է, տրամաբանական (ընդ որում` այդ բոլոր հարցերը կանոնակարգված են սահմանադրությամբ եւ օրենքներով), ապա նույնը չես ասի կաթողիկոսի հրաժարականի պահանջի դեպքում: Ի վերջո, աշխարհիկ իշխանությունը ձեւավորվում է քաղաքացիների ընտրության արդյունքում (այլ հարց, որ նախկինում այդ ընտրության արդյունքները չեն համապատասխանել մարդկանց իրական տրամադրություններին, եւ հենց դա հանգեցրեց թավշյա հեղափոխության): Նույնը, սակայն, չես ասի հոգեւոր իշխանության դեպքում. կաթողիկոսին ընտրում են ոչ թե քաղաքացիները, այլ ազգային եկեղեցական ժողովը: Թեեւ այնտեղ նաեւ աշխարհական մարդիկ կան, բայց նրանք ընտրվում են եկեղեցական համայնքներից: Հետեւաբար, քաղաքացիների կողմից կաթողիկոսին ներկայացված հրաժարականի պահանջը, մեղմ ասած, իրավաչափ չէ: Էլ չենք ասում այն մասին, որ չկան նման պահանջ ներկայացնելու եւ այդ պահանջը կատարելու սահմանադրաիրավական կարգավորումներ:
Այլ հարց, որ կաթողիկոսի դեմ դուրս գային հոգեւորականները՝ սարկավագ ու քահանա, եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս` պահանջելով նրա հրաժարականը: Այդ դեպքում հարցը կքննարկվեր ու կլուծվեր կանոնական մարմինների միջոցով:
Ինչ վերաբերում է կաթողիկոսի դեմ մարդկանց դժգոհություններին, ապա նկատենք՝ սա միանգամայն արդարացված է: Իր գահակալության տարիներին Գարեգին Երկրորդն այնքան էլ չարդարացրեց մարդկանց ակնկալիքները, երբ լարված իրավիճակներում հաճախ զորավիգ էր լինում օրվա իշխանություններին, այլ ոչ թե հասարակությանը: Ու հիմա վերջին օրերի իրադարձություններից նաեւ կաթողիկոսը պետք է հետեւություններ անի` փոխելով վերաբերմունքը, մոտեցումները:




Լրահոս