Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջնահերթություններից մեկը հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ արդեն սկսել են տեսանելի քայլեր անել: Ապացույցը ոստիկանության եւ ԱԱԾ վերջին բացահայտումներն են: Միայն թե, նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը Հայաստանում տանում է ոչ թե համակարգված, այլ հատվածական: Մինչդեռ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում են մասնագետները, դեռ 2015թ. Հայաստանում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը, կառավարության որոշման համաձայն, վարչապետն է: Կառավարության 2015թ. փետրվարի 19-ի 165-Ն որոշման համաձայն` նաեւ նախատեսված է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները: Սակայն նախորդ կառավարության օրոք այդ փորձագիտական հանձնախումբը, դեռ լիազորություններն ամբողջությամբ չստանձնած, լուծարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ Հայաստանում առավել արդյունավետ կլինի փորձագիտական հանձնախմբի վերականգնումն ու աշխատեցնելը, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հանդիպի խմբի անդամների հետ: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրավված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»:
ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նույնիսկ նշված էր, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, շեշտված էր հատկապես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Օհանյանը պնդել է, որ իրեն որեւէ մեկը հարցաքննության չի հրավիրել: «Այդպիսի բան չի եղել… Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է»,- նշել է նախկին նախարարը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում Օհանյանին ոչ թե հարցաքննել են, այլ հրավիրել են հարցաքննության, պարզապես ծանուցագիրը դեռ ճանապարհին է, տեղ չի հասել: Ենթադրվում է, հենց այսօր էլ նրան կհասնի ծանուցագիրը, ու նախկին նախարարը կգնա հարցաքննության:
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, եւ նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»: Նա նաեւ խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Իսկ որ ամենաուշագրավն է, թավշյա հեղափոխության մասին խոսելիս Թամամյանն ասել է.«Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց»:
Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ պետական պահուստները մայիսին կազմել են 2 մլրդ 7,8 մլն դոլար, մինչդեռ մեկ ամիս առաջ միջազգային պահուստները 2 մլրդ 39.3 մլն դոլար էին, իսկ տարեսկզբին՝ 2 մլրդ 286.9 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, նախկին իշխանությունն իր պաշտոնավարման վերջին օրերին անխնա ծախսել է միջազգային պահուստները՝ փորձելով արհեստականորեն կայունացնել տնտեսության վիճակը: Համենայն դեպս, այդ մասին է վկայում պահուստների նվազման դինամիկան, երբ այդ գումարները պակասել են ամսեամիս:
ՀԻՆ ԽԱՍՅԱԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Դաշնակցությունը կրկին տարերքի մեջ է. իրենց վաղեմի սովորության համաձայն` «կողմ ըլլալով դեմ կբոռան»: Այս անգամ «դեմ կբոռան» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման կապակցությամբ: Հիշում եք՝ կառավարության վերջին նիստում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը բացահայտ ընդվզեց այս համակարգի դեմ` արդյունքում արժանանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատինքին: Հիմա վարչապետ-նախարար բանավեճին խառնվել են Մինասյանի կուսակցական ընկերները. ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են եւ հասնելու են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի չեղարկմանը: «Մենք կողմ չենք լինելու այդ գործընթացին: Մեկ տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի հետ կապված, համարելու ենք, որ հարցը չի լուծվել։ Մենք պայքարելու ենք, գնալու ենք նրան, որ պարտադիր բաղադրիչն ի վերջո հանվի»,- երեկ ասել է նա:
Դաշնակցությունն իհարկե այս օրերին կփորձի ձեւանալ սկզբունքային քաղաքական ուժ, որն իշխանության մաս կազմելով հանդերձ` շարունակում է դեմ արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Միայն թե, ինչպես հայտնի հերոսն էր հորդորում իր «գործընկերոջը», «Շուրա՛, գնացեք Կիեւ, եւ հարցրեք՝ ո՞վ էր Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը»: Հիմա ՀՅԴ-ի պարագայում է` «թերթե՛ք մամուլի արխիվը, եւ կիմանաք՝ ո՞վ էր ՀՅԴ-ն մինչեւ հեղափոխությունը»:
Իսկ ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը ժամանակին ոչ միայն կողմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, այլեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում եղել է ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, կառավարության նոյեմբերի 13-ի նիստում ընդունվել էր 1487-Ն որոշումը, որով հաստատվել էր «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում:
Այն ժամանակներից շատ ջրեր են հոսել: ՀՅԴ-ն էլ մտափոխվել է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՅԴ-ն այդպես էլ այս ծրագրին չի ընդդիմացել ու բացահայտ դժգոհություն չի հայտնել ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկեր եղած ժամանակ: Մինչդեռ հիմա նրանք բացահայտ դեմ են արտահայտվում: